Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոստացած անակնկալը. սահմաններ այլեւս չկան
Արծրունի խոստացած անակնկալը. սահմաններ այլեւս չկան
02.11.2020 | Քաղաքականություն |
Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին ավանդական ճեպազրույցում պատասխանելով հարցերի, նշել էր, որ չի կարող ասել, թե ռազմաճակատի հատկապես որ ուղղությամբ է եղել թուրքական հատուկջոկատայինների կիրառումը, բայց տեղեկությունների վերջնական ամփոփման պարագայում թշնամուն այդ մասով սպասվում է անակնկալ:
Արցախի դեմ թուրքական ագրեսիայի կազմակերպման, կառավարման եւ իրականացման գործում հենց Թուրքիայի ներկայացուցիչների ներգրավման մասին հետախուզական տվյալներ ներկայացրեց ռուսական մամուլը: Ռուսական ռազմական շրջանակներին առնչվող Տելեգրամ ալիքները տարածեցին տեղեկություն, որ Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկում Ադրբեջան՝ Արցախի դեմ նետելու համար: Ըստ այդ ալիքների, թուրքական եւ ադրբեջանական զինվորականության միջեւ առաջանում են հակադրություններ, քանի որ թուրքերը մեղադրում են ադրբեջանցիներին, որ չեն կարողանում լավ կռվել եւ ստիպված են ներգրավել թուրք զինվորների:
Ռազմաճակատային տապալումները Անկարային ստիպում են ավելի ու ավելի ընդլայնել ներգրավվածությունը, ինչը նշանակում է, որ ավելի ու ավելի դժվար է լինելու թաքցնել այն, հարկադրելով թուրքերին բացվել:
Ըստ ամենայնի, հենց այդ համատեքստում է Արծրուն Հովհաննիսյանի խոստացած անակնկալը: Չփորձենք մանրամասնել, թե ինչպիսին կարող է լինել այն: Հաստատ Հայաստանի ՊՆ ներկայացուցչի խոսքերի մանրամասն դիտարկում անում են նաեւ թուրքերը, փորձելով կռահել, թե ինչ անակնկալի մասին է խոսում հայկական կողմը:
Դիտարկման արժանի է, որ այդ մասին խոսակցությունը ծավալվում է ՌԴ նախագահին Հայաստանի վարչապետի նամակի ֆոնին, որում Երեւանն առաջարկում է Մոսկվային սկսել ռազմական օգնության տեսակի եւ ծավալի վերաբերյալ «անհապաղ խորհրդակցություն», ինչպես նախատեսված է հայ-ռուսական ռազմական փոխօգնության պայմանագրով:
Մոսկվան հայտարարել է, որ մանրամասները քննարկվելու են: Անկախ նրանից, թե ինչպիսին են լինելու դրանք, խոսքը Մոսկվայի ռազմա-քաղաքական դերի առնվազն մեկ շոշափելի աստիճան բարձրացման մասին է, եթե անգամ դա տեղի է ունենում ՀՀ սահմանի շրջանակում:
Թուրքիայի սանձազերծած պատերազմը գործնականում սահման չի ճանաչում, եւ բավական է հիշել հայկական կողմի հայտարարությունն օրինակ այն մասին, որ Ադրբեջանի տարածքից թուրքական օդային գործողությունները Անկարան կառավարում է Թուրքիայի տարածքում օդային հրամանատարական կետից: Այդ իմաստով, հինգերորդ սերնդի պատերազմում սահմաններ այլեւս չկան:
lragir.am/2020/11/02/595358/