Թուրքիայի Պաշտպանութեան Նախարարն Ադրբեջանում Անձամբ Է Ղեկավարել ԼՂի Վրայ Յարձակումը. «Կոմերսանտ»
16 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
ԵՐԵՒԱՆ, «Առմէնփրէս».- Ռուսական «Կոմերսանտ» թերթի դիւանագիտական եւ ռազմական աղբիւրները յայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրայ Ադրբեջանի կողմից սանձազերծուած յարձակումը Սեպտեմբերի 28-30ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը: Թերթը ծաւալուն յօդուած է հրապարակել, որում մանրամասն ներկայացւում է Արցախի դէմ սանձազերծուած պատերազմում Թուրքիայի ռազմատեխնիկական մասնակցութիւնը: Թերթը յայտնում է, որ ռազմական գործողութիւնները նախօրօք ծրագրուել եւ սադրուել են Թուրքիայի Հանրապետութեան քաղաքական եւ ռազմական ղեկավարութեան կողմից:
Թերթի աղբիւրների համաձայն` վերջին ամիսների ընթացքում Անկարան ակտիւօրէն (աշխուժօրէն-Խմբ.) սադրել է Բաքուին` ռազմական գործողութիւններ սանձազերծելու՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական եւ դիւանագիտական, հետախուզական եւ ռազմա-տեխնիկական (արհեստագիտական-Խմբ.) աջակցութիւն:
«Յուլիս-Օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական վերջին զօրավարժութիւններից յետոյ, Ադրբեջանի տարածքում մնացել են Թուրքիայի զինուժի մեծ թուով խմբաւորումներ, որոնք էլ միտուած են եղել կօօրդինացնող (համակարգել-Խմբ.) եւ ուղղորդող դեր խաղալու Լեռնային Ղարաբաղի վրայ յարձակողական գործողութիւնը ծրագրելու եւ իրականացնելու մէջ: Խօսքը 600 զինծառայողների մասին է, ներառեալ՝ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջեւանում, 90 ռազմական խորհրդականները Բաքւում, 120 հոգուց բաղկացած թռիչքային-տակտիկական (վարուելագիտական-Խմբ.) խումբը Գաբալայի աւիաբազայում (օդուժի ռազմակայան-Խմբ.), անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլեար օդակայանում, 50 կարգադրիչները Եւլախի օդանաւակայանում, 50 կարգադրիչները 4րդ բանակային կորպուսում (զօրասիւնին մէջ-Խմբ.) եւ 20 հոգին Բաքուի ռազմա-ծովային բազայում ու ռազմական ինստիտուտում (հիմնարկութեան մէջ-Խմբ.)»,- նշել են թերթի աղբիւրները:
Ռազմական գործողութիւնների թէժ պահին` Սեպտեմբերի 28-30ը, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքարը եւ ցամաքային զօրքերի հրամանատար Ումիտ Դիւնդարը: «Կոմերսանտ»ի աղբիւրները հաւաստում են, որ նրանք տեղում իրականացրել են ղարաբաղեան ճակատի գործողութիւնների ընդհանուր ղեկավարումը:
Հոկտեմբերի 9ին, ինչպէս յայտնել են «Կոմերսանտ»ի զրուցակիցները, ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով Վրաստանի տարածքով տարանցմամբ իրականացուել է 200 միաւոր գնդացիրների եւ ռազմամթերքի մատակարարում: Աւելի վաղ Թուրքիան նաեւ Վրաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացնելու յայտ է ուղարկել Հոկտեմբերի 14ի, 21ի եւ 28ի համար: Թերթի աղբիւրները յայտնում են, որ բոլոր թոյլտուութիւնները ստացուել են։
«Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայում եւ Լիբիայում կռուող, Անկարային հաւատարիմ իսլամիստական խմբաւորումներից հաւաքագրում են վարձկանների`Լեռնային Ղարաբաղի դէմ ռազմական գործողութիւններում Ադրբեջանի կողմից կռուելու համար: Նրանց տեղափոխումն իրականացւում է Թուրքիայի պաշտպանութեան նախարարութեան աջակցութեամբ: Հոկտեմբերի առաջին շաբաթուայ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտի է տեղափոխուել մինչեւ 1300 սիրիացի գրոհային եւ առնուազն 150 հոգուց բաղկացած լիբիացի վարձկանների խումբ: Վարձկաններին առաջարկուել է ամսական մինչեւ 2 հազար դոլար աշխատավարձ: Վարձկանների առաջին խումբն Ադրբեջան է ուղարկուել դեռ Սեպտեմբերի 22ին, որոնք Սիրիայում երկշաբաթեայ պատրաստութիւն են անցել թուրք կարգադրիչների մօտ: Նրանք «Փայլաք աշ-Շամ», «Սուլթան Մուրադի բրիգադ», «Ֆիրկատ Համզա» եւ «Ֆիրկատ Սուլէյման Շահ» խմբաւորումների անդամներ են:
Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխուել նաեւ մեծ թուով ռազմական տեխնիկա (արուեստագիտական իրեր-Խմբ.), զինամթերք եւ մարդուժ», գրում է «Կոմերսանտ»ը:
asbarez.com/arm/378288/թուրքիայի-պաշտպանութեան-նախարարն-ադ/