ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին

ԼՂ հակամարտությունը պայքար չէ տարածքի համար, այն սկսվել է էթնիկ առճակատումից. Պուտին

22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես պետությունների միջև պայքար տարածքի համար, այլ այն սկսվել է էթնիկ առճակատումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ նախագահն ասել է «Վալդայ» ակումբում քննարկման ժամանակ: «Ցավոք, սա փաստ է, երբ Սումգայիթում, հետո Լեռնային Ղարաբաղում իրականացվեցին դաժան հանցագործություններ հայ ժողովրդի դեմ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա հավելեց, որ տարիներ շարունակ արել են ամենատարբեր առաջարկներ ճգնաժամը կարգավորելու համար, որպեսզի կայունացնեն իրավիճակը երկար պատմական հեռանկարում: «Բայց հավատացեք, դա դիրքորոշումների մոտեցման լարված աշխատանք է եղել: Որոշ պահերի թվում էր, որ ևս մի քիչ, ևս մեկ քայլ, և մենք որոշում կգտնենք: Ցավոք դա տեղի չունեցավ, և այսօր մենք ունենք կոնֆլիկտ իր վատագույն դրսևորմամբ: Ողբերգությունն այն է, որ մարդիկ են զոհվում»,- նշեց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ կան հազարավոր կորուստներ:

ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աֆղանստանի պատերազմի 10 տարիների ընթացքում զոհվել է 13 հազար մարդ, իսկ այս կարճ ժամանակահատվածում կորուստները հազարավոր են:

«Իսկ ինչքան վիրավորներ կան, որքան մարդ է տառապում, երեխաներ: Սա մեզ համար յուրահատուկ իրավիճակ է»,- ընդգծեց Պուտինը:

Նա հավելեց, որ ստեղծվել է Մինսկի խումբը, Ռուսաստանը, Ֆրանսիան ԱՄՆ-ն համանախագահներ են, որոնց վրա բանակցային գործընթացի պատասխանատվություն Է ընկած: ՌԴ նախագահի խոսքով՝ հասկանալի է, որ այս գործընթացի բոլոր մասնակիցները անկեղծ ցանկանում են, որ իրավիճակը կարգավորվի, սակայն ոչ ոք այնքան հետաքրքրված չէ դրանով, որքան Ռուսաստանը, որովհետև այս ամենը տեղի է ունենում իրենց աչքերի առաջ:

«Դրա համար մեր դիրքորոշումն այնպիսին է, որը թույլ կտա օգտվել ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմի վստահությունից և որպես միջնորդ էական դեր խաղալ այս հակամարտության կարգավորման, դիրքորոշումների մոտեցման հարցում: Ես շատ կցանկանայի, որ այդ փոխզիջումը ձեռք բերվեր:

Դուք գիտեք, որ ես սերտ կապերի մեջ եմ ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ:

Մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ, մեկ օրվա մեջ մի քանի անգամ: Մեր արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, հատուկ ծառայություների ղեկավարները մշտական կապի մեջ են:

Դուք գիտեք, որ հերթական անգամ երկու երկրների արտաքին գործերի նախարարները Մոսկվայում էին, հոկտեմբերի 23-ին նրանք Վաշինգտոնում են հանդիպում ունենալու: Հույս ունեմ, որ մեր ամերիկացի գործընկերները կգործեն մեզ համընթաց, կօգնեն կարգավորմանը, լավագույնի հույս ունենք»,- եզրափակեց Պուտինը:

armenpress.am/arm/news/1032456.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail