Հայերը մեծ նվիրում ունեն իրենց երկրի հանդեպ. Թրամփ
19 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նևադա նահանգի Քերսոն քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն իր ելույթում անդրադարձել է հայերին և նշել, որ նրանք լավ մարդիկ են և լավ գործարարներ:
«Երբ ես գալիս էի այստեղ, ճանապարհին շատ հայեր տեսա՝ դրոշներով կանգնած: Ես նախանձում եմ նրանց ոգուն, քանի որ նրանք հզոր ոգի ունեն, նվիրված են իրենց երկրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Թրամփը:
Նախագահը նաև ընդգծել է, որ աշխատանք է տարվում հայերի ուղղությամբ, սակայն չի հստակեցրել ասելիքը:
Քարոզարշավային կարճ այցի ընթացքում Թրամփին Լոս Անջելեսում ևս դիմավորել են բազմաթիվ հայեր, որոնք Հայաստանի և Արցախի դրոշները վեր պարզած խաղաղ ակցիա են իրականացրել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի՝ կոչեր հնչեցնելով, «Հայաստանը Թրամփի կարիքն ունի» վանկարկումներով:
Աշխարասփյուռ հայերը արցախա-ադրբեջանական շփման գծում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ մարտական գործողություններից հետո մոբիլիզացվում և նախաձեռնում են աննախադեպ բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ու հանուն Արցախի ճանաչման: Օրեր առաջ հայերը փակել էին Եվրոպայի միջպետական նշանակության տարբեր ավտոմայրուղիներ:
Լիլիթ Դեմուրյան
armenpress.am/arm/news/1032038.html