Ընդդիմությունը ներկայացրեց ճանապարհային քարտեզը

Ընդդիմությունը ներկայացրեց ճանապարհային քարտեզը

16.11.2020 | Ներքին կյանք | Lragir.am:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն այսօրվա հանրահավաքում ներկայացրեց ճանապարհային քարտեզը։

«Ձեզ ներկայացնեմ Հայրենիքի փրկության շարժումը, այսինքն՝ մեր բոլորի կողմից այն անհրաժեշտ քայլերն ու գործողությունները, ճանապարհային քարտեզը, որ մենք բոլորս միասին ուս-ուսի տված պետք է իրականացնենք։

Որոնք են այն քայլերը, որոնց միջոցով երկիրը պետք է դուրս բերվի այս ողբերգական և ճգմաժամային վիճակից»,- ասաց նա։

Առաջին՝ զինադադարի հաստատման եռակողմ հայտարարությունն անընդունելի, բայց կայացած փաստ է, իսկ ստեղծված պայմաններում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ անհրաժեշտություն։

«Մենք այդ փաստաթուղթը գնահատում ենք որպես ժողովրդի թիկունքում կնքված կապիտուլյացիայի ստորացուցիչ պայմանագիր։ Սակայն ամեն ինչ ավարտված չէ, անհրաժեշտ է դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով փորձել ստեղծված իրավիճակում մեր զիջումները հասցնել նվազագույնի։ Առաջին հերթին պետք է առաջիկա բանակցություններում բացառել Արցախի ամրագրումը Ադրբեջանի կազմում և հասնել Արցախի անկախությանը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է բանակցող։ Այս ձախողած, թուրքի առաջ կզած, ստախոս, անհաջողակ մարդն այլևս ի վիճակի չէ պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ Այս մարդը չի կարող հայ ժողովրդին ներկայացնել միջազգային բեմերում ու պաշտպանել հայ ժողովրդի շահը։ Ինքն այլևս բանակցություններ վարել ի վիճակի չէ, նրան զանգում և ասում են ինչ անի, որովհետև կզել է թուրքի առաջ, մեզնից խլել է մեր արժանապատվությունն ու ինքնասիրությունը» ,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ օրինական ու սահմանադրական ճանապարհը, որով հասնելու են Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, հետևյալն է։ «Կա երկու ճանապարհ՝ առաջինը, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հասկանար, մեղանչեր ու հրաժարական տար։ Այդ ճանապարհից ինքը հրաժարվել է։ Երկրորդ օրինական ճանապարհը հետևյալն է՝ անհապաղ Ազգային ժողովը պետք է հրավիրի արտահերթ նիստ՝ երկու օրակարգով՝ ռազմական դրության վերացում և Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկություն»,- նշեց նա։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձևավորի ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է երեք խնդիր։

«Խնդիր համար մեկ՝ հնարավորինս վերատեսության ենթարկել զինադադարի հայտարարությամբ նախատեսված համաձայնությունները և նվազագույնի հասցնել մեր կորուստները։ Այսինքն՝ առաջին խնդիրը պետք է լինի դա։ Երկրորդ՝ արտահերթ քայլեր ձեռնարկել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար, անվտանգային, սոցիալ-տնտեսական, առողջապահական, տնտեսական բոլոր հիմնախնդիրները լուծելու ուղղությամբ։ Այսօրվա կառավարությունն այս անմեղսունակների, անգրագետների թիմով սա ի վիճակի չէ անել։ Եվ երրորդ՝ սեղմ ժամկետներում պետք է կազմակերպել ազատ, արդար, հավասար պայմաններով խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր ժողովուրդը կորոշի իր իշխանությունը և կձևավորի նոր իշխանություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ սա է այն իրավական ճանապարհը, որը պետք է կազմակերպել ու իրագործել։ «Ես կոչ եմ անում, մեր ժողովրդի կամքն անկոտրում է, պետք է հասարակական ճնշման տակ իշխանությունը, առաջին հերթին քաղաքական մեծամասնությունը գնա այս քայլին։ Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ մեր երկիրը վտանգի տակ է, մեր երկիրը գտնվում է մի խելագարի ձեռքին, էս չարիքը փորձ է անելու էս ժողովրդին կրկին տանելու փորձությունների։ Միավորվեք, սիրելի հայրենակիցներ»,- կոչ արեց նա։

lragir.am/2020/11/16/600030/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail