Բաքուն երկրորդ անգամ չի պահում զինադադարի պայմանավորվածությունը – Այլ տարբերակ Բաքուն չի թողել․ Ինչ է սպասվում

The Lions of the Mountain - The Republic Artsakh defense army

Բաքուն երկրորդ անգամ չի պահում զինադադարի պայմանավորվածությունը – Այլ տարբերակ Բաքուն չի թողել․ Ինչ է սպասվում

18.10.2020 | Ներքին կյանք |

Բաքուն երկրորդ անգամ չի պահում զինադադարի պայմանավորվածությունը, եւ դա հասկանալի է՝ ինչպես նշել էինք նախորդ հոդվածում, Բաքուն որեւէ պատճառ չունի պատերազմը դադարեցնելու համար, քանի որ չի հասել իր հռչակած նպատակներին։ Մյուս կարեւոր հանգամանքը Թուրքիան է, որը ձգտում է դառնալ հավասար խաղացող Հարավային Կովկասում, որի համար անհրաժեշտ է նրա ներգրավվածությունն այսպես կոչված կարգավորման գործընթացում։ Բացի այս հանգամանքներից, Բաքուն հայտարարում է, որ իր կորուստների մասին կխոսի պատերազմից հետո, եւ այս ընթացքում, երբ Ադրբեջանում մեծանում են խուճապային տրամադրությունները, դիակների դուրսբերումն ավելի կխորացնի այդ խուճապը։ Ապշերոնյան հանցախմբի պարագլուխը ցանկանում է կորուստների մասին խոսել «հաղթանակի» համատեքստում, դրանք արդարացնելու համար։

Զինադադարի պայմանավորվածությունից անմիջապես հետո Բաքվի ԱԳ նախարարը խոսել է Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որի ժամանակ շնորհակալություն է հայտնել Անկարայի դիրքորոշման համար։ Դա նշանակում է, որ Թուրքիան ըմբռնումով է մոտենում զինադադարի պայմանավորվածությանը, միաժամանակ պատերազմը շարունակելու խոստումով։ Իր հերթին, Բաքվի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ զինադադարը չի նշանակում, որ պատերազմը չի շարունակվելու, եւ իրենք չեն ազատագրելու հողերը։

«Հենց այդ էլ ուզում էինք լսել», արձագանքել է ՀՀ ՊՆ խոսնակը: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ը տարածել է հայտարարություն, որում ասվում է․ «Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»:

Ալիեւը նույնպես խոստովանել է զինադադարը խախտելու հանգամանքը, ասելով, թե իրենց փորձում են ստիպել դադարեցնել պատերազմը։ Խաղաղություն պարտադրելու նախորդ երկու փորձերն, այսպիսով, ապարդյուն են անցել; Ի՞նչ ռեսուրս ունի Հայաստանը երրորդ եւ վերջնական պարտադրանքի համար, բացի զինված ուժերի հնարավորություններից։ Դրա համար կան մի շարք հանգամանքներ՝ Ադրբեջանի եւ ահաբեկության նույնացումը, որը տարածում գտավ ոչ միայն միջազգային ԶԼՄ-ներում, այլեւ պաշտոնական մակարդակներում, Արցախի միջազգային ճանաչման գիծը, հայկական դիվանագիտության կողմից հայկական հաղթանակի լայն ընդգրկման՝ Ռուսաստան-Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունների թնջուկում համարժեք պատկերացումը եւ այլն։

Սակայն այս պայմաններում առաջնահերթն իհարկե հայկական զինուժի գործողություններն են, այնպիսի իրավիճակ ստեղծելով, որ բացառվեն պատերազմի հետագա հնարավորությունները։ Այլ տարբերակ Բաքուն չի թողնում։

Վաղը ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստում քննարկվելու է Ղարաբաղի հակամարտությունը։

The Lions of the Mountain – The Republic Artsakh defense army

lragir.am/2020/10/18/590138/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail