Սա Ադրբեջանի բանակի ջախջախումն էր, ու մենք ցույց տվեցինք, որ իրենց քանակը կարևոր չէ
21.10.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
Պարոն Շիրինյան, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումից:
Ես հիշում եմ Դավիթ Տոնոյանի խոսքը հեղափոխությունից հետո առաջին օրերին: Նա ասաց՝ պարոն վարչապետ, բանակը միշտ կապահովի բանակցություններում ձեր ուժային հիմքը: Հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է որպես հեղափոխական Հայաստանի հաղթական բանակի հրամանատար, այլ ոչ գողապետության: Հետևաբար Ալիևին ինչ էլ ուզի՝ կասի:
Վերջին օրերին որոշակի խուճապ տարածելու գործընթաց էր նկատվում, որ մենք նահանջում ենք: Ինչպե՞ս եք դա գնահատում:
Նահանջը մտածված էր, մերոնք կատլավան սարքեցին: Եթե հիշում եք, դեռ օրեր առաջ ես հայտարարել էի, որ Արաքսի հովիտը մեր Ստալինգրադն է: Սպանում ենք հակառակորդի ուժերը և փակում հարցը, ինչն էլ եղավ: Դրանք էդպես կոտորվելու են: Արաքսի հովիտը դարձավ ասկյարի գերեզմանոց: Ռազմի դաշտում ջախջախեցինք թշնամուն, սա Ադրբեջանի բանակի ջախջախումն էր, ու մենք ցույց տվեցինք, որ իրենց քանակը կարևոր չէ: Հիմա հերթը Նախիջևանի խնդիրը լուծելն է, պետք է վերադարձնենք մեր հայրենիքը: Այստեղ շատ շահագրգիռ պետություններ կան:
Ընդհանրապես Ռուսաստանի դերակատարությունն այս ամեն ինչում ի՞նչ չափով է:
Չափ չեմ կարող ասել, բայց ես իմ մտքում հաշվել եմ, որ մենք Ռուսաստանի հետ գործընկեր ենք 30 տոկոսի վրա: Այսինքն մինչև այդ իսլամիստ մոջահեդները չեկան Կովկաս, ռուսները տեղից չշարժվեցին: Հասկացան, որ սա այն կետն է, որից հետո իրենց մոտ քայքայում կսկսվի, հետևաբար պետք է իրենց դաշնակցային պարտականությունները կատարել Հայաստանի հանդեպ: Ես միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ ոչինչ արժեք չունի բացի մեր բանակի գործոնից: Իսկ մեր բանակը փայլուն է կատարում իր առջև դրված խնդիրը: Դրա համար հիմա Նիկոլ Փաշինյանը ոնց ուզի՝ կխոսի: Սերժ Սարգյանը չի, որ էնտեղ ասեն՝ մի հատ ջուր բեր խմեմ: Փաշինյանի հետ ոչ ոք այդպես չի խոսի, արժանապատիվ պետության արժանապատիվ ղեկավար է, ոչ գողապետության: Ես էստեղ ուզում եմ մեջբերել որդի կորցրած Կարին Տոնոյանի խոսքը Նիկոլ Փաշինյանին, որը հայ ժողովրդի պատվերն է Նիկոլին: Նա ասել էր. «Որևէ պայմանով, լսո՞ւմ եք՝ որևէ պայմանով չհանձնեք այն հողերը, որոնց վրա ընկել են, չդավեք մեր որդիների թափած արյանը: Բանակցությունները կվարեք հաղթողի դիրքերից, սա մեր՝ որդեկորույս մայրերի, միակ պահանջն է»:
Այո, սա շատ դաժան պատերազմ է, սա ոչ ընդհարում է, ոչ կոնֆլիկտ է, սա մեր պետականության հարցն է: Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների՝ թիկունքում ունենալով 10 մլն աշխարհով մեկ կազմակերպված հայություն: Ինքը պետք է ստանա մաքսիմալը, Հայաստանի ռազմավարական ապահովվածությունը Արևելքում և Նախիջևանը գրպանում:
www.lragir.am/2020/10/21/591363/