Վարչապետի երեկվա ելույթը ավելի մոտ է իրականությանը, և մենք շատ մոտ ենք մեր հաղթանակին
28.10.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը
Պարոն Միսկարյան, Նիկոլ Փաշինյանը հայտնի ելույթից հետո, որը նաև Ձեր քննադատությանն էր արժանացել, երեկ նոր ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում: Ելույթը փոխե՞ց արդյոք տրամադրությունները։
Իհարկե, փոխեց։ Թե թիկունքում փոխեց, թե առաջնագծից եկող արձագանքներն են դրական։ Ես հասկանում եմ, որ նրա նախորդ ելույթը, ինչպես ինքը նշեց, ուղղված էր հիմնականում արտաքին լսարանին, բայց հանրային դաշտի նման լարված պայմաններում, կարծում եմ, ավելի զգույշ պետք է ձևակերպել ասելիքը։ Ես վստահ եմ, որ երեկվա ելույթը ավելի մոտ է իրականությանը և մենք շատ մոտ ենք մեր հաղթանակին։
Վազգեն Մանուկյանն էլ պահանջում է կառավարության հրաժարականը։ Արդյոք հեղաշրջման փորձի մասի՞ն է ակնարկում Վազգեն Մանուկյանը։
Գիտեք, պատերազմի առաջին օրվանից էլ ինձ համար պարզ է եղել, որ որոշ ուժեր վարում են հակապետական քաղաքականություն։ Դրա մասին էին խոսում կեղծ կամ ուռճացված լուրերը, որոնք միտումնավոր պտտվում են հարության մեջ։ Սակայն, ինչպես տեսանք, մեր ժողովուրդն ավելի գիտակից, ավելի սառնասիրտ, ավելի գրագետ գտնվեց, քան կարծում էին տեղեկատվական դաշտում հակապետական քարոզ տանող շահագրգիռ ուժերը։ Վազգեն Մանուկյանի դեպքում երկու տարբերակ կա, կամ նա չգիտակցված է անում այն, ինչ անում է, կամ գիտակցաբար է խարխլում ու պարտվողական տրամադրություններ սերմանում։ Երկու դեպքում էլ արդարացում չունի, և կարծում եմ ճիշտ կլինի իրավապահները զբաղվեն նրանով։
Պարոն Միսկարյան, երրորդ հումանիտար հրադադարն էլ չստացվեց, մարտերը ինտենսիվությամբ ընթանում են։ Ի՞նչ սպասել։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս պատերազմը հրադադարի համար չի սկսել։ Նրանք նպատակ ունեն կապիտուլյացիայի ենթարկել Արցախը և գնում են այդ ճանապարհով։ Մենք պիտի իմանանք, որ ցանկացած միջոց, որը ըստ նրանց մոտեցնում է այդ նպատակին`իրենց համար ընդունելի է, և ցանկացած միջոց, որը հեռացնում է իրենց այդ նպատակից, անընդունելի է։ Հրադադարը իրենց համար անընդունելի է տարբեր պատճառներով, որոնցից մեկը իրենց զոհերի մեծ թիվն է, երկրորդը իրենց բանակում կռվող վարձկան ահաբեկիչների գոյությունը։ Ադրբեջանին ինչ որ բան կարելի է պարտադրել միայն ռազմական ճանապարհով, և կարծում եմ, մենք մոտ ենք դրան։
Որքանո՞վ է այսօր թիկունքը զորավիգ բանակին։ Տեսակետ կա, որ թիկունքից միայն նվնվոց է գալիս։
Բացարձակապես համամիտ չեմ այդ տեսակետի հետ։ Այսօր քան երբևէ մեր ժողովուրդը համախմբված է, թիկունքը ամուր է առավել քան երբևէ։ Եթե չհաշվենք որոշ ուժերի կողմից պառակտում մտցնելու անհաջող փորձերը, ապա ամեն ինչ կարգին է։
lragir.am/2020/10/28/593929/