«Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, նոր փուլի սկիզբն է», – շեշտում է The National Interest-ը
Նոյեմբեր 12, 2020 – ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐ – Հրաչ Մելքումյան
«Նիկոլ Բաշինեանի մանկական թատերաբեմը աւարտած» Լուսաւոր Աւետիս
Այսօր ստեղծված իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբ է, ընդգծում է The National Interest ամսագիրը, որը պաշտպանական և անվտանգության հարցերով մասնագիտացված հանդես է:
Անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությանն ու դրան անմիջապես հաջորդած իրադարձություններին՝ հանդեսը նշում է, որ Հայաստանում մարդկանց զայրույթը հասկանալի է, համաձայնագիրը Հայաստանի համար աղետալի է` Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղի հարավային տարածքների զգալի մասը, Ղարաբաղը շրջապատող ռազմավարական առանցքային շրջանները, մշակութային կենտրոն Շուշիից դուրս եկած մարդկանց հավանական է չթույլատրեն վերադառնալ: «Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի ավտորիտար բռնակալը, որը պատերազմը վարում էր իսրայելական դրոններով, սիրիացի վարձկաններով, թուրքական F-16-երով և սեփական հատուկ զորքով, չարախնդում է: Նա ասել է, թե երաշխիքներ չկան, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը շարունակի գոյություն ունենալ», – գրում է The National Interest-ը:
Գործարքը, որը, ինչպես հաղորդվում է, բանակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ոչ միայն նախատեսում է ռուսական և թուրքական զորքերի տեղակայում, այլ նաև Հայաստանի տարածքով տրանսպորտային ուղի, որը կկապի Նախիջևանի անկլավը Ադրբեջանին: Ալիևն ասել է, որ համաձայնագրում այդ կետն ավելացվել է իր պնդմամբ:
The National Interest-ը գտնում է, որ այդ երկու փաստերը շատ խնդրահարույց են և պետք է հարցականի տակ դրվեն ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից:
«Իսրայելում գերմանական զորքերի տեղակայումը, Կորեայում՝ ճապոնական զորքերի, կամ Լիբիայում՝ իտալական զորքերի տեղակայումը պատմականորեն անընդունելի կլինի ընկալելու համար: Թույլատրել, որ թուրքական զորքերը լինեն Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ շրջաններում, ավելի վատ է, քանի որ Թուրքիայի կառավարությունը շարունակում է հերքել հայերի ցեղասպանությունը, քանի որ Էրդողանը և նրա կառավարությունում շատ տարրեր շարունակում են խոսել կրոնական պատերազմների լեզվով: Սիրիայի հյուսիսում գտնվող թուրքական զորքերն Էրդողանը կոչում է «Մուհամեդի բանակ», իսկ Yeni Akit իսլամական թերթը գրել է. – «Գնա ասա անհավատներին՝ Մուհամեդի բանակը վերադարձել է», – նշում է The National Interest-ը:
«Պատճառներ չկան, որ Թուրքիան որևէ դերակատարություն ունենա հակամարտությունում: Նրան թույլատրելը նշանակում է պարգևատրել թուրքական ագրեսիան, հաստատել Էրդողանի պանթուրքիզմի զառանցանքները, խրախուսել նրա հետագա մարտահրավերները մեկդարյա վաղեմության սահմանների ուղղությամբ», – ընդգծում է պարբերականը:
The National Interest-ը նշում է, որ Ադրբեջանի հարձակումը նաև ապտակ էր Մինսկի խմբի գործընթացին, որը ձգտում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտին հասնել բանակցությունների միջոցով:
«Այն փաստը, որ Միացյալ Նահանգները տեղ չգտավ Ռուսաստանի առանձին համաձայնագրում, ընդգծում է բազմակողմ խմբերին ապավինելու անմտությունը և Ռուսաստանի հաղթանակն է հանդիսանում», – ասված է հրապարակման մեջ:
Հոդվածագիրը հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ը գուցե տվել է իր համաձայնությունը մի պայմանագրի, որը, նրա գնահատմամբ, ուժեղացնում է Ռուսաստանին, խարխլում ծնվող ժողովրդավարությունը, ընդգծում Պետդեպարտամենտի նվաստացումն ու ռազմավարական շփոթությունը:
«Կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է տոնել, իսկ Հայաստանը՝ ամոքել իր վերքերը: Վաշինգտոնում ոչ ոք չպիտի շփոթի հանդարտությունը խաղաղության հետ: Ցուցադրելով իր անբարեխղճությունը Մինսկի խմբում և սկսելով էթնիկ նոր զտումներ՝ Ադրբեջանը հակամարտության նոր փուլի հող է նախապատրաստում: Հայաստանին նվաստացնելու նրանց ջանքերը այնտեղ ավելի պոպուլիստ կառավարությունների հող կստեղծեն, որոնք կսպասեն վրեժխնդրության հնարավորությանը: Սա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջը չէ, սա միայն նոր փուլի սկիզբն է», – ամփոփում է The National Interest-ը:
azatutyun.am/a/30943984.html