Խծաբերդը, Կարմիր շուկան եւ Ճարտարը դարձել են առանցքային այն գյուղերը, որոնց շուրջ մարտերի արդյունքում թշնամու հարձակողական մեջքը վերջնականապես ջարդվելու է
04.11.2020 | Ներքին կյանք |
Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
Հիմնվելով երկրորդ համաշխարհային պատերազմի փորձառության վրա՝ հետագա տասնամյակներում պետությունների ռազմագիտական միտքը կենտրոնացած է եղել ռազմական պլանավորման այնպիսի ռազմավարությունների մշակման վրա, որոնք օպերատիվ կարգով ու օպտիմալ ձեւով կլուծեին զորքերի տեղաշարժի ու սնուցման գերկարեւոր խնդիրները: Ուստի ճանապարհներն ամենից կարեւոր երակներն են մնում, քանի դեռ պատերազմներում մեծ քանակությամբ կիրառվում են մոտոհրաձգային ստորաբաժանումներ:
Արցախում այդ խնդրի վրա եւս մեծ ուշադրություն է դարձվում: Ներկայումս թուրքական բանակը փորձում է հասնել նրան, որ իր վերահսկողության տակ վերցնի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ եւ Մարտունի-Ստեփանակերտ ավտոճանապարհները: Ռազմական փորձագետների համար պարզ է, որ դեպի Արցախի միջնաշխարհ ներթափանցելու փորձեր կատարելիս թշնամին դեռեւս անկարող է լինելու պատերազմի մեջ ներգրավել իր մոտոհրաձգային ստորաբաժանումները, քանի դեռ այդ երկու երակների վրա վերահսկողություն չի սահմանել:
Հենց այդ տեսանկյունից շատ կարեւոր նշանակություն է ձեռք բերել Հարար-Խծաբերդ-Խանձաձորի խաչմերում-Ծակուռի ավտոճանապարհը: Այն թուրքերի համար այսօր ծառայում է որպես թիկունքից զորքերի լրացուցիչ սնուցման ճանապարհ, որի միջոցով դեպի Սղնախ ընկած անտառներ մատակարարվում են նորանոր դիվերսիոն-վարձկան ջոկատներ: Այսինքն դեպի Շուշիի եւ Ստեփանակերտի վրա զուգահեռ գործող երեք ուղղություն է թշնամին ծրագրել առաջիկայում գործարկել՝ անտառներով դեպի Սղնախ եւ Քարին տակ, Կարմիր-Շուկա Ստեփանակերտ եւ Մարտունի Ստեփանակերտ:
Հասկանալով այս ամենը՝ մեր բանակը խնդիր ունի կտրել թշնամուն նրա սնուցման երակներից՝ ճանապարհներից: Ու բանակը դա մեծ հաջողությամբ իրականացնում է հենց այս օրերին: Այսօր Խծաբերդը, Կարմիր շուկան եւ Ճարտարը դարձել են առանցքային այն գյուղերը, որոնց շուրջ մարտերի արդյունքում թշնամու հարձակողական մեջքը վերջնականապես ջարդվելու է՝ հիմք տալով հակահարձողական գործողություններ իրականացնելու համար:
Ռազմաճակատի այլ հատվածներում թուրքերն այլեւս որեւէ էական հաջողություն ոչ կարող են ունենալ, ոչ էլ կարող են ծրագրել: Այսօր միակ ճակատամարտը, որի վրա հույս են դրել թուրքերը, դա Խծաբերդ-Ճարտար ռազմաճակատի գիծն է: Ըստ էության այստեղ թուրքերին անակնկալներ են սպասվում:
lragir.am/2020/11/04/596299/