Ապստամբություն հյուսիսային Իրանում. 75 տարի անց – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Ապստամբություն հյուսիսային Իրանում. 75 տարի անց

Ապստամբություն հյուսիսային Իրանում. 75 տարի անց – ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

18.11.2020 | Քաղաքականություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

1945 թվականի նոյեմբերի 18-ին այսպես կոչված «իրանյան Ադրբեջանում» սկսվեց ապստամբություն Թեհրանի դեմ, որը կազմակերպել էր ԽՍՀՄ ղեկավարությունը: Իրանական նավթի հանդեպ Ստալինի հետաքրքրությունը փորձեցին օգտագործել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները, ծրագրելով միացում Իրանի հյուսիսում ադրբեջանաբնակ շրջանների հետ:

Ստալինին հետաքրքրում էր սովետա-իրանյան սահմանից մոտ երկու տասնյակ կմ հեռավորության վրա հայտնաբերված նավթահորերի շահագործումը եւ այդ առնչությամբ Թեհրանի համաձայնություն ստանալը, որպեսզի նավթահորերը չանցնեն ամերիկյան կամ բրիտանական շահագործման: Օգտվելով հնարավորությունից, որ Երկրորդ համաշխարհայինի բերումով իրանյան տարածքում էին գտնվում խորհրդային բանակի ստորաբաժանումներ, Ստալինը ադրբեջանական կոմկուսի ղեկավարների միջոցով կազմակերպեց ապստամբություն Իրանի հյուսիսում, իսկ սովետական բանակի ստարաբաժանումները ճանապարհ չտվեցին իրանյան ուժայիններին:

Ի վերջո երկարատեւ ճգնաժամից հետո Թեհրանը տվեց համաձայնությունը, ԽՍՀՄ-ը դուրս բերեց իր բանակը Իրանի տարածքից, իսկ այսպես կոչված ադրբեջանական ապստամբությունը ճնշվեց: Հետո սակայն Թեհրանը չկատարեց նավթի շահագործման առնչությամբ պայմանավորվածությունը:

75 տարի անց ԽՍՀՄ չկա, սակայն Իրանի հյուսիսային սահմանին տեղի են ունենում «տեկտոնական» շարժեր: Դրանք զգալիորեն արտացոլում են պատմության 100-ամյա վաղեմության այլ իրադարձություններ եւ տրամաբանություն, մասնավորապես ռուս-թուրքական համաձայնությունների առումով:

Այս անգամ սակայն հավակնորդը կլինի Էրդողանը: Եթե չքանդվի Թուրքիան, ապա Թուրքիան անպայմանորեն դնելու է Իրանը քանդելու հարց, եւ այդ հարցը բնականաբար դրվելու է «իրանյան Ադրբեջանի» համատեքստում:

Իհարկե, ներկայիս Իրանը 1945 թվականի Իրանը չէ, սակայն 2020 թվականի կովկասյան պատերազմը ցույց տվեց, որ ներկայիս Իրանն էլ չունի իր կենսական շահերը աշխույժ ռեժիմում պաշտպանելու հնարավորություն, այլապես կօգտագործեր այդ հնարավորությունն իր հյուսիսային սահմանին պատերազմ, ահաբեկիչներ եւ երրորդ երկրի ռազմական ներկայություն թույլ չտալու հարցում:

Իրանի դիվանագետները, պաշտոնյաները անցնող տարիների ընթացքում բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա երրորդ երկրի ռազմուժի տեղակայում:

Մինչդեռ, Իրանը թույլ է տվել երեքն էլ: Խոսքը թե պատերազմի մասին է, որի միջոցով էլ Թուրքիան ներբեռնել է ռեգիոն ահաբեկիչներ, եւ հաստատել նաեւ իր ռազմական ներկայությունը: Իր ռազմական ներկայությունն է հաստատել նաեւ Ռուսաստանը:

Իրանն այս անգամ իհարկե փորձեց կանխարգելել իրադարձությունների ընթացքը եւ մեծ ծավալի ռազմական ուժ եւ սպառազինություն մոտեցնել Իրանի հյուսիսային սահմանին, որպեսզի թույլ չտա «պատմության կրկնություն»:

lragir.am/2020/11/18/600774/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail