Անդրադարձ – Տեսակէտ. Գիշատիչները Կործանում Են Երկիրը, Իսկ Մե՞նք… – ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
12 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2020 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՇԽԱՐՀ:
ԴՈԿՏ. ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
Երբեք չէի կարծում, որ իմ երկիրը այսքան «քաղաքակիրթ» է, որ մէկ ամիս խաղաղ ցոյցերով, առանց արդիւնքի, իր երկիրը դաւաճանած, վաճառած վարչապետի հրաժարականը պահանջի եւ շարունակի սպասել նրա ինքնակամ հրաժարականին:
Որքան գիտեմ ու տեսնում եմ, քաղաքակիրթ երկրները ոչ թէ իրենց երկիրն են վաճառում, այլ հակառակը` երկրներ են գրաւում առանց մարդկային զոհերին ուշադրութիւն դարձնելու:
Քաղաքակիրթ երկրներում երկիրը վաճառողը եթէ անձնասպան չի լինում, նրան ոչ թէ ժողովուրդը, այլ իր բարձրագոյն մարմիններն են անմիջապէս դուրս նետում:
Այն, ինչ կատարւում է այսօր մեր երկրում, անհաւատալի է:
Այն անորակ իշխանութեան կողմից գնուած թափթփուկները, որոնք կոկորդ են պատռում պաշտպանելու դաւաճանին, ստորանում են այնքան, որ արդարացնում են նրա դաւաճանութիւնը, հաւանութիւն են տալիս նրա այդ որոշմանը, դեռ մի բան էլ հաստատում են` ասելով, որ` «Շատ էլ լաւ է արել», օգնում են նրա երկարակեցութեանը:
Մենք մեղադրում ենք թուրքերին, որ մեր ծերունիներին են գառան պէս մորթում, մեր գերիներին են տանջամահ անում, մոռանալով, որ մեր ներկայ իշխանութիւնն է նրանց այդ ազատութիւնն ու իրաւունքը տուել, վկան` նրա լռութիւնը իր ժողովրդի դէմ գործադրուող վայրագութիւններին:
Վկան` իր կողմից գնուածներին, որոնք ամենեւին չեն տարբերւում վայրագ, անուղեղ թուրքից:
Բայց այդ ե՞րբ այսքան թուրքացան: Չէ՞ որ Ռուբէն Տէր Մինասեանի եւ սասունցիների ջանքերով մեր երկիրը մաքրուել էր թուրքերից:
Ես նայում եմ այդ խամաճիկների հրճուանքից պայթող դէմքերին, նրանց ինքնամոռաց պաշտպանութեանը ու մտածում եմ. եթէ նոյնիսկ նրանք անտարբեր են երկրի յանձնմանը, իրենց հայրենակիցների դէմ գործադրուող վայրագութեանը, մի՞թէ այս մարդիկ հարազատ, ծանօթ, բարեկամ, մինչեւ իսկ հարեւան չունեն, որոնք զաւակ ու ամուսին են կորցրել, ինչպէ՞ս են կարողանում ապրել այդ նոյն փողոցում, քաղաքում, գիւղում, շրջապատում, ուր որդեկորոյս, գերեվարուած, անհետ կորածների ծնողների վիշտը տիեզերքն է պատռում:
Ինչպէս բացայայտուեց, 30 տարիներ երազուած թրքութիւնը կենդանութիւն է առել երկրում, բոլոր թրքասէրները ծաղկունք են ապրում:
Վերջապէս ԼՏՊ-ը իր յաղթանակն է տօնում: Նա իրականացրեց իր ծրագիրը իր կողմնակիցների` նիկոլների, հնամաշ, բայց կենդանի մնացած լիպարիտեանների, անդ. քոչարեանների, եւ ողջ իրենց անձնակազմի հետ, որոնք այսօր ջանասիրութեամբ աշխատում են ժամ առաջ իրենց թուրք գործընկերներին միանալ, իրենց դաւադիր ծրագիրը ամբողջացնելով իրենց բաժինը ստանալու: Գիշատիչների խնճոյքը սկսուել է, կարեւոր չէ, որ իրենց մատուցւում է իրենց հայրենակիցների մարմինները:
Իսկ մենք դեռ խաղաղ ցոյցեր ենք անում այն հաւատով, որ դրանով ծնկի կը բերենք այս վարձկաններին:
aztagdaily.com/archives/492764