Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը. ՏԻՐԱՆ ՀԱՅԿԱԶՆ

education
Հայե՛ր, գիտե՞ք որ մեզ հայտնի առաջին հայ գիտնականը քերական ու հռետոր ՏԻՐԱՆ ՀԱՅԿԱԶՆ է (Տիրանիոն)։ Նա ապրել ու ստեղծագործել է աշխարհահռչակ հայ իմաստասեր ու հռետոր Պարույր Հայկազնից (Պրոերեսիոս) շուրջ 400 տարի առաջ։

Ծնվել է Ք.ա. 1-ին դարում՝ Փոքր Ասիայի Ամիսոս (ներկայումս՝ Սամսուն) քաղաքում։ Նրան անվանում էին «այր բազմահմուտ եւ իմաստուն»։ Պլուտարքոսը հայտնում է, որ հայ-հռոմեական պատերազմի (Ք․ա․ 69-66 թթ․) ժամանակ Լուկուլլոսը նրան գերեվարել է Հռոմ։ Այնտեղ էլ Տիրանն աշակերտել է համաշխարհային հռչակ ունեցող քերական Դիոնիսիոս Թրակացուն եւ այնքան խորը մասնագիտացել անտիկ լեզուների մեջ, որ դարձել է Հին աշխարհի լավագույն լեզվաբաններից մեկը։ Հայորդին հռչակվել է նաեւ հռետորական արվեստի բնագավառում դրսեւորած խորիմացությամբ։

Հայ գիտնականը տիրապետել է տասնյակ լեզուների։ Տիրանն ու Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորը հանդիսացել են Հին աշխարհի ամենանշանավոր բազմալեզվախոսները։

Տիրանի գործունեության մասին գրել են Ստրաբոնն ու հռեմեական պատմիչ Սվիդասը։ Նրանք վկայում են, որ գիտնականը Հռոմում ստեղծել է մեծ գրադարան (մոտ 30 հզ հատոր գիրք), Կիկերոնի խնդրանքով կարգավորել նրա անձնական գրադարանը եւ վերջինիս բնակարանում բացել դպրոց, ուր դասավանդել է քերականություն ու ճարտասանություն։ Հայտնի է նաեւ, որ հույն պատմիչ ու աշխարհագետ Ստրաբոնն ուսանել է Տիրանի մոտ։

Լուսանկարում՝
Տեսարան հին հռոմեական դպրոցից

Опубликовано 29th July 2014 пользователем Arshaluis Zurabyan
http://hayergiteqvor.blogspot.fr/2014/07/blog-post_0.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail