Մակրոնն ու Թրյուդոն բռնում են Կուրցի ձեռքն ու գալիս Հայաստան, ահա քեզ դաշինք

Police officers block a street after exchanges of gunfire in Vienna, Austria November 3, 2020. REUTERS/Radovan Stoklasa

Մակրոնն ու Թրյուդոն բռնում են Կուրցի ձեռքն ու գալիս Հայաստան, ահա քեզ դաշինք

06.11.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Վիեննայում տեղի ունեցած ահաբեկությունից հետո Ավստրիայի երիտասարդ կանցլեր Սեբաստիան Կուրցը Եվրոպային կոչ էր արել ստեղծել հակաահաբեկչական դաշինք: Ու՞մ է կոնկրետ հասցեագրված երիտասարդ Կուրցի կոչը, այդքան էլ պարզ չէ, կամ պարզ է այնքանով, որքանով պարզ է, թե ինչ է Եվրոպան, առնվազն քաղաքական կամ ռազմա-քաղաքական իմաստով: Իսկ թե ինչ է Եվրոպան ռազմա-քաղաքական իմաստով՝ պարզ չէ: Օրինակ, ինչ է Էրդողանը, որ Եվրոպայի վրա մատ է թափ տալիս եւ արդեն անգամ ոտք սրբում, պարզ է, իսկ թե ինչ է Եվրոպան…

Հետեւաբար պարզ չէ, թե ում է հակաահաբեկչական դաշինք ստեղծելու կոչ անում Ավստրիայի երիտասարդ վարչապետը: Որովհետեւ, մինչ նա անում է այդ կոչերը, եվրոպացիներին սեփական փողոցներում հանգիստ քայլել թույլ չտալու սպառնալիք հնչեցնող թուրքը խոսքից արդեն վաղուց անցել է գործի:

Հետեւաբար, այստեղ է նաեւ բանաձեւը, թե ինչ է Եվրոպան: Եվրոպան այն է, որը խոսքից կանցնի գործի: Կամ Եվրոպան նրանք են, որոնք խոսքից կանցնեն գործի: Ընդ որում, Եվրոպան այստեղ գուցե ստանում է արդեն որոշակիորեն այլ ձեւաչափ, այն իմաստով, որ ռազմա-քաղաքական եւ աշխարհագրական Եվրոպաները դառնում են տարբեր: Եվ այստեղ է թերեւս եվրոպական անվտանգության առանցքային բանաձեւը: Եվրոպան չունի աշխարհագրական անվտանգություն, ըստ այդմ անվտանգ լինելու համար Եվրոպան պետք է առաջնորդվի ռազմա-քաղաքական, ոչ թե աշխարհագրական չափումներով ու սահմանագծումներով:

Ահա այստեղ է նաեւ Երեւանի ու Ստեփանակերտի հայտարարությունների, միջազգային հանրությանը հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու կոչի տրամաբանությունը, որ հնչել է Ստեփանակերտից: Դաշինքի անհրաժեշտությունը, որ առաջարկում է Եվրոպային Սեբաստիան Կուրցը, դեռեւս մեկ ամիս առաջ բարձրաձայնել է թուրք-ահաբեկչական գրոհի ենթարկված Արցախի նախագահը:

Կուրցին պետք չէ դաշինք ստեղծել, պետք է միանալ դաշինքին՝ հայ ժողովրդի եւ հայկական բանակի «դաշինքին», որը պայքարում է ահաբեկության դեմ Եվրոպայի ռազմա-քաղաքական առաջնագծում: Մինչ Եվրոպայի երիտասարդ առաջնորդները քննարկում են, թե ինչ անել: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Կանադայի երիտասարդ վարչապետ Թրյուդոյի հետ քննարկել է իրավիճակն Արցախում, ինչպես հայտնել է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը: Թե ինչ են քննարկել, մանրամասները հայտնի չեն:

Եվ թերեւս կարեւոր էլ չեն, որովհետեւ խնդիրը շատ պարզ է՝ խոսքից անցնել գործի: Իսկ դրա համար, եթե Ֆրանսիայի նախագահը զանգահարում է Կանադայի վարչապետին, ապա թերեւս դա կարող է իմաստավորել մի նպատակ՝ Թրյուդոյի հետ բռնել Կուրցի ձեռքն ու նստել Հայաստան եկող օդանավը:

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

lragir.am/2020/11/06/596843/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail