Ռուսաստանը 1820 թվականից սկսած մեզ այդ ճակատագրին է մատնել

Ն․ Պէրպէրեան

Ռուսաստանը 1820 թվականից սկսած մեզ այդ ճակատագրին է մատնել

13.11.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը

Պարոն Բերբերյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը, որով 7 շրջանները, նաև Շուշին վերադարձվում են Ադրբեջանին:

Այդ հայտարարությունը Ռուսաստանի կողմից հրամցված և մեր ճարահատ իշխանությունների կողմից ընդունված հայտարարություն է: Մենք, ըստ էության, պարտվեցինք, ոչ զենքն էր բավարար, ոչ մարդկային ռեսուրսը: Սա հայ-թուրքական պատերազմ էր Ռուսաստանի օրհնությամբ, իրենց միջև ներքին պայմանավորվածությամբ: Մենք արեցինք այն, ինչ կարող էինք: Ո՞վ է մեղավոր՝ Փաշինյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը, որ իշխանությունն ինչ-որ ձևով փոխանցեց իր հաջորդին, այդ օրվանից գիտեր, որ այս օրը գալու է: Նա իր համար ավելի ապահով անկյուն գտավ:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում 17 քաղաքական ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի, բողոքի ակցիաները Երևանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Դաշնակցությունը իր անունի հետ կապ չունեցող քաղաքական կազմակերպություն է այսօր Հայաստանի մեջ: Արտասահմանում կա սերնդեսերունդ մնացած, պահպանված Դաշնակցության կազմակերպությունը: Խոսքը Հայաստանում գոյություն ունեցող Դաշնակցության մասին է, որը միայն անունով կա: Իսկ այդ քաղաքական ուժերը դեռ պատերազմը չսկսած, սեպտեմբերի 27-ից առաջ մեկ բան էին ուզում, որ իշխանափոխություն լինի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, և իրենք իշխանությունը վերցնեն: Թե ով կվերցներ, ինչպես կվերցներ, դա էլ անհայտ է: Թերևս եթե Ռուսաստանից ավելի կոնկրետ առաջարկություն ստանային, կորոշեին, թե իրենցից ում առաջ մղեն: Ռուսաստանն այդ հույսերն էր ներշնչում, 3-4 սցենարներ ընթացքի մեջ էր դնում, որպեսզի հասնի ի վերջո այս 27 տարվա պայմանավորվածության իրագործմանը, այսինքն՝ ԼՂԻՄ-ը ռուսական ազդեցության տակ ավելի ինքնավար դարձնելուն, որն իրեն հնարավորություն կտա Ադրբեջանի և Հայաստանի վրա իր ազդեցությունը բանեցնել՝ մեկ այս կողմ, մեկ մյուս կողմ թեքելով, մեկ մեկին զինելով, մեկ մյուսին զինելով: Այս խաղը Ռուսաստանն ուրիշ տեղեր էլ է խաղացել: Մեզ դրանով ճնշելու է, քանի որ սա մեր ճակատագրի հարցն է:

Բարեբախտաբար, միջազգային կոնսենսուսը, որը ի վնաս Հայաստանի է գոյացել, խնդրո առարկա չի դարձել նաև Հայաստանի պետական գոյության իրավունքը, և Արցախի ինքնիշխան իրավունքի հիմքը: Մենք փառք պիտի տանք մեր ժողովրդին, որ ոտքի կանգնեց պայքարի, զոհաբերությունների գնաց, դրանով մենք պարտադրեցինք ամբողջ աշխարհին, որ այսօր Հայաստանի պետական գոյությունը, անկախությունը, Արցախի ինքնիշխան գոյությունը միջազգային կոնսենսուսը խնդրո առարկա չի դարձնում: Եթե հետ գնանք 1988-ից առաջ, պիտի ընդունենք, որ այսօրվա այս պայմանագրով, որ դեռ չգիտենք, թե այս հողերից որն է անցնելու կամ չի անցնելու Ադրբեջանին, կամ որքանով երկար են նրանք կարողանալու այդտեղ մնալ, այդ երաշխիքները ոչ ոք չունի, Թուրքիան ու Ադրբեջանն էլ չունեն: Իրենց համար նպաստավոր ժամանակը եկավ, և իրենք օգտվեցին դրանից: Արաբները մի ասույթ ունեն, ասում են՝ ամեն մի դեպքի առիթով խոսակցություն է լինում, այսինքն՝ ինչ-որ պատահում է, դրա մասին միշտ ասելիք կա: Հիմա սպասենք, տեսնենք, թե այս պահի կոնսենսուսը՝ Արցախն ու Հայաստանը պարտվածի այս վիճակին մատնելու ուղղությամբ, մեկ ամիս, մեկ տարի, առավել ևս 5 տարի հետո ինչ է լինելու:

Տեսեք, այս ամբողջ խոսակցության ընթացքում մենք չենք ուզում անդրադառնալ, որ ռազմաքաղաքական առումով, աշխարհի մեծ պետությունների առումով Հայաստանը սահմանամերձ պատվար է, պատնեշ է Ռուսաստանի Դաշնության համար: Թուրքիայի հետ իրենց առևտրի մեջ, գործարքների մեջ ռուսներն իրենց մութ հաշիվներն ունեն, որոնց մասին մենք իրազեկ չենք: Բայց իմ ժողովրդի պատմության փորձառությամբ գիտեմ, որ ռուս-թուրքական գործարքների մի ամբողջ պատմություն ունենք 1820 թվականից սկսած: Կարող եմ բերել Կարնո օրինակը, որ Կարինն ազատագրել են, պարպել ու հայությանը հեռացրել: 100 տարվա ընթացքում երեք անգամ մեզ այդ ճակատագրին են մատնել: Հետևաբար այդքան դյուրին չէ այսօրվա կացությունը, թե որքանով մնայուն կլինի այս կացությունը հայերի համար: Այո, մենք ճակատամարտը պարտվեցինք, պետք է նայենք, թե ինչպես շահենք պատերազմը, որովհետև պատերազմը դեռ առջևում է, պատերազմի առումով դեռ ոչինչ չի փոխվել: Այն մարդիկ, որոնք ասում են, թե հայ-թուրքական պատերազմն ավարտվել է, թող պատրաստվեն ավելի ծանր ողբերգության: Հայ-թուրքական պատերազմը խաղաղության մեջ շատ ավելի ուժեղ պետք է շարունակվի, քան պատերազմի ընթացքում: 1920 թվականից հետո, այս 100 տարվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է այս պատերազմին: Մենք ոչինչ չենք արել, որ թուրքական պետությունը երեխայական ինչ-որ նկրտումներից ներշնչված ուզում էր Բաքու հասնել: Նավթահորեր կան, համաթուրքական սուլթանական հավակնություններ կան, որոնք պատահականորեն չէ, որ արթնացել են Էրդողանի մոտ:

Վերը աստուած, վարը Հայկական Բանակ – Լեռնային առիւծները, Արցախի Պաշպանութեան Բանակ

lragir.am/2020/11/13/599232/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail