Ադրբեջանական կայքերից, նաև ադրբեջանցիների կողմից ստեղծված էջերից կեղծ լուրեր են գալիս հանրային դաշտ․ օր առաջ պետք է փակել դրանք․ Արթուր Եղիազարյան
24.10.20 – Արթուր Եղիազարյան
Շատ կարևոր է, որպեսզի պետությունն ամբողջությամբ հսկողության տակ վերցնի տեղեկատվական դաշտը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ թշնամին մանիպուլյացիաներով, կեղծ տպավորություններ ստեղծելով իր «հաջողությունները» փորձում է տարածել հանրային դաշտում։ «Մենք պետք է կարողանանք սա կանխել, որովհետև սա հոգեբանական ազդեցության ձև է։ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է փակեն օտար տեղեկատվությունները, որովհետև ոչ միայն ադրբեջանական կայքերից են գալիս տեղեկություններ, այլ նաև տարբեր երկրներում գրանցված պրոադրբեջանական, կամ հենց ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից ստեղծված կեղծ էջերից, որոնք նույնպես նմանատիպ ինֆորմացիաներ են սփռում»,- ասաց Արթուր Եղիազարյանը։
– Պարոն Եղիազարյան, Արցախում արդեն մոտ մեկ ամիս ընթացող պատերազմն ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ ուղղությամբ են գնալու ռազմական գործողությունները։ Պատերազմի ո՞ր փուլում ենք այժմ։
– Այս պատերազմում հնարավոր չէ գուշակել՝ ինչքան կտևի, դա կարող է լինել օրերի հարց, կարող է լինել երկարատև, այսինքն՝ կանխակալ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ թշնամին ունի լուրջ մտադրություն Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու և ակնհայտ է, որ մենք ունենք այն կամքը՝ կանխելու և թույլ չտալու, որ այդ ճանապարհով խնդիրը լուծվի։ Տեսեք, պատերազմը նաև հոգեբանական բնույթ ունի, բացի ռազմական պատերազմից, կա նաև հոգեբանական պատերազմ, այստեղ կարևոր է տվյալ հասարակությունների պատրաստվածությունը և դիմակայումը հետագա խնդիրներին։ Մենք այս պահին չենք կարող գնահատել՝ որ փուլում է։ Պատերազմն ավարտվում է այն ժամանակ, երբ երկու կողմերը կամ հաշտվում են որոշակի բանակցային գործընթացում, փոխադարձ զիջումներով կանգնեցնում են կռիվը, կամ կողմերից մեկի հաղթանակով։ Այս պահին առաջին տարբերակը, որը դիվանագիտական ճանապարհով, երկխոսության ճանապարհով է, կարծես թե չկա և այս պահին ընթանում են ռազմական գործողություններ։ Այստեղ մենք պետք է փորձենք առավելագույնս անել հաղթանակն ապահովելու համար։
– Օրերս և Հայաստանի վարչապետը, և Ադրբեջանի նախագահը հայտարարեցին խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին։ Իհարկե, հնչել են հայտարարություններ, որին դեռևս գործնական քայլեր չեն հետևել։ Ռազմական ակտիվ փուլում ինչո՞ւ երկու ղեկավարների կողմից նման հայտարարություններ հնչեցին։
– Դուք արդեն նշեցիք, որ ընդամենը հայտարարություններ են։ Նման գործընթացը բավականին լուրջ և քննարկելի խնդիր է՝ ձևաչափը, ովքեր են խաղաղապահները և այլն։ Սա վերաբերմունք է, որ հարցի լուծման տարբերակ կարող է լինել, բայց գործնականում դա այս պահին ուղղակի չկա և այս պահին նույնիսկ բացառվում է, հատկապես՝ երբ հստակ էլ չէ՝ խաղաղապահ ուժերը որ երկրներից են, ովքեր են։ Օրինակ, Թուրքիան էլ ուզում է մեծ մասնակցություն ունենալ ամեն ինչում, բայց մենք տեսնում ենք, որ նա Ադրբեջանի կողմից է ամբողջությամբ, ավելին՝ ինքն է ադրբեջանցու տակ քողարկված իրականացնում իր խնդիրները։ Հետևաբար, սա (խաղաղապահների մասին հայտարարությունը – Tert.am) «բարի կամքի» արտահայտման ձև էր, բայց գործնականում դեռևս ոչինչ։ Դրա համար այս պահին ձեռնպահ կմնամ թեման քննարկելուց, մինչև չհայտնվեն գործնական հարթության մեջ։
– Տեղեկատվական բաղադրիչը ոչ պակաս կարևոր է պատերազմում։ Մեր հասարակությունում էյֆորիան միանգամից բարձրանում է, դրանից հետո լինում է ընկճվածություն, բազմիցս է խոսվել սրա մասին։ Որքանո՞վ է սա վնասում, ինչպե՞ս պայքարել սրա դեմ։
– Հասարակությունները, որպես կանոն, հուզական են, նրանք կարող են շատ արագ ընկճվել և կարող են շատ արագ ոգևորվել։ Սա գալիս է նրանից, որ հանրության մեծ մասը ռազմական գործին, բնականաբար, չի տիրապետում և ստացվող տեղեկությունների վրա է ձևավորվում իր տրամադրությունը, դիրքորոշումը։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի պետությունն ամբողջությամբ հսկողության տակ վերցնի տեղեկատվական դաշտը։ Պատերազմի ժամանակ կռվում են նաև տեղեկատվությամբ, մենք տեսնում ենք, որ թշնամին լուրջ ներդրումներ է արել այս գործում։ Իր «հաջողությունները» փորձում է բավականին տարածել, փորձում է մանիպուլյացիաներ անել, ստեղծել կեղծ տպավորություններ և անընդհատ դրանք լցնել հանրային դաշտ։ Մենք պետք է կարողանանք սա կանխել, որովհետև սա հոգեբանական ազդեցության ձև է։ Ինչքան էլ ուզում ես պատրաստված եղիր, երբ դու անընդհատ նայում ես նմանատիպ նյութեր, քո մոտ կարող է սխալ ասոցիացիաներ լինեն։ Այս առումով քանի որ հայկական կողմն ավելի զսպված է, ավելի քիչ է նման նյութեր դնում, կարող է սխալ տպավորություններ ստեղծվել։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին պետք է օր առաջ փակեն օտար տեղեկատվությունները, որովհետև ոչ միայն ադրբեջանական կայքերից են գալիս տեղեկություններ, այլ նաև տարբեր երկրներում գրանցված պրոադրբեջանական, կամ հենց ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից ստեղծված կեղծ էջերից, որոնք նույնպես նմանատիպ ինֆորմացիաներ են սփռում։ Սա շատ կարևոր հանգամանք է, պետք է սրա վրա ուշադրություն դարձնել և պետք է հանրությանը կրթել, սովորեցնել նաև, թե ինչպես պետք է օգտվի տեղեկատվությունից։ Այսօր տեսնում ենք բազմաթիվ անծանոթ անուններով «ֆեյք» կայքեր, անձինք, որոնք ինչ-որ նյութ են շրջանառության մեջ դնում և դա շատ արագ տարածվում է։ Մարդիկ անկախ իրենցից դառնում են թշնամու զինակիցը, հանցակիցը՝ չհասկանալով, որ թշնամու ցանկությունը հենց դա է, որ այդ տեղեկատվությունը քո հասարակության մեջ շրջանառվի։
– Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․ «Արդեն մի քանի ուղղություններից ու զինծառայողներից տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հարձակման փորձեր են կատարում նաև հայկական ԶՈւ համազգեստներով»: Ինչ նպատակ է հետապնդում սա, ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։
– Պետք է շատ զգոն լինել, պատերազմն այնպիսի գործողություն է, որտեղ հակառակորդը մտածում է իր հակառակորդին ծնկի բերելու մասին ցանկացած ձևով, դա կլինի կեղծիքի, ստելու, խաբելու, նոր հնարամտություններ կիրառելու ճանապարհով։ Այո, մենք պետք է հասկանանք, որ հակառակորդը կարող է հագնվել հայկական համազգեստ և փորձել յուրային ներկայանալով թափանցել խորքերը։ Դրա համար կարևոր է, որ ռազմագիծն ամուր լինի, զինվորական գործի մեջ ընդգրկված մարդիկ իմանան, որ գաղտնաբառերով են շփվում և շատ արագ կարող են բացահայտել օտար տարրերի։ Իսկ հակառակորդը հասկանալի է ինչի համար է դա անում, որպեսզի փորձի թափանցել թիկունք, թիկունքից հարված հասցնելով ստեղծի խուճապի տրամադրություն՝ իբր շրջանցել են քեզ և այլն։ Մենք պետք է սա հասկանանք, տեսնենք՝ ինչ գործիքներ կարող են կիրառել և համապատասխան աշխատանք տանենք՝ բացառելու կամ նվազեցնելու նման ազդեցությունները։
tert.am/am/news/2020/10/24/Artur-yeghiazaryan/3426865?