Բաքվին պարտադրվեց զինադադարի համաձայնություն․ Ինչ պետք է անի հայկական կողմը

The Lions of the Mountain - The Republic Artsakh defense army

Բաքվին պարտադրվեց զինադադարի համաձայնություն․ Ինչ պետք է անի հայկական կողմը

17.10.2020 | Քաղաքականություն |

ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Զինադադարի մասին հայտարարությունից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում: Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության կարևորությունը», ասվում է հաղորդագրության մեջ:

Բաքուն հոկտեմբերի 10-ին համաձայնել էր մարդասիրական հրադադարին, սակայն պահպանեց ընդամենը 5 րոպե։ Թե որքան կպահպանվի ներկայիս զինադադարը՝ դժվար է ասել։ Պետք է նկատի առնել, որ թե նախորդ, թե այս անգամ Ալիեւը համաձայնության գնաց հայկական բանակի հերոսական դիմադրությունից եւ Գյանջայի իրադարձություններից հետո։ Բացի այդ, նախօրեին նա դժգոհել էր Հայաստանի սպառազինության համալրման կապակցությամբ, ինչը երեւում է անակնկալ էր հայկական բանակը մաշելու Բաքվի մարտավարության տեսանկյունից։

Կասկած չկա, որ Բաքվին պարտադրվել է այս համաձայնությունը, ինչ էլ հիմա հայտարարի Ալիեւը։ Բանն այն է, որ Բաքուն պատերազմը կանգնեցնելու պատճառ չուներ թե իր հռչակած նպատակների, թե Թուրքիայի քաղաքականության պատճառով։ Զուր չէ, որ Բաքվի ԱԳՆ խոսնակը թուրքական ԶԼՄ-ներին ասել է, որ զինադադարը չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում։ Իր հերթին, Թուրքիան ձգտում է մասնակցել կարգավորմանն այս կամ այն ձեւաչափով, եւ համենայնդեպս մոսկովյան փաստաթղթում դա մերժվել է։ Արդյոք Թուրքիային «համոզել» են Մինսկի խմբի ձեւաչափը լրացնող Թուրքիա-Իրան-Ռուսաստան նախաձեռնությամբ, որի մասին հայտարարել էր Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Բաքվին էլ՝ Լավրովի պլանով։

Գալով հայկական կողմին, պետք է նկատի առնել, թե ինչ է նշանակում առարկայական բանակցություններ։ Եթե դա Լավրովի պլանն է, որը նա հայերի հանդեպ արհամարհական ձեւով, Մարգարիտա Սիմոնյանի երջանիկ հայացքի տակ ներկայացնում էր Բաքվին, այն պաշտոնական Երեւանը մերժել է։ Իր հերթին, պարզ չէ, թե զորքերի սահմանազատումն ինչ սկզբունքով է կատարվելու, եւ արդյոք հայկական կողմը դրել է պահանջներ, այն պայմաններում, երբ ՌԴ նախագահ Պուտինը Ալիեւի հետ հեռախոսազրույցում «պարզաբանել» էր մոսկովյան համաձայնության որոշ դետալներ։

Հայաստանի համար «առարկայական բանակցությունը» պետք է լինի 1994 թ․ զինադադարի պայմանագրով սահմաններին վերադառնալը եւ զինադադարի խախտման համար Ադրբեջանի պատասխանատվությունը։

The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

lragir.am/2020/10/17/590053/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail