Հարձակում Խուդաֆերինի ուղղությամբ․ ինչ է կատարվել ջրամբարի շուրջ
18.10.2020 | Արցախ | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Ալիեւն արդեն երկրորդ անգամ հրադադարի է համաձայնվում, բայց Անկարայից զանգից մի քանի րոպե անց փոխում որոշումն ու նորից մսաղացի ուղարկում հարյուրավոր երիտասարդների։ Նման վարքագիծն արդեն կասկած չի թողնում, որ իրականում Էրդողանն է մարտի ուղարկում ադրբեջանցի զինվորներին ու վարձկաններին՝ հազարավոր մարդկանց մահվան մեղքը թողնելով Ալիեւի վրա։
Անկարայում արդեն արձակվել է Ալիեւի քաղաքական մահվան դատավճիռը, եւ Թուրքիան անհամբերությամբ սպասում է պահին, երբ կվերցնի Ադրբեջանը։ Թուրքիային պետք չէ Ղարաբաղը, Էրդողանը կռվում է Ադրբեջանի համար։ Արցախի հաղթանակը պատերազմում կդառնա այդ գոյացության վերջը, եւ հիմա տարածաշրջանային տերություններն արդեն հերթի են կանգնել։
Զուր չէ, որ հրադադարի ստորագրման հաջորդ օրը Ադրբեջանը փորձում է գրավել Խուդաֆերինը։ 2016 թվականին Իրանն ու Ադրբեջանը, նախքան ապրիլյան պատերազմը, համաձայնագիր էին ստորագրել Խուդաֆերինի ՀԷԿ-ի համատեղ օգտագործման մասին։ Այն ժամանակ փորձագետները գրում էին, որ Իրանը կարծես ընտրություն է տալիս Ալիեւին՝ կարող ես գրավել Խուդաֆերինը, կաշխատենք քեզ հետ, չես կարող, կսկսենք համագործակցել հայերի հետ։
Ապրիլյան պատերազմի ընթացքում Ալիեւը չկարողացավ լուծել այդ հարցը։ 2020 թվականի մարտի 5-ին Ալիեւը նորից այցելեց Իրան ու նորից խոսք եղավ Խուդաֆերինի մասին։
Դատելով այն բանից, որ Ալիեւն արդեն հրադադարից հետո որոշել է գրավել ջրամբարը, Իրանը չի փոխել դիրքորոշումը եւ կաշխատի այն կողմի հետ, որն այդ տարածքում կհաստատի իր իրավազորությունը։
Ալիեւի համար դա իրոք դատավճիռ է։ Վերջնական հրադադարի հաստատման, վերիֆիկացիոն մեխանիզմների ու նոր սահմանների հաստատման դեպքում ջրամբարը կարող է դառնալ Իրանի ու Արցախի համագործակցության օբյեկտը։
lragir.am/2020/10/18/590199/