Ժամանակն է, որ ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում. The National Interest-ի հոդվածը
7 Նոյեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The National Interest կայքը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ հանուն խաղաղության ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ն հյուպատոսություն բացի Ստեփանակերտում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոդվածի հեղինակ Մայքլ Ռուբինը գրել է. «Ստեփանակերտը պատմականորեն հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, որն այս պահին ենթարկվել է ադրբեջանական զորքերի, Թուրքիայի կողմից տեղափոխված վարձկանների լայնածավալ հարձակմանը՝ թուրքական դրոնների աջակցությամբ: Չնայած մարտերը տեղի են ունեցել ծայրամասային հատվածներում, սակայն Ստեփանակերտը նույնպես կրակի տակ է ընկել: Հաղորդվում է, որ թուրքական F-16-երը ռմբակոծել են քաղաքային ծննդատունը, իսկ հինգշաբթի լրագրողները հայտնեցին, որ քաղաքը ուժեղ կրակի տակ է: Միգուցե, շրջափակված քաղաք ամերիկացի դիվանագետներ ուղարկելը տրամաբանական չէ, սակայն Ստեփանակերտում հյուպատոսություն բացելը կհանգստացնի կոնֆլիկտը և, միգուցե, նպաստի խաղաղությանը»:
Նշվում է, որ ԼՂ-ում ԱՄՆ հյուպատոսություն բացելու առիթները կան: «Մինչ Հայաստանը պաշտպանում է Արցախի նոմինալ անկախությունը, իսկ Ադրբեջանը, հիմնվելով Խորհրդային ժամանակների սահմանային խառնաշփոթի վրա, հայտարարում է, որ պետք է վերահսկի Լեռնային Ղարաբաղը, անվիճելի է, որ այդ ռեգիոնը դարեր շարունակ ինքնուրույն է եղել, ինչն ամրապնդվում է ուժեղ տեղագրությամբ»:
Հոդվածագիրը նշում է, որ Ստեփանակերտում հյուպատոսության կամ դիվանագիտական ներկայացուցչության բացումն ԱՄՆ-ին թույլ կտա ոչ միայն հետևել իրադարձությունների զարգացմանը, այլ նաև կարող է զսպել ադրբեջանական, թուրքական ուժերի, արաբ վարձկանների կողմից խաղաղ բնակչության վրա հարձակումները:
Մայքլ Ռուբինը գրել է, որ Լեռնային Ղարաբաղում հյուպատոսություն բացելու համար Պետդեպարտամենտը տեխնիկական հարցեր պետք է լուծի: Նշվում է, որ դժվար է հակամարտության գոտի հանդիսացող տարածքում հյուպատոսություն բացելը, քանի որ սովորաբար հյուպատոսությունները ենթարկվում են այս կամ այն երկրի մայրաքաղաքում երկրի դեսպանությանը: Հոդվածագրի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող հյուպատոսությունը կցել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, քանի որ Ադրբեջանը չի վերահսկել այդ տարածքները դեռ Խորհրդային ժամանակների ավարտից ի վեր (Խորհրդային ժամանակներում էլ այն ինքնավար մարզի կարգավիճակ է ունեցել), չի կարող նաև հյուպատոսությունը կցել Երևանում ԱՄՆ դեսպանատանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը չխափանելու համար: «Սակայն այս դեպքում էլ նախադեպ կա: Տասնամյակներ շարունակ, քանի դեռ ԱՄՆ-ն չէր ճանաչում Երուսաղեմի նկատմամբ Իսրայելի հավակնությունները, Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը որևէ մայրաքաղաքում երկրի դեսպանության կցված չէր»,- նշում է հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն նույն կերպ կարող է վարվել նաև Լեռնային Ղարաբաղի դեպքում, որպեսզի շրջանցի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դիմադրությունը: