Հայաստանի երաշխավորված ապագայի հրամայականը – Սփիւռքի անկախ մեծամասնութիւնը որոշած է իր ապագան – Լուսաւոր Աւետիս:
07.02.2021 | Մեկնաբանություն | Lragir.am:
Ընդհանրապես պրագմատիկ քաղաքականության մեջ առկա է չգրված, բայց մշտապես գործող օրենք, որ քաղաքական իշխանությունը կարող է դիրքորոշում արտահայտել լռությամբ, անտարբերությամբ, անգործությամբ, անկարողությամբ, անկազմակերպվածությամբ, չկամությամբ, ձգձգումներով, թուլակամությամբ և այլ ձևերով: Նման դեպքերում պրագմատիկ քաղաքականության իմաստավորման տեսանկյունից բացարձակապես նշանակություն չունի, թե տվյալ երկրի քաղաքական իշխանության կողմից համազգային, համապետական բնույթի ռազմավարական շահերին առնչվող հարցերի վերաբերյալ արտահայտած սխալ որոշումները կամ թույյլ տրված վրիպումները արվում են միտումնավոր թե ակամա, անգիտակցաբար թե տգիտությամբ պայմանավորված:
Ընդհանրապես երկիր կամ որևէ հասարակական, քաղաքական ինստիտուտ կարծանելու համար գոյություն ունի չգրված երկու եղանակ, մեկը՝ երբ տվյալ անձը նպատակադրված կայացնում է ազգի, պետության շահերին հակասող սխալ քաղաքական որոշումներ և կատարում վտանգավոր գործողություններ՝ բացարձակապես չմտածելով դրանց բացասական հետևանքների մասին (սա երկիր ղեկավարելու դեպքում), և երկրորդ՝ երբ որևէ ոլորտի ղեկավար նշանակվում կամ ընտրվում է մարդ, որը մասնագետ չէ ու դույզն իսկ պատկերացոում չունի այդ բնագավառից:
Այստեղ երկու դեպքում էլ արդյունքները բացասական են՝ կործանվում կամ կաթվածահար է լինում երկիրը, ոչնչանում կամ անօգտակար է դառնում տվյալ բնագավառը: Վերը նշված պարագաներում պետության ղեկավարի կողմից թույլ տրված սխալների կամ վրիպումների նկատմամբ պատասխանատվության աստիճանը չի կարող դառնալ մեղմացուցիչ կամ էլ արդարացնող հանգամանք, քանզի այդ որոշումներն ու վրիպումները հնարավոր է շոշափեն հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց ճակատագրեր: Հենց այս պատճառով էլ պետության առաջնորդի սխալվելու ռիսկի աստիճանը պետք է հասցնել ծայրահեղ նվազագույնի:
Հետևաբար, բաձարձակապես անթույլատրելի է, երբ երկրի ղեկավարը կայացնում է քաղաքական այնպիսի որոշումներ, որոնց մեջ ակնհայտ նկատելի է գիտելիքների թերի լինելը, խորաթափանցության պակասը, խնդրո առարկայի մասին ձևախեղված պատկերացումները և այլն, ինչը, ի դեպ, բնութագրական է ներկայիս վարչապետին: Չէ որ սեփական ձախողումները անհամոզիչ փաստարկներով հիմնավորելու անհաջող փորձերը կարող են վտանգել պետության ներկան, իսկ ապագան դարձնել անորոշ: Հայաստանի ներկան շարունակաբար կլինի վտանգված, իսկ ապագան՝ մշտապես անորոշ, քանի դեռ քաղաքականության հայկական ըմբռնման հիմքում ընկած կլինի հենց «հայկական տարբերակը»՝ դաշնակից երկրի կամ երկրների հանդեպ «քրիստոնեական», «խղճի», «մարդասիրության», «բարոյականության» և նմանաբնույթ այլ՝ պրագմատիկ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող պատկերացումների համակարգն ու կրոնա-բարոյական արատավոր մտածելակերպը: Նման պատկերացումների վրա հիմնված քաղաքական արատավոր մտածելակերպն իր ամբողջ խեղճությամբ դրսևորվեց և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում և, առավել ևս, 2020թ. նոյեմբերի 9-ին ընդունված խայտառակ հայտարարության ժամանակ ու նաև դրանից հետո ընկած ողջ ժամանակահատվածում:
Ոմանք (հատկապես իշխանամերձ շրջանակները) պնդում են, թե պատերազմն անսպասելի էր: Միթե՞ միջպետական կամ միջդաշինքային հարաբերություններում անսպասելի, անակնկալ զարգացումներ են լինում (չհաշված չնչին բացառությունները), կամ էլ փակուղային վիճակներ են առաջանում: Առավել ևս, եթե հարևան թշնամի պետության հետ գտնվում ես պերմանենտ քաղաքական, դիվանագիտական և ռազմական առճակատումների մեջ: Իհարկե, պրագմատիկ քաղաքականության մեջ ոչ անակնկալ զարգացումներ են լինում և ոչ էլ փակուղային վիճակներ են առաջանում: Պրագմատիկ քաղաքականության մեջ չկան և չեն կարող լինել փակուղիներ, այլ կան փակուղիներ ստեղծող և դրանցից ելք չգտնող քաղաքական, պետական գործիչներ և երկրների ղեկավարներ: Մեր քաղաքական-պետական մտածելակերպը ժամանակային շղթայի երեք օղակների՝ անցյալի, ներկայի և ապագայի հետ կապված խնդիր ունի:
Անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ քաղաքական-պետական պատկերացումները նույնպես վերանայման կարիք ունեն: Ինչու՞: Որովհետև մենք մշտապես կրկնում ենք դասագրքային այն պարզ ճշմարտությունը, թե հարկավոր է անցյալից դասեր քաղել: Բայց արդյո՞ք մենք անցյալից դասեր քաղում ենք: Իհարկե, ոչ: Չէ որ ներկան հիմնվում է անցյալի վրա, իսկ ապագան՝ ներկայի: Ժամանակները փոխվում են, իսկ մենք չենք փոխվում, մեր քաղաքական-պետական մտածելակերպը չի փոխվում: Չկա որևէ դժվար, անհնարին բան, եթե կա ցանկություն:
ՈՒրեմն մենք չունենք ցանկություն, որ փոխվենք: Եթե մեր քաղաքական-պետական մտածելակերպը ժամանակի պահանջներին համահունչ փոխված լիներ, ապա, ենթադրում եմ, որ Արցախի հետ կապված նման աղետալի զարգացումներ դժվար թե լինեին: Պատմական անցյալի մեր սխալները, կարծես թե, մագնիսական ուժ ունեն և դեպի իրենց են ձգում յուրաքանչյուր նոր սերնդի քաղաքական և պետական գործիչներին:
Ինչպես հայտնի է, Հին հռոմեացիները այսպիսի ասույթ ունեին. «Եթե ուզում ես խաղաղ ապրել, ուրեմն պատրաստվիր պատերազմի»: Իսկ մենք ի՞նչ արեցինք: Արդյո՞ք մենք արեցինք հնարավորն ու անհնարինը՝ պատերազմին պատրաստվելու համար: Իհարկե, ո՛չ: Մենք, ըստ էության, ասույթի առաջին մասի պահանջը կատարեցինք (խաղաղ ապրեցինք, բայց ենթագիտակցորեն մշտապես գտնվելով լարվածության մեջ) և մոռացանք, որ պիտի միաժամանակ լրջորեն պատրաստվեինք նաև պատերազմի: Պատրաստվեցինք, բայց ոչ այն չափով ու ժամանակակից սպառազինության պահանջներին համապատասխան: Առաջին արցախյան հաղթական պատերազմից հետո, զինադադար կնքելու հաջորդ իսկ օրվանից պետք էր պատրաստվել պատերազմի:
Սակայն մենք նախընտրեցինք ժամանակավոր անվտանգության մեջ ապրելու տարբերակը: «Նա, ով կվաճառի ազատությունը ժամանակավոր անվտանգություն ձեռք բերելու համար, չի ստանա ո՛չ ազատություն, ո՛չ էլ անվտանգություն», ասել է Բենջամին Ֆրանկլինը: Եթե Արցախի անկախությունը չճանաչվեց և գտնվեց թուրք-ադրբեջանական հարևանությամբ միջնորդավորված անվտանգության գոտում, ապա այնտեղ չի լինելու ոչ՛ ազատություն, և ոչ՛էլ անվտանգություն: Եթե սրան էլ ավելացնենք այն իրողությունը, որ ռուսական խաղաղապահ ուժերի Արցախում մնալու հետ կապված փաստաթղթային որևէ համաձայնագիր կնքված չէ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև և ռուսների ներկայություն էլ ժամանակավոր է, ապա արցախահայության ֆիզիկական անվտանգությանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները ամբողջությամբ դեռևս մնում են օդում կախված:
Ստեղծված վիճակի ամբողջ անհեթությունն այն է, որ այս իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո դեռ ոչ մի անգամ պաշտոնապես չեն հայտարարել, որ շարունակում են մնալ ԱՀ անվտանգության երաշխավորը (խոսքը առաջին դեմքի մակարդակով արված հայտարարության մասին է): Ենթադրվում է, որ արդեն կենսագրություն ունեցող պետական-քաղաքական գործիչները կամ քաղաքական ուժերը, ժողովուրդը անկեղծորեն ուզում են, որ էլ երբե՛ք Հայաստանը, հայությունը քաղաքական, տնտեսական, ռազմական և բարոյա-հոգեբանական նման ողբերգական, նվաստացուցիչ պայմաններում չհայտնվի: Եթե դա այդպես է, ուրեմն պետք է խորապես գիտակցվի երկրի անկախության շրջանի կառավարման ամբողջ փիլիսոփայությունը փոխելու անհրաժեշտությունը: Հայաստանի միա՛յն գոյատևման կամ, այսպես ասած,«յոլա գնալու» համար կիսատ-պռատ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակները վաղուց անցել են: Իսկ ի՞նչ է պետք այդպիսի նպատակի հասնելու համար:
Առաջին: Երկրի կառավարման բոլոր ոլորտներում (բարձր պաշտոններից սկսած մինչև ներքևի օղակներ) ընտրել կամ նշանակել բացառապես կոմպետենտ, պրոֆեսիոնալ կադրերին: Իմա՝ կուսակցականամոլությունից հնարավորինս ձերբազատվել:
Երկրորդ: Խստացնել բոլոր այն օրենքների բովանդակությունը, որոնք այս կամ այն չափով առնչվում են կոռուպցիային, կաշառակերոությանը և աներեր վճռականությամբ ու հետևողականությամբ կիրառել դրանք:
Երրորդ: Կոռուպցիոն մեխանիզմներ ստեղծողների և դրանց մեջ ներգրավվածների համար պատժի աստիճանը հավասարացնել պետական դավաճանության աստիճանի:
Եթե ցանկանում ենք, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանի ռազմա-տնտեսական զարգացման մակարդակը այնքան բարձր լինի, որ կարողանանք ոչ միայն մենք մեզ պաշտպանել, այլև հանդես գանք որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, ապա հարկավոր է իրագործել վերը նշված երեք պահանջները: Բայց ինչ՞ու հենց այս երեք պահանջները: Որովհետև, ըստ իս, նշված երեք պահանջների հետևողական իրագործումը կարող է երաշխավորել հասարակական կյանքի մյուս բոլոր ոլորտների անխոչընդոտ զարգացումը: Հարկ է արձանագրել, որ հատկապես կոռուպցիան ու կաշառակերությունն են հանդիսանում ցանկացած երկրի առաջընթացի և հզորության զարգացման հիմնական խոչընդոտը: Չէ որ դեռ հարց է, արդյո՞ք թուրք-ադրբեջանական տանդեմը կպահպանի հաստատված զինադադարը մինչև հինգ տարի, ինչին անձամբ ես խիստ կասկածում եմ:
Սադրանքներ հրահրելու միջոցով (ինչին գրեթե կատարելապես տիրապետում է թուրքը) թշնամիների կողմից նոր պատերազմի սանձազերծման վտանգը Հայաստանի ապագա իշխանություններից (գործող իշխանությունները անհապաղ պետք է հեռանան) պահանջում է գործել ոչ ստանդարտ պայմաններին համապատասխան: Հակառակ պարագայում մենք չենք հասցնի բանակը արդիականացնել անհրաժեշտ մակարդակով և Արցախի կորստին կհաջորդի Սյունիքի կորուստը: Հայաստանը իրավունք չունի ունենալ ընդամենը բանակ: Վոլտերը մի առիթով դիպուկ նկատել է. «Բոլոր պետություններն էլ ունեն բանակ:
Սակայն միայն պրուսական բանակն է, որ ունի պետություն»: Այո, մենք պետք է ունենանք այնպիսի բանակ, որով պայմանավորված կլինի անկախ Հայաստան պետության և՛ գոյությունը, և՛ հզորությունը: Հիշենք, որ անկախության տարիների (արցախյան 1-ին հաղթական պատերազմից հետո) Հայաստանի կառավարման «փիլիսոփայությունը» կենսունակ չէր և անարդյունավետ դուրս եկավ: Այնպես որ, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին, «ռուսաց թագավորին» թախանձագին նամակներ, բողոքներ, խնդրագրեր գրելու ժամանակները 1915թ. Մեծ Եղեռնի օրերից անցել են:
Մենք մինչև հիմա, կարծես թե, չենք ուզում նկատել, որ նույնիսկ Քրիստոսն էր իրերը կոչում իրենց անուններով, ասելով՝ «Կեսարինը Կեսարին, Աստծունը Աստծուն…»: Ցավոք, մենք՝ հայերս, հատկապես վերջին 100 տարվա ընթացքում շատ հաճախ ենք շփոթել Կեսարին Աստծու հետ, իսկ Աստծուն՝ Կեսարի հետ…
Սիրակ Հովհաննիսյան, քաղաքագետ