Արցախյան պատերազմը՝ երեք պետության չար գուշակ. Չորրորդը (Իրան)՝ զգուշանա

God above, down Armenian Army - The Lions of the Mountain - The Republic Artsakh defense army

Արցախյան պատերազմը՝ երեք պետության չար գուշակ. Չորրորդը (Իրան)՝ զգուշանա

29.10.2020 | Մեկնաբանություն | Lragir.am

Պատերազմն Արցախում դարձավ Ադրբեջանի վերջը որպես պետություն այն ձեւով, որով կար: Ադրբեջան արդեն չկա՝ այն Թուրքիայի ու ահաբեկիչների պրոքսի տարածք է, ինչպես հիմա մոդայիկ է դարձել խոսել փորձագիտական շրջանակներում, որտեղից նախատեսվում է իրականացնել հիբրիդային պատերազմը տարբեր ուղղություններով, ըստ այդմ՝ լեգիտիմ է դառնում նաեւ այդ տարածքում հակագործողություններ իրականացնելը:

Պատերազմը Թուրքիային ավելի է խրել խնդիրների մեջ, թե ներքին եւ թե արտաքին առումներով: Թուրքիան արդեն սպառնում է մեծ տերություններին եւ ռազմա-քաղաքական ու մշակութաբանական սպառնալիք ու վտանգ է դարձել, իսկ Էրդողանը մարմնավորում է այս ամենը: Թուրքիան ներկայում վերածվում է «չարիքի առանցքի», որի շուրջ ձեւավորվելու են լայն կոալիցիաներ տարբեր ուղղություններով: Սովորաբար, համաշխարհային փոփոխություններն արվում են նման կերպ՝ մեկին ընտրելով որպես բոլոր խնդիրների առանցք ու թիրախ:

Էրդողանը զանգել է Պուտինին եւ առաջարկել երկուսով լուծել Ղարաբաղի հարցը: Նա ասել է, որ Պուտինը պետք է հասկանա իրեն՝ Ղարաբաղի հարցում ինքը չի կարող անցնել կարմիր գծերը՝ սերունդներն իրեն չեն ների: Սա հնչել է մի կողմից խնդրանք, մյուս կողմից՝ սպառնալիք ու վերջնագիր: Դատելով ռուսական արձագանքներից, առաջարկն առայժմ չի ընդունվել, թեեւ Մոսկվա-Անկարա տիրույթում ընթանում են բավական ինտենսիվ քննարկումներ:

Ռուսաստանը բախվել է իր հարյուրամյա քաղաքականության պտուղներին՝ 1916-1923 թթ. եւ 1988-1992 թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների հարցում իր գործողություններով: Ռուսաստանի քայլերը մատնում են նրա մեծ շփոթությունը. բանն այն է, որ շրջանում ազդեցության պահպանումը նախկին սխեմաներով այլեւս չի աշխատում, իսկ Բաքվից չհրաժարվելու ձգտումը մնացել է ընդամենը ցանկություն՝ առանց մեխանիզմների վերաբերյալ որեւէ պատկերացումների: Դրանք իրականում արդեն չկան:

Ռուսական շրջանակները պետական ալիքներով գուշակում էին հայկական պարտությունը 3 օրում, հետո մեկ շաբաթում եւ այդպես շարունակ, ամեն անգամ ավելի նյարդային վերաբերվելով այդ հանգամանքին: Հայերը չեն պարտվել, իսկ հայկական ուղղությամբ ավանդական քաղաքականությունը Մոսկվային կանգնեցնում է ավելի բարդ խնդիրների առջեւ: Այդ նյարդայնությունն ու շփոթը զգալի է նաեւ Երեւանում նախկին նախագահների ձեւաչափի փորձարկման, ռուսահայ հայտնի շրջանակների հայտարարությունների (ի դեպ, նրանք ոչ մի անգամ չեն դատապարտել ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ), պետական եթերում սրոսոականների ու նժդեհականների քարոզչության տեսքով: Դա մի տեսակ արդարանալու նման է թվում, ռազմավարական խոշոր տապալման շեմին: Ընդ որում, այս ընթացքը հստակ ուրվագծվեց 2015-ից սկսած:

Մոսկվան կանգնած է ընտրության առաջ, սակայն ընտրություն որպես այդպիսին չկա՝ կամ կռվելու են մեր կողքին, կամ շարունակվելու է 2015-ից սկսածը: Հայաստանը դուրս է գալիս տասնամյակների իր կրավորական կեցվածքից, որը, հանուն արդարության՝ խնդիրներ էր ստեղծել Մոսկվայի համար: Հերթը Ռուսաստանինն է, ելքը՝ հայերի կողքին կռվելը:

Ինչ վերաբերում է Իրանին, այս երկիրը հայտարարել է, որ թույլ չի տալու աշխարհքաղաքական սահմանների փոփոխություն, իր հյուսիսային սահմաններին զորք է կուտակել եւ ղարաբաղյան կարգավորման իր պլանն առաջարկել Մոսկվային, Երեւանին, Բաքվին եւ Անկարային: Իրանը աչքի առաջ ունի իր հարեւանների վիճակը եւ պետք է զգուշանա ավանդական սխեմաներից, որոնք նոր խնդիրներ են ստեղծելու իր համար:

Հայաստանը պետք է դիմանա, հայ ժողովրդի ուժերի համախմբման ու միասնության շնորհիվ:

Վերը աստուած, վարը հայկական բանակ – Լեռնային առիւծները, արցախի պաշպանութեան բանակ
Facebooktwitterredditpinterestlinkedinmail