ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,
հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,
հավաստելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,
նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը,
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
2. Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանությունը ապահովելու ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ
8 հուլիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ. Ն-0663-1
www.facebook.com/ElbakeanEdgar