Հայաստանը միայնակ չի վճարելու այս ամենի դիմաց, բոլոր «չեզոքները» չպետք է այս պատմությունից չոր դուրս գան
19.10.2020 | Մեկնաբանություն |
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայի եւ հոկտեմբերի 18-ին Փարիզի միջնորդությամբ զինադադարի պայմանավորվածությունները չպահպանվեցին․ Անկարան ու Բաքուն շարունակում են պատերազմը։ Մինսկի խմբի համանախագահներից մնացել է ԱՄՆ-ն, որը սակայն, չհաշված Պետքարտուղարի մի քանի հայտարարությունները, նկատելի հեռու է պահում իրեն։ Փոխարենը, այսօր ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախատեսված է փակ քննարկում Ղարաբաղի հարցով։
Ըստ էության, Բաքուն եւ Անկարան փորձում են քանդել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափն ու նրա առաջարկած կարգավորման տարբերակները։ Այս առումով, ամեն ինչ վճռվում է մարտի դաշտում, որը ձեւավորելու է նոր իրավիճակ։
Իրավիճակի հանգուցալուծման տարբերակ է Արցախի միջազգային ճանաչումը։ Այս առումով, այսպես կոչված միջազգային հանրությունը ուղիղ պատասխանատվություն է կրում պատերազմի եւ նրա հետեւանքների համար։
Արեւմուտքը հույս ունի Թուրքիային «հեռացնել» իրենից՝ նրա ուշադրությունը Հարավային Կովկաս, այդտեղից հյուսիս ու արեւելք ուղղելու համար։ Ռուսաստանն ու Իրանը հույս ունեն պայմանավորվել Անկարայի հետ՝ նրան Արեւմուտքի դեմ ուղղելու համար։ Չինաստանը լռում է՝ հույս ունենալով, որ ալիքը հեռու է իրենից ու մասնավորապես ույղուրական ականից։
Թուրքիան բռնել է իր այս շանսը եւ առայժմ անպարտելի խաղ է խաղում, իսկ Էրդողանը գեղջկական իր պարզությամբ հստակ ձեւակերպում է իր գնահատականները, սպառնալիքները եւ նպատակները։
Այս բարդ հանգուցակետում կանգնած են Հայաստանն ու հայկական բանակը։ Ճշմարիտ են այն գնահատականները, որ հայկական բանակը կանգնած է ոչ միայն սեփական երկրի, այլեւ քաղաքակրթության պաշտպանության սահմանին։ Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը չի կարող միակողմանի լինել՝ հեռվից «քաղաքակիրթ չեզոքության» դրսեւորմամբ։
Հայաստանը չպետք է միայնակ վճարի այս ամենի դիմաց, եւ բոլոր «չեզոքները», այդ թվում Վրաստանը, չպետք է այս պատմությունից չոր դուրս գան։ Դեպի արեւմուտք՝ սկզբի համար Միջերկրածովյան շրջան եւ Եվրոպայի հարավ, դեպի հյուսիս՝ Ռուսաստանի Վոլգայի շրջան ու Սիբիր, այնտեղից էլ Չինաստանի Սինձյան թուրքերի ծավալվելը միայն մեր խնդիրը չէ, եւ ավելին՝ ինչու պետք է միայն մեր խնդիրը լինի։ Եթե ուրիշներն ունեն նման խնդիր, ուրեմն պետք է մի կողմ դնեն իրենց «չեզոքությունը» եւ հայտարարեն իրենց շահագրգռությունը Արցախի անկախության ճանաչմամբ։
lragir.am/2020/10/19/590325/