Տարածաշրջանը՝ Հրի Բոցերում. Հրանոյշ Յակոբեան
30 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020
Դիմում եմ բարի կամքի տէր մարդկանց, պառլամենտականներին, իշխանութիւնների ներկայացուցիչներին
արդէն երրորդ անգամ տապալւում են Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների ջանքերով յայտարարուած հրադադարն ու զինադադարը։
Չի յաջողւում կանգնեցնել Արցախին պարտադրուած դաժան պատերազմը, քանի որ գործ ունենք ՄԱԿ-ի կոնուենցիաներն ու հռչակագրերը կոպտօրէն խախտող, ստանձնած միջազգային պարտաւորութիւնները չկատարող, իր իսկ կողմից ստորագրուած յանձնառութիւններն անտեսող պետութեան ղեկավարի հետ, ով, ապաւինելով այլ երկրների եւ օտար ուժերի, փորձում է էթնիկ զտումներ, այսինքն՝ ցեղասպանական գործողութիւններ կատարել հազարաւոր տարիներ իր Հայրենիքում ապրող Ղարաբաղի հայութեան նկատմամբ, իր դիկտատորական նկրտումները տարածել ժողովրդավարութեան կղզեակ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան՝ Արցախի նկատմամբ։
Անպատժելիութիւնը եւ յանդգնութիւնը հասել է այն աստիճանի, որ թշնամին խախտում է Հայաստանի Հանրապետութեան պետական սահմանը, սպառնում նրա ամբողջականութեանը․․․
Հարաւային Կովկասը թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձու ահաբեկիչների կողմից վերածուել է արեան ծովի․․․ Էրդողանը, որին Արեւմուքի կողմից, իր անդամակցած ՆԱՏՕ-ի կողմից, կարծէք ներւում է ամէն ինչ, մեծացնում է իր ծաւալապաշտական եւ հեռուն գնացող յաւակնութիւնները։
Մեր հերոսական Բանակը մէկ ամսից աւելի յամառ մարտերի գնով պաշտպանում է Հայոց Արցախ աշխարհը, միաժամանակ՝ պաշտպանելով մարդկայինի եւ բարձ արժէքների սահմանները, ահաբեկիչներից զերծ քաղաքակրթութեան բնագծերը։ Աւա՜ղ, զոհւում են մեր քաջարի երիտասարդներից, որոնք ունէին պայծառ երազանքներ, չիրականացուած նպատակներ․․․
Խորին խոնարհում եւ խնկարկում նահատակ հերոսների սուրբ յիշատակի առաջ, խորին խոնարհում նրանց ծնողների եւ ընտանիքների ծանր վշտի առաջ։
Ընթերցելով, դիտելով եւ լսելով սահմանի ողջ երկայնքով մեր հայրենապահ եւ հայրենապաշտ երիտասարդների սխրանքների, մեր անպարտ Բանակի մտածուած գործողութիւնների, Սփիւռքի կազմակերպած ակցիաների մասին, հոգիդ ուռչում է աննկարագրելի յուզմունքից․․․ Ցաւի ու հպարտութեան, ազգային արժանապատուութեան զգացումները միախառնւում են, սեղմում կոկորդդ, եւ ի լուր բոլորի ուզում ես գոռալ՝ կա՛նգ առ, աշխա՛րհ, բռնի՛ր չարի ու ամբարիշտի ձեռքը, կանգնի՛ր ցեղասպանութիւն տեսած, բայց չցեղասպանուած հայ բիբլիական ժողովրդի կողքին, որպէսզի կեանքի ու մահուան, բարու եւ չարի, լոյսի եւ խաւարի դաժան պայքարում յաղթեն կեանքն ու լինելիութիւնը, բարի լոյսն ու խաղաղութիւնը, մարդասիրութիւնն ու քաղաքակրթութիւնը։
Հարիւր միլիոն բնակչութիւն ունեցող երկու՝ այսպէս կոչուած, եղբայրական երկրներ, նաւթային դոլարներով կուտակելով սպառազինութեան ահռելի պաշարներ, դրանք օգտագործում են ոչ միայն ռազմադաշտում, այլ նաեւ աւերակների են վերածում քաղաքներն ու գիւղերը, վտանգում քաղաքացիական բնակչութեանն ու օբյեկտները։ Հազարաւոր մարդիկ/ շուրջ 90 հազա/ լքել են իրենց տները։ Վիճակն օրհասական է․․․
Ես աւելի քան քսան տարի եղել եմ պառլամենտի անդամ, ընդգրկուել եմ միջազգային կառոյցների հետ աշխատող Հայաստանի պառլամենտի պատուիրակութիւնների կազմում եւ լաւ գիտեմ պառլամենտականների համախմբուած ուժն ու հնարաւորութիւնները՝ տարբեր միջազգային գործնթացների վրայ ազդելու առումով։
Ուստի, դիմում եմ բարի կամքի տէր մարդկանց, պառլամենտականներին, իշխանութիւն ունեցող գործիչներին, միջազգային կառոյցների ղեկավարներին եւ խնդրում ու յորդորում՝ կոնկրետ գործնական քայլեր ձեռնարկել Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար․ յապաղումի իւրաքանչիւր վայրկեան խլում է մարդկային կեանքեր։
Սոսկ ափսոսանք յայտնելը, պարտադրանք չբովանդակող կոչերը, յայտարարութիւնները, երկու կողմերի միջեւ հաւասարութեան նշան դնելու փորձերն անիմաստ են․ դրանցով մարդկային կեանքեր չեն փրկւում։
Տարբեր երկրների /Ռուսատանի Դաշնութեան, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի/ պառլամենտականներ արդէն հանդէս են եկել նախաձեռնութիւններով՝ ուղղուած Թուրքիայի եւ Ադրբեջանի դէմ բանաձեւեր, որոշումներ ընդունելուն, հիմնուելով տարբեր աղբիւրներից ստացած տեղեկութիւնների վրայ։ Կան քաղաքներ ու նահանգներ, որոնց իշխանութիւնները ճանաչել են Արցախի անկախութիւնը։ Աւստրալիայի Նոր Ուելս նահանգը երկու տարի առաջ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը։ Եւ այս գործընթացը պէտք է շարունակուի, քանզի միայն Արցախի ճանաչմամբ է հնարաւոր կասեցնել արիւնահեղութիւնը, կանխել թուրքական աւերիչ նկրտումները։
Փորձենք ամփոփ ներկայացնել, թէ ինչ է իրականում կատարւում եւ յուսանք, որ որոշումնէր ընդունող կառոյցները քայլեր ձեռնարկելիս՝ հաշուի կ’առնեն նաեւ այս փաստերը։ Անհրաժեշտ է օգնել պետութիւնների գործադիր իշխանութիւններին՝ կիրառելու այնքան անհրաժեշտ սանկցիաներ, քանի որ․
Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան Բանակը պայքարում է վարձու ահաբեկիչների դէմ, որը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի խնդիրն է, մինչդեռ այս փոքր երկիրն ու նրա խիզախ ժողովուրդը միայնակ է մարտնչում հազարաւոր տեռորիստների դէմ,
թշնամին օգտագործում է միջազգային մարդասիրական իրաւունքի կողմից անթոյլատրելի զէնք եւ զինամթերք, կիրառում պատերազմ վարելու արգելուած միջոցներ եւ մեթոդներ,
խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ ադրբեջանցիները հայ գերիներին խոշտանգում են, անմարդկային կտտանքների ենթարկում, գնդակահարում, անգամ՝ գլխատում։ Իսկ Արցախում ադրբեջանցի գերիներին վիրահատում են, նրանց ցուցաբերում բազմակողմանի մարդասիրական օգնութիւն,
Տարածաշրջանում հումանիտար աղէտ է, քանի որ կան անթաղ մնացած դիակներ՝ ըստ Կարմիր խաչի միջազգային կազմակերպութեան դիտորդների, որոնց արգելում են մասնակցելու դիակների հաւաքման, փոխանակման աշխատանքներին,
իրենց իսկ վիրաւոր զինուորներին թողնում են անօգնական մարտի դաշտում,
ռմբակոծում են քաղաքացիական խաղաղ բնակչութեանն ու բնակավայրերը։ Արդէն Արցախի քաղաքացիական բնակչութեան շրջանում կան շուրջ 50 զոհուած եւ հարիւրաւոր վիրաւորներ,
հրետակոծում են կենսապահովման օբյեկտներ, քաղաքացիական ենթակառուցուածքներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրագծեր, դպրոցներ, մանկապատեզներ,
հռթիռակոծւում եւ թիրախաւորում են մշակութային յուշարձաններ, եկեղեցիներ, հիւանդանոցներ, գերեզմանոցներ․․․,
Արցախից 90․000 անձ՝ երեխայ, կին, տարէց քաղաքացիներ տարհանուել են, շատերը գտնւում են ապաստարաններում, ծանր պայմաններում, խախտւում են նրանց առողջութեան պահպանման, կրթութեան, աշխատանքի, ազատ տեղաշարժման եւ միւս իրաւունքները,
դիւերսիոն խմբերը, ներթափանցելով գիւղական բնակավայրեր, սպանում են երեխաների, հաշմանդամների, կանանց,
խոչընդոտում են օտարերկրեայ լրագրողների աշխատանքին, անօդաչու թռչող սարքերով ռմբակոծում նրանց գտնուելու վայրերը։ Այս ընթացքում վիրաւորուել են տասնեակ հայ, ֆրանսիացի, ռուս լրագրողներ,
ոտնձգութիւն են կատարում Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան դէմ, ռմբակոծում սահմանամերձ, ինչպէս նաեւ խորքերում գտնուող բնակավայրեր, որի հետեւանքով զոհւում են եւ վիրաւորւում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներ,
փաստենք, որ թշնամին ագրեսիւ պատերազմ է հրահրել եւ լայնածաւալ ռազմական գործողութիւններ է իրականացնում համավարակի պայմաններում,
ըստ ադրբեջանական ղեկավարութեան՝ իրենք իբր արդէն գրաւել են Արցախի հիմնական մասը, սակայն ճշմարտութիւնն այն է, որ Արցախը հերոսաբար դիմակայում է թուրքական-ադրբեջանական-վարձու ահաբեկչական ուժերին,
Ադրբեջանը ոտնահարում է ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները, վարձկանների հետ հիմնականում նրանց է ուղարկում առաջնագիծ։ Այդ են վկայում այն ծանր կորուստները (զոհուածների 40 տոկոսից աւելին ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ են), որ կրում են ազգային փոքրամասնութիւնները,
Ադրբեջանում խախտւում են մարդու իրաւունքներն ու ազատութիւնները, բնակչութիւնը զրկուած է օբյեկտիւ տեղեկատուութիւն ստանալու հնարաւորութիւնից, ամբողջութեամբ կեղծւում են տեղեկութիւնները,
Թուրքիայի նախագահը սպառնում է բոլորին եւ, խախտելով միջազգային բարեվարքութեան կանոններն ու դիւանագիտական էթիկայի բոլոր նորմերը, վիրաւորում է Ֆրանսիայի նախագահին, յոխորտում ԱՄՆ-ի եւ այլ պետութիւնների հասցէին,
Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը համաձայնւում են միջազգային խաղաղապահ զօրքի տեղակայման, ռազմական փորձագէտների ներկայութեան հարցում, իսկ ադրբեջանական կողմը չի համաձայնւում, ժխտում է բոլոր առաջարկները,
այս ծանր իրավիճակում անգամ կան երկրներ եւ յատկապէս եւրոպական պետութիւններ, որոնք չեն հրաժարւում Ադրբեջանին ռազմական տեխնիկայ եւ զէնք վաճառելուց, տնտեսական շահը բարձր են դասում իրենց իսկ հռչակած մարդու իրաւունքներից ու ազատութիւններից, անգամ՝ մարդու կեանքի իրաւունքի եւ իր հայրենիքում ժողովրդի ապրելու (գոյութեան) իրաւունքի պաշտպանութեան անհրաժեշտութիւնից։
Միաժամանակ, դիմում եմ բարի կամքի տէր մարդկանց մեր համայնքների հետ համագործակցութեամբ ազդել իրենց կառավարութիւնների վրայ եւ արգելել զէնքի վաճառքը ահաբեկչութեան օջախին։
Ադրբեջանը Թուրքիայի աջակցութեամբ եւ յանցակցութեամբ կատարում է պատերազմական յանցագործութիւններ, որոնք պէտք է համարժէք միջազգային-իրաւական գնահատականներ ստանան՝ որակուելով որպէս խաղաղութեան եւ մարդկութեան անվտանգութեան դէմ ուղղուած յանցագործութիւններ, եւ ռազմական յանցագործները պէտք է կանգնեն Նոր Նիւրնբերգեան դատարանի առջեւ։
Այս ողբերգութիւնն ու միջազգային յանցագործութիւնները հնարաւոր է տեղի չունենային, եթէ ժամանակին․
Արեւմուտքն անտարբեր չմնար Հայոց ցեղասպանութեան նկատմամբ, ժամանակին բռնէր թուրք ոճրագործների ձեռքը, որոնք ամենաստոր, արիւնարբու, բարբարոսական ձեւերով, մարդկութեանը յայտնի եւ անյայտ միջոցներով զազրելի սպանութիւններ էին կատարում՝ սրախողխող անում յղի կանանց, իսկ պտուղը սրի ծայրին՝ հրճւում, բռնաբարում էին կանանց, ապա սպանում, հօր ծնկների վրայ մորթում էին որդիներին, մարդկանց գլխիվայր կախում ծառերից եւ մաշկազերծ անում, կացնով ու մուրճով անդամահատում, մարդկային ամէն մի երեւակայութիւնից դուրս ոճրագործութիւններ կատարում․․․
Արդարամտութիւն, ազատամտութիւն, բազմակարծութիւն, ժողովրդավարութիւն, հանդուրժողականութիւն՝ այս արժէքներն ու վեհ գաղափարները մեր ժողովրդի հաւատամքն են, սակայն ժամանակին հայերը շատ թանկ են վճարել եւրոպական այս արժէքներին ու գաղափարներին դաւանելու համար, քանզի դրանք խորթ, անհասկանալի ու անընդունելի էին թուրքական բռնապետերի համար, ուստի եւ լռեցուեցին ամենաբիրտ ու սահմռկեցուցիչ եղանակով՝ ցեղասպանութեամբ:
Դեռեւս համիդեան կոտորածների ժամանակ թուրքերի էութիւնը եւ գործունէութիւնը դիպուկ է բնութագրել չորս անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետ դարձած Ուիլեամ Գլադսթոնը. «Թուրքերը ուր որ գնացին՝ արեան մի լայն հետք թողեցին իրենց հետեւից, եւ որքան տարածուեց նրանց տիրապետութիւնը, այնքան անհետացաւ քաղաքակրթութիւնը …» ։
Ցաւում եմ, որ դեռ կան պետութիւններ, որոնք գնահատական չեն տուել 20-րդ դարի այս հրէշաւոր եղեռնագործութեանը՝ հայ ժողովրդի ցեղասպանութեանն ու հայրենազրկմանը՝ գենոցիդին եւ պատրիոցիդին։
Աշխարհն անհաղորդ մնաց Սումգայիթի, Բաքուի ջարդերին, երբ կատարուեցին էթնիկ զտումներ, եւ 400 000 հայ բնաւեր դարձաւ, երբ ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերութիւն յանուն խաղաղութեան» ուսումնական ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի ստահակը կացնի 16 հարուածով սպանեց քնած հայ սպային՝ 26-ամեայ Գուրգէն Մարգարեանին։ Իսկ իրեն Եւրամիութեան անդամ յորջորջող Հունգարիան մարդասպանին յանձնեց Ադրբեջանին, որն էլ հերոսացրեց ոճրագործին։ Միայն վերջերս եւրոպական դատարանն ընդունեց արդարացի որոշում, որը պէտք է իրականացուի Ադրբեջանի կողմից (թէեւ դժուար է հաւատալ, որ այդ պետութիւնն ունակ է կատարելու միջազգային դատական ատեանի որոշումները)։
Մշակութային եղեռն իրականացուեց Ջուղայում, եւ ադրբեջանական զօրքի կողմից հայ ժողորդի դարաւոր յուշարձաններն ու տապանաքարերը ոչնչացուեցին, տաս հազար կոթողից բաղկացած բացառիկ խաչքարադաշտը գետնին հաւասարեցուեց։ Ի հեճուկս ՅՈՒՆԵՍԿՕ-ի բազում խնդրանք-պահանջների՝ վայրագները կանգ չառան եւ թոյլ չտուեցին, որ որեւէ դիտորդ կամ փորձագէտ մուտք գործի սպանդի ենթարկուած եւ ռազմական հրաձգարանի վերածուած նախկին խաչքարերի անտառ։
2016 թուականի ապրիլին եւ 2020 թուականի յուլիսին թշնամին սանձազերծեց ռազմական ագրեսիայ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի դէմ եւ ստացաւ արժանի հակահարուած։ Զինադադարից յետոյ կրկին ու կրկին չկատարեց Ժնեւի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանաւորուածութիւններն ու դարձեալ մնաց անպատիժ։
Միջազգային իրաւունքի կոպիտ խախտումներով մօտ 30 տարի փակ է հայ-թուրքական սահմանը, եւ որեւէ միջազգային կառոյց, որեւէ երկիր չի անդրադառնում այս խնդրին։
Փորձագէտների հաշուարկներով Թուրքիայում 2-3 միլիոն իսլամացած հայ է ապրում, ինչպէս նաեւ ապրում են այլազգիներ, որոնք վախենում են իրենց ազգային ինքնութիւնը բարձրաձայնել, ինչը մարդու իրաւունքների եւ ազատութիւնների կոպիտ ոտնահարում է։
Թուրքիան անարգել գրաւել է Կիպրոսի մի մասը, Միջերկրական ծովում խախտում է բոլոր միջազգային նորմերը եւ անպատիժ շարունակում իր ‹‹առաքելութիւնը››՝ չնայած Յունաստանը (որը Եւրամիութեան անդամ է) տեւական ժամանակ բողոքում է, բարձրաձայնում Էրդողանի անօրինականութիւնների մասին, սակայն Եւրոպան որեւէ սանկցիայ դեռեւս չի կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Նա իր քայքայիչ գործունէութիւնն է շարունակում Սիրիայում, Լիբիայում՝ իր պանթուրքիստական նկրտումներին յագուրդ տալու համար։
Յարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընթերցող,
այսօր Արցախի ժողովուրդն ունի ազգերի ինքնորոշման միջազգային հիմնարար իրաւունքը իրացնելու խնդիր: Աշխարհը վաղուց դատապարտել եւ չեղարկել է ստալինեան բոլոր որոշումները, սակայն Լեռնային Ղարաբաղի բռնակցման որոշումը, չգիտես ինչու, դեռեւս ադրբեջանցիների համար ուժ ունի, եւ այդ է պատճառը, որ Ադրբեջանը շարունակում է իր յոխորտանքները: Սակայն, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հազարամեակների պատմութիւն, մշակոյթ ունեցող Արցախ աշխարհում ապրող բնիկ ժողովրդին փորձում են նուաճել քոչուոր ցեղերից ձեւաւորուած եւ ընդամէնը հարիւր տարուայ պատմութիւն ունեցող երկրները։
Եթէ Բեռլինի պատի անկումն ազդարարեց Եւրոպայում բաժանարար գծերի վերացումը, ապա ինչու՞ դրանից տասնամեակներ անց հայկական հանրապետութիւնները շրջափակուած են հարեւան երկու պետութիւնների կողմից, որոնք սահմանափակում են մարդկանց ազատ տեղաշարժուելու իրաւունքը:
եթէ Ադրբեջանը կարող է հպարտանալ իր միջազգային պարտաւորութիւնները խախտելով, ռազմական յանցագործութիւններ կատարելով, հայկական մշակութային արժէքները ոչնչացնելով, նաւթի ու գազի պաշարներով, տխրահռչակ ‹‹խաւիարային›› դիւանագիտութեամբ, Եւրոպայում կոռուպցիայ ու կեղծիք տարածելով՝ դրանով իսկ անջնջելի սեւ բծեր թողնելով եւրոպական արժէքների վրայ, ապայ մեր հպարտութեան առարկան հայ մարդն է՝ իր հզօր ներուժով, մեր անգնահատելի կապիտալը հայ ժողովրդի զաւակներն են, որոնք ցեղասպանութեան հետեւանքով աշխարհասփիւռ են դարձել, հասել ովկիանոսից՝ օւկիանոս, մայրցամաքից՝ մայրցամաք, ձեւաւորել Հայկական Սփիւռք եւ իրենց առաջադէմ մտքով ու խաղաղ, ստեղծագործ աշխատանքով կենսահաստատ արժէքներ են արարում, գիտութեան, մշակոյթի սքանչացնող լոյս եւ ոգեղէն ուժ տարածում, ծառայում քաղաքակրթութեան զարգացմանն ու առաջընթացին: Դուք ականատես էք, թէ Հայկական սփիւռքի բոլոր հատուածներն ինչպէս են ալեկոծւում, ամէն օր իրենց բնակութեան վայրի իշխանութիւններից, լրատուութեան միջոցներից ճշմարտութեան բարձրաձայնում են պահանջում, արիւնահեղութեան դադարեցում են տենչում, արդարութիւն են փափագում՝ իրենց խաղաղ ցոյցերով, եռագոյնով, քայլերթերով ու աւտօշարասիւններով, նստացոյցերով, ելոյթներով ու կոչերով, երգերով, սահմռկեցուցիչ, ‹‹աղաղակող›› լռութեամբ ու գրառումներով․․․
Ուզում եմ հաւատալ, որ հայ ժողովրդի արդարացի պահանջներին պիտի միանան օտարազգի արուեստագէտներ ու գրողներ, քաղաքագէտներ ու պառլամենտականներ, գիտնականներ ու մանկավարժներ, վերլուծաբաններ ու լրագրողներ, երիտասարդներ միանան ու դատապարտեն Արցախի դէմ արիւնահեղ պատերազմը, ձայն բարձրացնեն միջազգային տեռորիզմը հովանաւորող, իրենց նենգ ու դաւադիր նպատակների համար վարձկաններ օգտագործող թուրքական երկու ահաբեկիչ պետութիւնների դէմ։
Այս օրերին իրենց ճշմարիտ խօսքով, մարդկային եւ մասնագիտական բարձր որակներով պայքարի են ելել ռուս, ֆրանսիացի, ամերիկացի պառլամենտականներ, վերլուծաբաններ, հեռուստամեկնաբաններ, լրագրողներ, քաղաքագէտներ, ում շնորհակալ ենք եւ երախտապարտ։ Արդարամիտ մարդիկ չեն կարող անտարբեր մնալ, լռել եւ իրենց լռութեամբ խրախուսել ահաբեկչութիւնը։
Սիրելի՛ բարեկամ, որոշում կայացնող գործիչ, հասարակութեան, պառլամենտի անաչառ անդամներ,
սփիւռքահայերը ձեր պետութիւններում ապրող բարեխիղճ եւ օրինապաշտ քաղաքացիներն են, ձեր ընկերները, բարեկամները, ձեր ընտրողները, ովքեր հաւատում ու վստահում են ձեզ եւ մեծ ակնկալիք ունեն, որ դուք ձեր երկրների պառլամենտներում, այն միջազգային կազմակերպութիւններում, որտեղ անդամ էք, ամենատարբեր ատեաններում կը նախաձեռնէք եւ կ’ընդունէք արդարացի որոշումներ՝ հիմք ընդունելով հետեւեալ անբեկանելի ճշմարտութիւնները․
1․ Տարածաշրջանում հրէ ճարակը կանգնեցնելու եւ վիճակը կայունացնելու միակ ուղին, փրկութեան ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնիշխանութեան՝ Արցախի Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է՝ յենուելով ազգերի ինքնորոշման հիմնարար իրաւունքի վրայ, որին համահունչ արդէն երեսուն տարի սահմանուած կարգով՝ հանրաքուէով անկախացած Արցախը կառուցում է ժողովրդավարական, սոցիալական, իրաւական պետութիւն։
2․ Բոլոր ձեւերով նպաստել հրադադարի ու զինադադարի հաստատմանը եւ արիւնահեղութեան դադարեցմանը՝ վերադառնալով բանակցային գործընթացին։
3․սանկցիաներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ․
բոլոր միջազգային կազմակերպութիւններում սառեցնել նրանց անդամակցութիւնը,
չեղեալ յայտարարել ռազմական-տեխնիկական մատակարարմանը վերաբերող բոլոր պայմանագրերը,
թերեւս ժամանակաւորապէս դադարեցնել տնտեսական, առեւտրային բոլոր կապերն ու յարաբերութիւնները,
հետ կանչել այդտեղ հաւատարմագրուած դեսպաններին, դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներին։
Հաւատացած եմ, որ միայն համատեղ ուժերով, համալիր միջոցների ձեռնարկման արդիւնքում հնարաւոր կը լինի սանձել թուրք-ադրբեջանական-ահաբեկչական տանդեմի՝ տարածաշրջանին տիրելու եւ նորօսմանականութեան խելացնոր գաղափարներն իրականացնելու ձգտումները։
Հրանոյշ Յակոբեան
Իրաւաբանական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր,
Հայաստանի պառլամենտի անդամ՝ քսան տարուց աւելի,
ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան,
ՀՀ սփիւռքի հիմնադիր նախարար,
Հայ կանանց միութեան նախագահ
yerakouyn.com/2020/10/30/տարածաշրջանը՝-հրի-բոցերում-հրանոյշ-յ/