Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը

23 Հոկտեմբեր, 2020

ՓԱՐԻԶ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ Արցախի/Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան շարունակվում է, թիրախավորվում են Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության մեջ։ Հայաստանի նախագահը խորը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ, ընդգծելով, որ Թուրքիայի՝ որպես երրորդ կողմի նման ծավալի ներգրավվածությունն ավելի է սրում իրավիճակը և վտանգում տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանի համար առանձնակի սպառնալիք են Թուրքիայի կողմից Ադրբեջան բերված և այնուհետև այդ երկրի բանակի կազմում Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցող իսլամիստ ահաբեկիչները, որոնք, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ հետո հայտնվեն նաև այլ երկրներում, այդ թվում` նաև Եվրոպայում:

Նախագահ Մակրոնը նույնպես մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ:

Նախագահ Սարգսյանն ու նախագահ Մակրոնը համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և կարևորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:

Նախագահներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը հակամարտության կարգավորման գործում և կարևորել Մինսկի խմբի համանախագահությամբ հնարավորինս շուտ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև ուրախությամբ փաստել են, որ երկու ժողովուրդների բազմադարյա կապերի ու բարեկամության հենքի վրա կառուցված հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերությունները շարունակում են զարգանալ բարեկամության և փոխըմբռնման ոգով:

Նշենք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզ է մեկնել Բրյուսելից, որտեղ հանդիպումներ էր ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

https://www.facebook.com/watch/?v=769347926945245&t=30

armenpress.am/arm/news/1032508.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail