Արևմտյան երկրները փորձում են վիժեցնել ԼՂ հարցով համաձայնությունը․ Սերգեյ Նարիշկին

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին

Արևմտյան երկրները փորձում են վիժեցնել ԼՂ հարցով համաձայնությունը․ Սերգեյ Նարիշկին

18.11.2020 | Քաղաքականություն | Lragir.am:

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մի շարք արևմտյան երկրների մեղադրել է Լեռնային Ղարաբաղում նորից հակամարտություն հրահրելու մեջ՝ Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նպատակով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր ունեցած տեղեկություններով, որոշ արևմտյան երկրներ իրենց ունեցած ալիքներով հայ և ադրբեջանցի ազգայնականներին դրդում են վարկաբեկելու և վիժեցնելու հրադադարի պայմանավորվածությունը։ Հայերին փորձում են համոզել, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում Երևանի պարտությունն էր։ Ներմուծվում է «պատերազմը մինչև հաղթական ավարտ» տանելու գաղափարը։ Ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը «նրանցից գողացել է հաղթանակը», երբ ադրբեջանական բանակը մեկ քայլի վրա էր Ստեփանակերտը վերցնելուց», – ասել է Նարիշկինը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի առաջատար երկրները փորձում են թաքցնել իրենց նյարդայնությունը Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ձեռքբերված համաձայնությունից։ «ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները զայրացած են, որ պատերազմը դադարեցվել է Մոսկվայի միջնորդությամբ։

Չէ՞ որ դա զրոյացրել է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու նրանց երկարամյա աշխատանքը։ Ոչ Վաշինգտոնը, ոչ «միացյալ Եվրոպան» չեն ուզում համակերպվել տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռության հետ։

Այն ապամոնտաժելու նպատակով այլ լավ բան չեն մտածել, քան Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների միջև նորից փորձել թշնամանք հրահրել։ Նման գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ ԱՄՆ-ը իր եվրոպացի գործընկերների հետ ինչպես միշտ լուծում են իրենց խնդիրները սովորական մարդկանց հաշվին, այս անգամ՝ ադրբեջանցիների ու հայերի։

Ամերիկացիներին ու եվրոպացիներին չի մտահոգում, որ սադրանքները կարող են նոր արյունահեղության հանգեցնել ու տարածաշրջանում ծանր ռազմական հակամարտություն ստեղծել»։

lragir.am/2020/11/18/600823/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail