Ինքնագովազդ Գարեգին Նժդեհի Հաշվին – Արայիկ Մկրտումյան

Ինքնագովազդ Գարեգին Նժդեհի Հաշվին – Արայիկ Մկրտումյան

15 ՓԵՏՐՈՒԱՐ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԵՐ ՈՒՂԻՆ:

«Ձեր այլանդակ վարքագծով, դուք Նժդեհին վաղու՜ց եք ապամոնտաժել. թուրքերը պարզապես շարունակում են ձեր գործերը»

Արայիկ Մկրտումյան

Օրերս համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները պահանջել են ապամոնտաժել Արցախի Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը։ Ասեկոսեներում խոսվում էր այն մասին, որ ռուսներն առաջարկել են համաձայնվել այդ պահանջի հետ՝ իրավիճակը չսրելու համար։ Իսկ հետո սկսեցին խոսել, որ արձանն ապամոնտաժվել է, հետո՝ հերքվեցին այդ լուրերը ու այդպես շարունակ․․․․Հիմա էլ խոսում են, որ արձանը պիտի տեղափոխվի թանգարանի բակի մոտ, կամ արդեն տեղափոխվել է, նորից է հերքվում հետո հաստատվում։ Մի խոսքով հայկական մամուլն իր բարձրության վրա է, այսինքն ամեն ինչ իրարամերժ է ու ժխտողական։ Ոչ ոք ոչնչի չի հավատում, դրանից էլ սկսվում է այս անկառավարելի քաոսը, բայց խնդիրը հիմա հայկական մամուլի վիճակը չէ այլ մարդկանց վերաբերմունքը Նժդեհի արձանի ապամոնտաժման լուրերի մասին։

Հիմնական արձագանքները բնականաբար խիստ բացասական երանգներ ունեին ու բոլորն էլ միաբերան նշում էին, որ Նժդեհի արձանի ապամոնտաժումը հավասարազոր է դավաճանության և որ ադրբեջանցիների պահանջը բավարարել այսօր, նշանակում է ավելի սրել նրանց, առանց այն էլ լկտի ախորժակը։

Ես դեռևս չգիտեմ, թե ինչքանով են արձանի ապամոնտաժման մասին լուրերը հավաստի, բայց եթե իրոք նրանք նման պահանջներ են դրել, նշանակում է, որ Նժդեհի արձանն ընդամենը պատրվակ է, որ ավելի առաջ մեկնեն իրենց ոտքերը, իսկ եթե մենք համաձայնվենք, դա էլ նշանակում է, որ մենք այս պահին այնքան թույլ ենք, որ ի վիճակի չենք անգամ որոշելու, թե մեր երկրում ում արձանը որտեղ դնենք, իսկ դա արդեն ավելի քան լուրջ է։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ մենք հասանք այս օրվան։

Ո՞վ է Նժդեհը։ Ի՞նչ գիտենք մենք նրա մասին և ինչքանով ենք հետևում նրա պատգամներին, նրա գաղափարախոսությանը։ Վստահ եմ, որ այսօր շատերը Նժդեհի ազգանունն ու կենսագրությունն անգամ չգիտեն, ուր մնաց գաղափարախոսության մասին հարցնելը։ Ցավոք, բայց այսօր շատերը, ովքեր հավանաբար նորմալ պատկերացում չունեն անգամ Նժդեհի մասին, շատերը, որոնք մազաչափ անգամ հարգանք չեն տածում դեպի հայրենի երկիրն ու հարազատ ժողովուրդը, շատերը, ովքեր չեն ապրել Հայոց ցավով ու շահով, այսօր բողոքում են, որ Նժդեհի արձան ապամոնտաժելը հավասարազոր է դավաճանության։ Ես հասկանում եմ այն մարդկանց ցավը, որոնց համար Նժդեհն իրոք գաղափարադիր ու գաղափարախոս է, բայց չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր այս ամենն օգտագործում են իրենց կարճաժամկետ քաղաքական գովազդն անելու համար։

Խոսքս հենց այդ մարդկանց է վերաբերվում, ովքեր բարեհաջող թալանել են երկիրը, կերել քաղաքացու ժամանակը, սպանել մարդկանց հույսը տարիներով ու այսօր ասում են տեսեք Նժդեհի արձանը ապամոնտաժվում է։

Դո՛ւք, որ այսօր այսպես շինծու կերպով «մտահոգվում եք» արձանի համար, երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կաներ Նժդեհը ձեր հետ՝ նման ապազգային գործունեության համար։ Երբևէ փորձե՞լ եք հասկանալ Նժդեհի իրական արժեքը, կարդացե՞լ եք, թե ինչպես է պայքարել ու տառապել Նժդեհը ի փառս Հայկազյան երկրի։ Ձեր այդ թանկարժեք մեքենաներով ու ցնցոտիավոր հոգով ի՞նչ կապ ունեք Նժդեհի հետ։ Մի՞թե Նժդեհը ձեզ նման ցածրամակարդակ կեցվածք ու կենցաղ ուներ։ Ինչպե՞ս եք համարձակվում խոսել նրա արձանի մասին, երբ ինքներդ քիչ էր մնում ողջ Հայաստանը ապամոնտաժեիք, իսկ հիմա էլ եկել արձանի կռիվն եք անում։ Մի՞թե Նժդեհը կգոհանար, որ երկիրը հասցրիք կատաստրոֆայի, բայց պահեցիք արձանը։ Ո՞ւմ է պետք արձանը, եթե թքած ունեք արձանի կերպարի գաղափարի ու պատգամների վրա։

Այսօր ով ասես իրեն նժդեհական է կոչում, ով ասես իրեն հայրենասեր է կոչում, բայց բավական է վերցնես իր ամենասովորական օրը ու կհասկանաս, որ այդ մարդն ու Նժդեհը իրար հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն ու չէին էլ կարող ունենալ։ ի՞նչ կապ կարող է լինել ազգային գաղափարակիր զորավարի ու մանրախնդիր գողի մեջ։ Ոչ մի։ Նորից եմ ասում ոչ մի։

Հիմա երբ իբրև թե ցավում եք, որ Նժդեհի արձանը կարող է ապամոնտաժվել, ասացեք խնդրեմ, թե ինչ եք արել Նժդեհի անունը վառ պահելու համար։ Ձեր գրպաններն եք լցրել, հսկայակական թվերով աշխատավարձ ստացել, անօրինություններ արել ու Նժդեհի համար արձան դրել ու Նժդեհով ինքնագովազդվել, մեկ մեկ էլ երգել նրա սխրաքների մասին։

Հայաստանի դատարկ ու կիսաքաղց գյուղե՞րն են նժդեհականություն, թե ձեր միլիոնանոց դղյակները, կամ գուցե այն, որ Արցախում այդպես էլ բնակչությունը չշատացավ, Հայաստանում մինչև հիմա մայրաքաղաք Երևանում ու խոշոր քաղաքներում կիսաավեր շենքերը այդպես էլ չվերակագնվեցին։

Է՜հ, Նժդեհն այնպիսի մեծություն է, որ ձեր ու ձեր նմանների գովազդի կարիքը չունի։ Այդ դուք եք փորձում Նժդեհի ստվերի տակ մարդ դառնալ ու նրա բառերը կապկելով փորձել գաղափարական ձևանալ։ Նժդեհը ձեր կարիքը չունի, այդ դուք եք, որ ամեն ինչ պղծելով պղծեցիք նաև նրա հիշատակը ու այսօր էլ կոկորդիլոսի արցունք եք թափում, որ տեսեք տեսեք, թուրքերը պահանջում են արձան ապամոնտաժել։ Նրանք թշնամի են, Նժդեհը նրանց սարսափն է, նրանք կպահանջեն, իսկ դո՞ւք։ Դուք ի՞նչ եք արել, որ արժանի լինեք նժդեհական կոչվելու։ Չլինի, թե կարծում եք, որ էժանագին գոռում գոչյուններով ու աշխատավարձով ճղճղալով Նժդեհին պիտի պաշտպանեք, կարծես թե Նժդեհն այնքան թույլ մի կերպար է, որ պաշտպանության կարիք ունի, այն էլ ձեր նման պաշտպանների, դուք գաղափարի որդեր ու սարդեր, որ Հայաստանը դարձրիք օրավարձու բանվորի ու մռայլված ընտանիքների երկիր։ Ու նորից չսկսեք, թե հներն այս արին, նորերը այն արին։ Չկա հին ու նոր, կա անհասկանալի ապազգային դիլետանտական ղեկավարման սկզբունք, գոռոզ իշխանավորի քթացից կերպար, որ առաջ էլ, հիմա էլ է։ Ավելի պարզ ասեմ, որ իշխանականներն ու ընդդիմադիրները չոգևորվեն՝ ոչ առաջ էր մի բան, ոչ էլ հիմա։ 1991թ․ մինչև այս օրը ներառյալ, Հայաստանում դեռևս չի եղել մի կառավարություն, որ իրապես արժանի լիներ նժդեհական կոչվելու։ Ոչ ոք։ Մնացածն ուղղակի գովազդ է, էսպես ասած բրենդինգ՝ պահի ու ընտրազանգվածի առաջ խոսելու համար։

Իսկ այ, որ Սյունիքում գյուղեր կան, որում ոչ ոք չի ապրում, գյուղեր կան, որ 50 հոգի էլ չկա, այ դա արդեն մի թեմա է, որն անհարմարություն է պատճառում, հետո էլ դե բարդիները խշշացին, ուռիները լաց եղան, իսկ ժողովուրդը թող սոված մնա, դա ոչ ոքի չի վերաբերվում։

Կեղծավորնե՛ր, չէ որ Նժդեհը Սյունիքի համար մի ողջ կայսրության դեմ պայքարեց, ապա ինչո՞ւ թույլ տվիք, որ Հայաստանի ողնաշարը հասնի այդ վիճակին, ինչո՞ւ հպարտ սյունեցուն այդպես ճնշեցիք։ Դե հա, բայց արձան հո սարքել եք։ Դե հա, արձանը ոչ հաց է ուզում, ոչ ջուր, իսկ այ երկիր շենացնելը մի քիչ բարդ թեմա է ու մեր խելքի բանը չէ, մերը միայն իրար հայհոյել անիծելն է ու հին-նոր թեմայով կռիվ կռիվ խաղալը, ու դա այն դեպքում, երբ դեռևս հարյուրավոր գերիներ ունենք, ավերված տնտեսություն ու ավերված հույս։

Ձեր այլանդակ վարքագծով դուք Նժդեհին վաղո՜ւց եք ապամոնտաժել, թուրքերը պարզապես շարունակում են ձեր գործերը։

Ինչ վերաբերվում է նորմալ մարդկանց, ապա խորապես կիսում եմ ձեր անհանգստությունն ու հուսով եմ, որ մենք կկարողանանք խուսափել այդ խայտառակ ապամոնտաժումից ու ի վերջո կկարողանանք հայաստանը դարձնել այն երկիրը, որին նման պահանջներով դիմելու մասին անգամ չեն էլ մտածի։

mer-oughin.am/2021/02/15/ինքնագովազդ-գարեգին-նժդեհի-հաշվին/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail