«Իրաւական Տեսանկիւնից Ուիլսընի Իրաւարար Վճիռը Ուժի Մէջ Է»

12 ՅՈՒՆՈՒԱՐ 2016
«Ապառաժ»-ի Հարցազրոյցը «Մոտուս Վիվենտի» Կենտրոնի
Ղեկավար, Դիւանագէտ Արա Պապեանի Հետ
Վարեց` ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ

1920թ. նոյեմբերի 22-ին Վուտրօ Ուիլսընը կայացրել է իր իրաւարար վճիռը եւ դեկտեմբերի 6-ին պաշտօնապէս փոխանցել է Փարիզ` դաշնակից ուժերի Գերագոյն մարմինին: Այդ վճռի պաշտօնական եւ ամբողջական անուանումն է` «Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի ու Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի` դէպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»: Այս տարի լրանում է Ուիլսընի իրաւարար վճռի 95-ամեակը: Այս կապակցութեամբ «Ապառաժ»-ը զրուցել է իրաւաբան, պատմաբան եւ դիւանագէտ, «Մոտուս Վիվենտի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանի հետ:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Պրն. Պապեան, 95 տարի առաջ ընդունուած այս փաստաթուղթն այդպէս էլ մնաց թղթի վրայ: Ի՞նչ էք կարծում` որքանո՞վ է Ուիլսընի վճիռն այսօր արդիական:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Մենք պէտք է Ուիլսընի իրաւարար վճռին մօտենանք երկու տեսանկիւնից` իրաւական եւ քաղաքական: 95 տարի առաջ այս կարեւոր վճիռը մնացել է թղթի վրայ, որովհետեւ Հայաստանը որպէս պետութիւն դադարել է գոյութիւն ունենալ: Չկար Հայաստան, ո՞ւմ պէտք էր վերադարձնէին այդ հողերը:

Հարցը դիտենք իրաւական տեսանկիւնից. իրաւական տեսանկիւնից, ես վստահ եմ, որ այն ուժի մէջ է գտնւում, երբեւէ չի բեկանուել, վերահաստատուել է առնուազն մի քանի անգամ, այդ թւում` Միացեալ Նահանգների ծերակոյտի կողմից քննարկումների ժամանակ` 1927 թուականի յունուարին:

Միշտ վստահ եմ եղել, որ հնարաւոր է այն յստակեցնել համապատասխան քաղաքական իրավիճակի փոփոխութեան պարագայում: Ես դա միշտ կապել եմ քրտական հարցի վերաբացման հետ: Եւ այսօր, երբ մենք տեսնում ենք Միջին Արեւելքում ընթացող փոփոխութիւնները, որտեղ տէ ֆաքթօ քրտական պետութիւնը գոյութիւն ունի, երբ որ տեսնում ենք Թուրքիայի ներսում քրտերի եւ թուրքերի միջեւ սաստկացող հակամարտութիւնը, որը վերջին 20-25 տարում նման ծայրայեղ վիճակում չի եղել, ես նորից եմ համոզւում, որ ուշ թէ շուտ քրտերը դնելու են իրենց պետութեան նաեւ տէ ժիւրէ ստեղծման հարցը, որը նշանակում է` իրենք պէտք է յղում անեն որոշակի փաստաթղթերի, որոնց մէջ լինելու է Սեւրի պայմանագիրը, որի 62-րդ յօդուածը յստակօրէն կապուած է Հայաստանի հետ: Այսինքն Քիւրտիստանի հիւսիսային սահմանը Հայաստանի հարաւային սահմանն է: Մենք պէտք է պատրաստ լինենք, որպէսզի կարողանանք պահն օգտագործել:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Ի՞նչ էք կարծում, Հայաստանի Հանրապետութիւնը ներկայիս իշխանութիւններն ի զօրո՞ւ են արդեօք հետամուտ լինելու Ուիլսընի իրաւարար վճռի բարձրացմանն ու օրինականացմանը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Ներկայիս իշխանութիւններն արտաքին քաղաքականութեան մէջ բազմաթիւ սխալներ են թոյլ տալիս եւ տուել, որոնցից մէկը 2009 թուականի հոկտեմբերի` ցիւրիխեան արձանագրութիւններն են, եւ, ընդհանրապէս, կառավարման պատճառով առաջացած ծանր ընկերային հոգեբանական վիճակը: Սակայն այս հարցով զբաղուելու համար բնաւ պէտք չէ որ ամբողջ հայ ժողովուրդը եւ Հայաստանը ներգրաւուի: Բաւական է, որ պետութիւնը 4-5 համապատասխան մասնագէտի աջակցի եւ հնարաւորութիւն տայ զբաղուելու այս հարցով: Ուրիշ բան է, որ մեր պետութիւնն այսօր դա չի անում եւ դրա հետ զուգահեռ սխալ յայտարարութիւններ է անում:

Ուիլսընի իրաւարար վճռի իրականացումը ես չեմ կապում միայն Հայաստանի հետ, որովհետեւ հարցը չի լուծուելու հայ-թուրքական յարաբերութիւնների շրջանակում: Միշտ պէտք է յիշենք, որ Հայաստանի հողերի հարցը երբեք երկկողմ յարաբերութիւնների հարց չի եղել: Հարցը լուծուելու է մեծ շրջանակի մէջ, այսինքն` երբ որ Միջին Արեւելքի վերաձեւաւորման խնդիր լինի: Դա Հայաստանը չէ որ պիտի լուծի, այլ` մեծ տէրութիւնները: Օրինակ, երբ Միացեալ Նահանգներ վերջնական եզրակացութեան եկան, որ թուրքական հզօր պետութիւնն այլեւս վստահելի դաշնակից չէ, որում բազմիցս համոզուել է, կամ հակառակը` երբ համոզուի, որ պէտք է մէկ այլ դաշնակից ունենայ` Քրտստան եւ աւելի մեծ Հայաստան: Մենք ինքներս չենք կարող ստեղծել մի իրավիճակ, որտեղ լուծուի մեր հողային հարցը, բայց պէտք է պատրաստ լինենք, որ ստեղծուի այդ իրավիճակը, օգտուենք պահից:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- 95 տարի առաջ Միացեալ Նահանգներ կարող եղան ընդունելու Ուիլսընի իրաւարար վճիռը: Այսօր ի՞նչն է փոխուել, որ Միացեալ Նահանգներ նոյնիսկ խուսափում է Ցեղասպանութիւն եզրոյթն արտասանել:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Նախ պէտք է նշեմ, որ Միացեալ Նահանգներ առաջին պետութիւնն է, որը 1951 թուականին ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը, հետագայում Ռիկընն է երկու անգամ ճանաչել այն: Շատերը դրա մասին չեն խօսում, որովհետեւ ձեռնտու չէ: Խորհրդային Միութեան տարիներին դա լռութեան էր մատնւում, քանի որ Խորհրդային Միութեան պարագլուխներն իրենց շահերն ունէին` Միացեալ Նահանգները ներկայացնել վատ լոյսի տակ: Հայկական լոպիինկն էլ առանձնապէս չի ուզում դրա մասին շատ խօսել, որովհետեւ դրա անուան տակ այն անընդհատ դրամական միջոցներ է հաւաքում, եւ անընդհատ, այսպէս ասած, պայքարի մէջ է:

95 տարի առաջ իրական էր իրաւարար վճռի կայացումը, քանի որ Թուրքիան դաշնակից չէր Միացեալ Նահանգներին: Այն ժամանակ նոյնիսկ հակաթուրքական տրամադրութիւններ կային, այդ թւում` նաեւ Հայոց ցեղասպանութեան պատճառով: Հսկայական թուով միսիոնարներ կային, որոնք Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան տարիներին միսիոնարական առաքելութիւն էին իրականացնում եւ ականատեսն էին Թուրքիայի ոճրագործութիւններին: Կան իրենց կողմից հրապարակուած հսկայական քանակութեամբ նիւթեր: Իրավիճակը փոխուեց այն բանից յետոյ, երբ Խորհրդային Միութիւնը սկսեց իրականացնել Բ. Համաշխարհային պատերազմից յետոյ ծաւալապաշտական քաղաքականութիւն դէպի Արեւելեան Եւրոպա: Հիթլերեան լուծից ազատագրումը բերեց այդ երկրների` Ստալինի լծի տակ յայտնուելուն: Բնականաբար Թուրքիան վախեցաւ եւ 1952 թուականին մտաւ ՕԹԱՆ-ի կազմի մէջ, եւ Միացեալ Նահանգներ, որպէս ՕԹԱՆ-ի դաշնակից երկիր, պէտք էր դաշնակցէր նրա հետ:

Ես այդ առումով բարձր եմ գնահատում Միացեալ Նահանգների դիրքորոշումը եւ հաւատարմութիւնը սեփական դաշնակցի նկատմամբ: Ի հարկէ, վատ է, որ դա մեր դէմ էր ուղղուած, սակայն դաշնակցին աջակցելը լաւ է, ոչ թէ մեր դաշնակցի նման, որը մեր թշնամուն զէնք է վաճառում: Փոխուել է դաշնակցական կապի ուժեղութիւնն ու վստահելիութիւնը: Հետաքրքիր երեւոյթ է տեղի ունեցել. Թուրքիայի հզօրացումը բերում է Արեւմուտքի հետ շահերի բախման, եւ ինչպէս արեւմտեան պաշտօնեաներն են ասում` Թուրքիան դառնում է աւելի քիչ կառավարելի: Իսկ եթէ այդպէս է, ուրեմն պէտք է բերել աւելի լաւ կառավարելի վիճակի, իսկ աւելի կառավարելի կը լինի Թուրքիան, եթէ այն լինի աւելի փոքր եւ աւելի թոյլ: Այսինքն Թուրքիայից Քրտստանի տրոհումը կը բերի Թուրքիայի հզօրութեան անկման: Դրան զուգահեռ` կայ նաեւ Եւրոպական Միութեան շահը: Թուրքիան 1960-ականներից առ այսօր սպասում է Եւրոպական Միութեանն անդամակցելուն, սակայն չի ընդունւում: Պատճառները շատ են, սակայն մի ուրիշ կարեւոր խնդիր կայ. Թուրքիան իր ազգաբնակչութեան թուով Գերմանիային հաւասար է, այսինքն` եթէ նա ընդունուի ԵՄ, նոյնքան պատգամաւորներ կ՛ունենայ, որքան Գերմանիան: Առաջիկայ 20-30 տարիների ընթացքում սպասւում է, որ Թուրքիայի ազգաբնակչութիւնը կ՛աճի եւ կը գերազանցի եւրոպական երկրներին: Կը ստացուի, որ ԵՄ-ում նա կ՛ունենայ ամենաշատ պատգամաւորները, եւ պէտք է կառավարի ԵՄ-ն: Ոչ մի եւրոպացի թոյլ չի տայ, որ ինքը դառնայ Թուրքիայի ձեռքին խաղալիք: Եթէ Թուրքիան տրոհուի մի քանի պետութիւնների, նա կը լինի մարսելի երկիր:

Իրավիճակը փոփոխւում է, եւ ըստ այդ փոփոխուող իրավիճակի, փոխւում են նաեւ յարաբերութիւնները պետութիւնների հետ:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում բացակայում են տարածքային պահանջները: Ի՞նչ էք կարծում, ո՞րն է պատճառը:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Շատ յաճախ այն բանաձեւերը, որոնք ընդունւում են, ձեւակերպւում են այնպէս, որ քիչ հակառակորդներ ունենան եւ կարողանան անցկացնել խորհրդարաններում: Տարածքային պահանջներ չնշելը գործը շատ է հեշտացնում: Կարող եմ նշել, որ, օրինակ, ելնելով նոյն Քանատայի օրինակից, որին մասնակից եմ եղել, եթէ տարածքային հարց մտցուէր, չէին անցնի բանաձեւերը, որովհետեւ նրանց զգալի մասը դէմ կը քուէարկէր: Միւս կողմից էլ` չեն կարող տարածքային հարց մտցնել, եթէ պետութեան մակարդակով դա չի ներկայացւում: Նրանք կ՛ասեն` դուք ուզում էք տարածքային հարց մտցնել այն դէպքում, երբ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները չեն խօսում դրա մասին, դեռ աւելի՛ն, բազմիցս ասել են, որ որեւէ տարածքային պահանջներ չունեն:

Բանաձեւերով չէ, որ այս հարցը լուծուելու է: Դրանք, այսպէս ասած, ճանաչողական բնոյթ ունեն, մի քիչ էլ բարոյական ճնշում է Թուրքիայի վրայ: Եթէ ամբողջ աշխարհն ընդունի Հայոց ցեղասպանութիւնը, եթէ անգամ Թուրքիան ընդունի Ցեղասպանութիւնը, դրանից բոլորովին չի բխում, որ երկրորդ քայլը կը լինի հատուցումների հարցը: Դրանք երկու տարբեր երեւոյթներ են:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Շատ յաճախ Հայաստանի Հանրապետութեան նախագահի մակարդակով նշւում է հայ-թուրքական յարաբերութիւնների` առանց նախապայմանների վերահաստատման մասին, սակայն ցիւրիխեան արձանագրութիւններն իրենց մէջ ամբողջովին պարունակում էին նախապայմաններ, որոնցից մէկը Թուրքիայի ներկայ սահմանի ճանաչումն է: Արդեօք Թուրքիայի ներկայ սահմանի ճանաչումը Ուիլսընի իրաւարար վճռի իրականացման համար ճակատագրական չի՞ լինի:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Ես ինքս կողմ եմ Թուրքիայի հետ յարաբերութիւնների վերահաստատմանը, սակայն իսկապէս` առանց նախապայմանների: Եթէ ցիւրիխեան արձանագրութիւնների փոխարէն լինէր երկու տող յայտարարութիւն, որ կողմերը որոշել են վերահաստատել դիւանագիտական յարաբերութիւն, ես լրիւ կողմ կը լինէի, սակայն ցիւրիխեան արձանագրութիւններն ամբողջութեամբ ենթադրում են նախապայմաններ, հետեւաբար այդ արձանագրութիւնները շատ բացասական են մեզ համար: Դրանք ամբողջովին չեղեալ չեն անի իրաւարար վճիռը, սակայն կը դժուարացնեն դրա իրականացումը:

Իրաւարար վճռի իրականացումը պէտք է լինի հետեւեալ կերպ. ՄԱԿ-ի արդարադատութեան դատարանը իրաւասութիւն ունի որեւէ իրաւական փաստաթղթի մասին կարծիք տալու: Եթէ դու հրաժարւում ես այդ հողերից, անգամ դրա ճանաչելու պարագայում, որ այդ հողերը քոնն են, դու չես կարող այն իրականացնել, որովհետեւ դատարանը կարող է ասել` ես չեմ քննում այդ հարցը, քանի որ վէճի առարկայ չկայ:

ԱՐՄԻՆԷ ՆԱՐԻՆԵԱՆ.- Ուիլսընի իրաւարար վճռի իրականացումը ինչպէ՞ս կարող է անդրադառնալ Թուրքիայի հայութեան վրայ:

ԱՐԱ ՊԱՊԵԱՆ.- Թուրքիայում ապրող հայութեան վրայ այն կարող է տարբեր անդրադարձ ունենալ, սակայն եթէ Թուրքիայում ցանկանան ճնշել այնտեղ ապրող հայերին, ապա հազար ու մէկ պատրուակ կը գտնեն. մենք բազմիցս դրա ականատեսը եղանք: Եթէ մենք այդպէս մտածէինք, ապա Ղարաբաղի հարցն էլ պիտի չբարձրացուէր` հաշուի առնելով, որ վտանգի տակ էր դրւում Ազրպէյճանում ապրող հայերի անվտանգութիւնը: Կան ազգային ձգտումներ, մղումներ, որոնք արդարացնում են ցանկացած բան: Ինձ համար Հայաստանի շահերը շատ աւելի բարձր եւ կարեւոր են, քան` հայկական որեւէ համայնքի շահը:

http://www.aztagdaily.com

Facebooktwitterredditpinterestlinkedinmail