Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի համար. քաղաքագետ
31 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։ Այդ երկիրն իր դիրքերն է ամրապնդում արեւելյան միջերկրածովյան ավազանում՝ հավակնոտ հայտ ներկայացնելով Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ։
«Թուրքիան հայտ է ներկայացնում նաեւ մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող Ռուսաստանին՝ փորձելով նախաձեռնել այնպիսի գործընթացներ, որոնք կարող են ուժային հավասարակշռության որոշակի փոփոխություններ արձանագրել։ Այդ կերպ Թուրքիան նպատակ ունի լիարժեքորեն ներգրավվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին ոչ որպես զուտ սահմանակից երկիր, այլ որպես առաջատար սուբյեկտ, ով Ադրբեջանի միջոցով սեփական դիրքերն է ամրապնդում եւ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերվում է հավասարը հավասարի։ Այս ամենը աշխարհակարգի փոփոխության տարրեր են, որոնք կարող են դրսեւորվել ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակում»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրուցում նշեց ԵՊՀ քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։
Էրդողանը քաղաքական հայտ է ներկայացրել Սիրիայում, որտեղ կարողացավ ինչ-որ չափով սպասարկել իր ազգային շահերը։ Այստեղ, մեծ հաշվով, Թուրքիայի հիմնական մրցակիցը նույնպես Ռուսաստանն է։ Սիրիայում նոր աշխարհակարգի հաստատման քաղաքականության հիմքում ուժերի հավասարակշռմանն ուղղված քայլերն են, ինչը տեղի է ունենում շահերի առեւտրի, ուժային դիրքերի հարաբերակցության որոշակի հստակեցման արդյունքում։ «Երբ կողմերն ինչ-որ հարցում գալիս են իրենց համար անհրաժեշտ իրավիճակի, եւ ձեռք է բերվում փոխհամաձայնություն, ապա այդ կայունությունը դառնում է իրողություն»,- պարզաբանեց զրուցակիցս։
Հաջորդ ուղղությունը Հյուսիսային Աֆրիկայում՝ Լիբիայում է։ Այստեղ ռուս-թուրքական հակամարտող կողմերի համար հաջողությունը փոփոխական է. թուրքերը Լիբիայում առանձնահատուկ ձեռքբերումներ չունեցան, ի տարբերություն Սիրիայի, որտեղ տարբեր գործոնների եւ հատկապես ռազմուժի անմիջական մասնակցությամբ կարողացան այդ երկրի հետ սահմանակից մի շարք շրջաններում անվտանգության գոտի ձեւավորել։ Դա տեղի ունեցավ Ռուսաստանի հետ որոշակի համաձայնությունների արդյունքում։ Քաղաքագետի խոսքերով` հետագայում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նաեւ Իդլիբի ճակատագրի մասով, որոնք, սակայն, որոշակի կնճռոտ կողմեր ունեն եւ մինչ օրս շահարկվում են. Իդլիբում տեղակայված են ահաբեկչական խմբավորումներ, որոնց Ռուսաստանը որոշակի պարբերականությամբ խոցում է։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Ռուսաստանը չի թաքցնում, որ տարածաշրջանը նրա կենսական շահերի գոտին է։ «Սա նշանակում է, որ այստեղ ուժային հարաբերակցության ցանկացած փոփոխություն Ռուսաստանի համար քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ազգային շահերի գերակայություն է։ Ներկայումս Թուրքիան փորձում է որոշակի ուժային բալանս փոխել, ընդ որում` դա արվում է ոչ միայն շանտաժի, այլ նաեւ տարածաշրջանում անկայունության տարածման միջոցով»,- մանրամասնեց Ղեւոնդյանը։ Անգամ այն երկրները, որոնք իրենց ընդհանուր ներուժով մի քանի անգամ գերազանցում են Թուրքիային, չեն կարող հաշվի չառնել թուրքական՝ անկայունություն տարածելու այս ռազմավարությունը, որի բաղադրիչներից են ահաբեկիչների տարածումն ամբողջ տարածաշրջանով, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման Անկարայի ջանքերը, Եվրոպայում փախստականների անվերահսկելի հոսքերի եւ տեղական թուրքական էթնիկ համայնքների միջոցով շանտաժը:
Այս բոլորը գոյություն ունեցող աշխարհակարգի փոփոխման գործընթացներ են, մինչդեռ Հայաստանի համար դրանք առաջին հերթին պետության օպերատիվ անվտանգության ապահովման օրակարգ են, քանզի այսօր, ինչպես 100 տարի առաջ, օրախնդիր է չցեղասպանվելու հարցը։ «Այնուամենայնիվ, գալու է ինչ-որ մի փուլ, երբ Հարավային Կովկասում ուժերի որոշակի հավասարակշռություն կհաստատվի, որն ուղղակիորեն կապված կլինի նաեւ այսօր արցախյան ռազմաճակատում կողմերի ռազմական հաջողությունների կամ անհաջողությունների հետ,- ասաց քաղաքագետը, ապա շարունակեց.- Մենք այն վահանն ենք, որը պետք է դիմագրավի այդ հավասարակշռության փոփոխության մարտահրավերներին։ Մեր օրակարգը շատ ավելի նյութական եւ առարկայական է, որովհետեւ մե՛ր զինվորներն են պայքարում, մե՛ր ռազմական ղեկավարությունն է իրականացնում այդ ամենը մե՛ր հողում, թեեւ կա նաեւ անհրաժեշտ աջակցություն գործընկերներից»։
«Նոր դարաշրջա՞ն», թե՞ անկման մեկնարկ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրապետության 97-ամյակի կապակցությամբ հեռուստատեսային ուղերձում հայտարարել էր, որ մտադիր է 2023 թվականին տարածաշրջանում եւ աշխարհում «նոր դարաշրջան» սկսել։ Հիրավի չափազանց հավակնոտ ծրագիր է, բայց արդյոք Թուրքիայի ռազմական եւ տնտեսական հնարավորությունները թույլ կտա՞ն նման զարգացումներ ունենալ։ Զրուցակցիս խոսքերով` Էրդողանը շատ պաթետիկ եւ միեւնույն ժամանակ պրագմատիկ քաղաքական գործիչ է եւ կարծում է, թե կարող է «նոր դարաշրջան» բացել Թուրքիայի համար՝ նեոօսմանիզմի գաղափարախոսությունն այս կամ այն դրսեւորումներով տարածելով ոչ միայն Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, այլեւ Միջին եւ Կենտրոնական Ասիայի երկրներում։ «Ընդհանուր առմամբ, այս ամենը նույնպես կապված է աշխարհակարգի փոփոխության հնարավորությունների եւ այն միջազգային իրավապայմանագրային բազայի հետ, որի վրա հիմնված են ժամանակակից միջազգային հարաբերությունների գլոբալ ու ռեգիոնալ համակարգերը։ Էրդողանի տեքստերն ունեն տարբեր հասցեատերեր։ Թեեւ Թուրքիան բավականին մեծ ներուժ ունի, բայց միայնակ այդ ամենը չի կարող իրականացնել։ Ավելին՝ հակադարձող ուժերի շրջանակը նույնպես ունի բավականին մեծ ներուժ, եթե հարցը հասնի այդպիսի գործընթացների»,- ընդգծեց Ղեւոնդյանը։
Թուրքիան ակտիվորեն խորացնում է համագործակցությունը նաեւ միջինասիական թյուրքական ծագում ունեցող պետությունների, մասնավորապես` Ղազախստանի հետ։ Օրեր առաջ Թուրքիայի եւ Ուզբեկստանի միջեւ ստորագրվեց ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր։ Այս ուղղությամբ Թուրքիան իր դերակատարման մեծացումը փորձում է կյանքի կոչել համաթուրքականության գաղափարախոսության ներքո, սակայն, ըստ քաղաքագետի, թեեւ այդ երկրները՝ Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանն ունեն թուրքական ծագումնաբանություն, սակայն թուրքական քաղաքական փիլիսոփայության կրողը չեն։ «Ղազախստանի մոտ հարց կարող է առաջանալ, թե ով է լինելու լիդերը։ Մյուս կողմից՝ Ռուսաստանում եւս թուրքական ծագումնաբանություն ունեցող բնակչությամբ ինքնավարություններ կան։ Այդ իմաստով Էրդողանի ուղերձների անուղղակի հասցեատերերը նաեւ նրանք են։ Պանթուրքիզմի գաղափարի ներքո միավորման հարցում եւս Հայաստանը որոշակի զսպիչ վահանի դերակատարում ունի»,- ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ