Բանակը պետք է շատ արագ վերականգնել, վերազինել – Լևոն Շիրինյան

քաղաքագետ Լևոն Շիրինյան

Բանակը պետք է շատ արագ վերականգնել, վերազինել

18.11.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Տեղեկություններ կան, որ Թուրքիան Հայաստանի սահմանների մոտ զորքեր է կուտակում: Ձեր կարծիքով Թուրքիան ինչ խաղ է սկսել եւ ինչ վտանգներ եք հիմա տեսնում:

Թուրքիան, թուրքը քաղաքական մշակույթ ունի, որ մինչեւ վերջ իր նպատակները չռեալիզացնի, չի դադարեցնելու իր քայլերը: Երկրորդ, մեզ անհայտ է Էրդողան-Պուտին հարաբերությունների ներքին վիճակը: Պարզ է, որ նախորդ շրջանում նրանք իրար հետ համաձայնեցված են գործել: Հիմա Թուրքիան իրեն բավարարված չի զգում խաղաղապահների պարագայում, որովհետեւ ասում էր, որ հավասար հիմունքներով պետք է մտնեն Արցախ, ու հիմա երեւի էդ վեճն է առաջ տանում: Նաեւ երկրորդ մասը կա. ես պատերազմի հենց առաջին օրն ասել եմ, որ սա Հայաստանի պետականության գոյության հարցն է: Հիմա այդ հարցը չի լուծվել, որովհետեւ հայկական կողմն, այդուհանդերձ, ռուսների հետ համագործակցելով կարողացավ այդ տեռորը կանգնեցնել: Մենք հիմա չենք կարող հանգիստ լինել, հետեւաբար երկրում պետք է շատ արագ, օրինական իշխանության պայմաններում կայունություն մտցնել եւ բանակը շատ արագ վերականգնել, վերազինել: Պաշտպանության նախարարն ասաց, որ զինամթերքի պակաս ունեինք: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Շտապ պետք է բանակը վերազինել, վերակազմակերպել, շտապ, միաժամանակ չպետք է բանակի ոգին փչացնել: Այս ցույցերը բանակի ոգին մեռցնում են: Ես հանդիպել եմ առաջնագծից վերադարձած զինվորականների հետ, իրենց ոգին տեղն է, բայց եթե այս ցույցերը շարունակվեն, էդ իրենց լացուկոծով, բանակը կբարոյալքվի: Այս վիճակում նա չի կարող դիմակայել:

Կառավարությունը պետք է իր սահմանադրական բոլոր լիազորություններն օգտագործի: Միաժամանակ շատ շտապ պետք է կառավարության կազմը փոխեն, որ ժողովրդի մեջ էլ վերաբերմունքի փոփոխություն լինի: Կառավարության նկատմամբ լուրջ անվստահություն կա, բայց կառավարությունը պետք է աշխատի, կառավարության ամբողջական փոփոխությունն այսօր մահվան հավասար բան է: Եթե հանկարծ եղավ այն, ինչ ուզում են ընդդիմադիրները, ազգային փրկության կոմիտե եւ այլն, ապա կարող է առաջանալ իրավիճակ, որ մենք այլեւս ոչ մի կառավարություն չկարողանանք կազմել:

Արդեն կան հրաժարականներ, կարծում եք՝ կառավարության կազմն ամբողջովին պետք է փոխվի՞:

Ոչ իհարկե: Վարչապետը թող իր հայեցողությամբ, բայց հասարակության մեջ եղած տրամադրությունները հաշվի առնելով փոփոխություններ անի, որովհետեւ կառավարությունում մարդիկ կային, որոնց հասարակությունը չէր ընդունում: Եվ կառավարությունը պետք է համալրվի ոչ թե կուսակցական սկզբունքով, ոչ թե ազգային փրկության կոմիտեներով, այլ Հայաստանում եւ սփյուռքում եղած նորմալ, բանիմաց մարդկանցով:

The Mountain Lions, The defense army of the Republic Artsakh

lragir.am/2020/11/18/600917/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail