Եթե ուզում ենք, որ հայ ժողովուրդն ունենա Հայաստան, պետք է իրեն ցույց տանք, որ հորիզոն կա
25.01.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար: /Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ/
Մեր զրուցակիցն է ֆրանսահայ բժիշկ, Լիոնի փոխքաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը
Հայաստանում լուրեր են շրջանառվում, որ պատերազմի օրերին Մակրոնը հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է, որ երկու անգամ Հայաստանին առաջարկել է ԱԹՍ-ներին հակազդող համակարգեր ուղարկել, բայց Հայաստանը մերժել է: Ձեզ ի՞նչ է հայտնի այդ մասով, այս ամենը որքանով աղերս ունի իրականության հետ:
Ընդհանրապես, նման առաջարկները լինում են շատ գաղտնի, հետևաբար, ես տեղյակ չեմ նման առաջարկների մասին, և չեմ կարող վստահաբար ասել՝ նման առաջարկներ եղել են, թե չեն եղել: Ես շատ զգույշ եմ նման լուրերի վերաբերյալ իր վերաբերմունքի մեջ: Ես մեծ կասկած ունեմ այս հարցում և նման բաներ պնդելու համար պետք են փաստեր, ոչ թե զուտ խոսքեր: Ընդհանրապես, ես շատ զգուշությամբ և կասկածամտությամբ եմ վերաբերվում նման լուրերին:
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված իրավիճակը, մթնոլորտը, ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել Եվրոպայից այս փուլում:
Այս դժվար ժամանակներում, երբ պատերազմն ավարտվել է նման ելքով և երբ արցախյան բանակցություններն ընթանում են Պուտինի, Ալիևի, Փաշինյանի հանդիպումների մակարդակով, երբ չկան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ Ֆրանսիան ու Ամերիկան, մենք պետք է միավորվենք և մտածենք, թե որը պետք է լինի մեր ապագան: Եվրոպան կարիք ունի ավելի կայուն Հայաստանի և Ղարաբաղի, որպեսզի ինքն էլ տեղից շարժվի: Ես որևէ մեկի դեմ այսօր գանգատ չունեմ: Եկող շաբաթ ես այցելելու եմ Հայաստան և Ղարաբաղ, ցանկանում ենք օգնություն հատկացնել Արցախի ժողովրդին: Հուսով եմ, որ առկա քաղաքական հարցերը շուտ կլուծվեն և ուժեղ կառավարություն ունենանք:
Իմ երկրորդ մտահոգությունն այն է, որ իսկապես պետք է նոր էջ բացվի, որ թե Սփյուռքը, թե Հայաստանը նոր հարաբերություններ գծագրեն: Համաշխարհային մակարդակի տարբեր մասնագետներ կան Սփյուռքում, և մենք պետք է միասին մտածենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի վաղվա վիճակը, և աջակցեն Հայաստանին ոչ միայն ֆինանսական, տնտեսական հարցերով, այլ նաև բոլոր ասպարեզներում: Պետք է ուժեղ կառավարություն ստեղծվի Հայաստանում, որովհետև առանց դրա մեր ձայնը չի լսվի աշխարհում:
Կիսո՞ւմ եք տեսակետը, որ պետք է Սփյուռքից ներգրավվեն Հայաստանի կառավարությունում, այդ թվում նախարարների, փոխնախարարների մակարդակով, կարող ուժերը պետք է ներգրավվեն:
Այո: Ես ինքս էլ իմ պաշտոնի բերումով ունեմ քաղաքական պատասխանատվություն, բայց մենակ ոչինչ չեմ կարող անել, կողքս պետք է ունենամ զորավոր մարդիկ, մասնագետներ, փորձագետներ: Այս ամենը պետք է ստեղծվի:
Կարծում եք՝ ուժեղ կառավարություն ունենալու հարցը կարող են լուծել արտահերթ ընտրություննե՞րը:
Կարծում եմ՝ պետք չեն արտահերթ ընտրություններ, բայց պետք է այդ քայլն անցնենք:
Նախորդ տարեվերջին Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը Արցախի անկախության վերաբերյալ բանաձևեր ընդունեցին: Ի՞նչ ակնկալիքներ կան Ֆրանսիայի կառավարությունից, հնարավոր համարո՞ւմ եք, որ Ֆրանսիան Արցախի անկախության ճանաչման հարցն օրակարգ բերի ու ճանաչի այն:
Սա մեկ քայլով չպետք է լինի, բայց առաջին քայլերն արդեն արվել են: Մենք հիմա պետք է ավելի ընդլայնենք մեր գործունեությունը, որովհետև մինչև այս վերջին ամիսները Ամերիկան ասպարեզում չկար: ԱՄՆ-ն իր նոր նախագահով մեջտեղ պետք է գա: Մակրոնը միայնակ չէր կարող շատ հարցեր առաջ մղել, պետք է ԱՄՆ-ի, նաև եվրոպական այլ երկրների աջակցությունը: Եթե մենք կարողանանք միավորվել և ցույց տալ, որ Արցախի ապագան կարևոր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ընդհանուր տարածաշրջանի, նաև Արևմուտքի շահերի տեսանկյունից, ապա հաջողություն կարող ենք ունենալ: Մենք չենք կարող թույլ տալ, որ Թուրքիան միայնակ որոշումներ կայացնի Կովկասում, նաև չենք կարող ընդունել, որ միայն Ռուսաստանը մեր տեղը որոշումներ կայացնի: Մենք պետք է հասցնենք աշխարհի երկրներին, որ Արցախի անկախությունը կարևոր քայլ է: Եթե ուզում ենք, որ հայ ժողովուրդն ունենա Հայաստան, պետք է իրեն ցույց տանք, որ հորիզոն կա: Եթե հորիզոն չունենան, նորից դռները բացվելուց հետո հեռանալու են երկրից:
lragir.am/2021/01/25/616433/