ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին

Արեւմտահայերէն Լրատուական Կայք «ԼՈՒՍԱՒՈՐ ԱՒԵՏԻՍ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջոզեֆ Բայդենին

Մեծարգո տիարք

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրանից հետո տեղի ունեցող զարգացումները լարված ական են ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային անվտանգության և խաղաղության համար։

Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փոխադարձ պայմանավորվածությամբ թե պատերազմ սանձազերծելով և թե Հայաստանին կապիտուլյացիայի ենթարկելով, սկիզբ դրեցին տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը հօգուտ իրենց փոփոխելու նպատակով Արցախյան հակամարտությունը ուժի կիրառմամբ հանգուցալուծելու և, զուգահեռաբար, ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանից զիջումներ կորզելու մի գործընթացի։

Այդ գործընթացը հակասում է հակամարտության լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի մանդատին և նրանով ձևավորված Մինսկի խմբի սկզբունքներին, հանգեցնում է Արցախում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանական ակտերի և էթնիկ զտումների, ինչպես նաև ոտնահարում է Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ռազմավարական շահերը։

Ուստի, ձևի և բովանդակութւան առումներով միջազգային իրավունքին հակասող, սակայն Հայաստանին միջազգային պարտավորություններ պարտադրող 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը լեգիտիմ ակտ չէ և չի կարող դառնալ Արցախյան համակամարտության լուծման փաստաթուղթ։

Նույն հիմքով այլևս լեգիտիմ չէ նաև ուժի կիրառման սպառնալիքի տակ միջազգային իրավունքին և Հայաստանի Սահմանադրությանն ու ռազմավարական շահերին հակասող այդ փաստաթուղթը Հայաստանի անունից ստորագրած և ի կատար ածող Նիկոլ Փաշինյանը։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է 2021 թ․ հունվարի 11-ին, Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի անունից դարձյալ ապօրինի կերպով հավելյալ միջազգային պարտավորություններ ստանձնել, ինչը կարող է աղետալի լինել Հայաստանի համար և էապես վտանգել տարածաշրջանը։

Վերը նշվածի հաշվառմամբ հայտարարում ենք, որ.

1) ոչ լեգիտիմ կերպով Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող և ուժի սպառնալիքի տակ գործող Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերն ընդունելի չեն և Հայաստանի համար չեն առաջացնում միջազգային-իրավական պարտավորություններ,

2) 1920-21 թթ․ փորձի կրկնությամբ ռուս-թուրքական հերթական զավթումից ու գաղութացումից Հայաստանն ազատա
գրելուց հետո կնախաձեռնվի օտար զավթիչների միջազգային և յուրային դավաճանների ներազգային պատասխանատվության գործընթաց։

Մեծարգո տիարք

Դիմում ենք ձեզ՝ ակնկալելով ձեր աջակցությունը Արցախյան հակամարտության գործընթացը ռուս-թուրքական դավադիր ու ապօրինի ձևաչափից Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի ռազմավարական շահերի դեմ ոտնձգությունները դադարեցնելու, Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև գերիների վերադարձն ու անհայտ կորածների արդյունավետ որոնողական աշխատանքը երաշխավորելու հարցերում։

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

10 հունվարի 2021 թ․, Երևան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail