ՊԲ-ն Ադրբեջանի ԶՈՒ կազմում իսրայելական Sandcat զրահամեքենա է խոցել
18.10.2020 | Արցախ |
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն Ադրբեջանի Զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցող իսրայելական արտադրության Sandcat զրահամեքենա է խոցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով զրահամեքենայի լուսանկարը:
«Կարևոր հանգամանք: Հայաստանի ռազմական փորձագետները նկատել են, որ տեսանյութում երևում է իսրայելական Sandcat զրահամեքենայի ոչնչացումը: Հաստատում ենք ասվածի իսկությունը»,- գրել է Ստեփանյանը:
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջանի Զինված ուժերի ավտոշարասյան խոցումից: Տեսանյութի վերջում երևում է, թե ինչպես է դիպուկ հարվածով խոցվում իսրայելական արտադրության Sandcat-ը, իսկ մեքենայի կողքին կանգնած զինծառայողը փախուստի դիմելիս շպրտվում հարվածի ալիքից:
Մինչ այս հայտնի էր դարձել, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում, որում Ադրբեջանին աջակցում են նաև Թուրքիան ու Սիրիայից և Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչները, Ադրբեջանի զինված ուժերը կիրառում է իսրայելական արտադրության հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև թուրքական օդուժի միջոցները:
lragir.am/2020/10/18/590206/