Միջազգային այս կառույցները դառնում են հանցակից, խրախուսում են Բաքվին ու Անկարային, փաստորեն չեղարկում են իրենց իսկ կողմից ընդունված բանաձեւերն ու նորմերը
ՄԱԿ-ն ու Եվրամիությունը դառնում են Բաքվի հանցակիցը
29.10.2020 | Քաղաքականություն | Lragir.am:
Երեկ Ստեփանակերտի ու Շուշիի ավիահարվածներից ու հրթիռակոծումներից հետո ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու Եվրամիությունը հայտարարություններ են արել եւ «անընդունելի համարել Ղարաբաղի եւ դրա շուրջ ռազմական գործողությունների շարունակումը եւ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները»:
Վաղուց բոլորին հայտնի է, թե ով է սկսել պատերազմը եւ քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումները: Ընդ որում, դա խոստովանել են թե Ալիեւը, թե Էրդողանը: Հայաստանին ու Արցախին ոչ պատերազմն էր պետք, ոչ էլ առավել եւս քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը:
Հրադադարի երեք համաձայնություն է եղել, երեքն էլ խախտել է Բաքուն, եւ դա նույնպես խոստովանել են Ալիեւը եւ Էրդողանը:
Եթե ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը վախենում են տալ նախահարձակ եւ հրադադարը խախտող կողմի անունը, ապա Էրդողանի եւ Ալիեւի խոստովանությունները հանում են այդ հանգամանքը: Շարունակելով սակայն կողմերի միջեւ հավասարություն դնելու պրակտիկան, միջազգային այս կառույցները մի կողմից դառնում են հանցակից, քանի որ խրախուսում են Բաքվին ու Անկարային, մյուս կողմից արժեզրկում, ավելին՝ փաստորեն չեղարկում են իրենց իսկ կողմից ընդունված բանաձեւերն ու նորմերը:
lragir.am/2020/10/29/594015/