Արտահերթ Խորհրդարանական Ընտրությունների Անցկացման Հրամայականը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)

Արտահերթ Խորհրդարանական Ընտրությունների Անցկացման Հրամայականը

09 ՓԵՏՐՈՒԱՐ 2021 – ՀԱՅԱՍՏԱՆ:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ)

2021թ․ փետրվարի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման արդյունքում արձանագրել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից և հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ:

Պնդումը, թե լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, նույնքան մանիպուլյատիվ է, որքան խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության պնդումը, թե գործող կառավարության կողմից կազմակերպված ընտրությունները անպայմանորեն լինելու են իրենց օգտին կեղծված։

Քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ հայտարարել են, որ տեսնում են արտահերթ ընտրությունները՝ որպես ներկայիս վստահության ճգնաժամի հաղթահարման միակ միջոց։

Ստեղծված իրավիճակում արտահերթ ընտրություններից հրաժարվելը հիմք է տալիս ենթադրել, որ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի իր նեղ կուսակցական շահից դրդված է շահարկում հանրային պահանջի գաղափարը` իրապես չցանկանալով իմանալ կամ հաշվի առնել այն: Կառչելով մանդատից և արտոնություններից՝ կուսակցական շահը հանրայինին գերադասելու անպատասխանատվությամբ այն որևէ կերպ չի տարբերվում նախորդ՝ 2018թ. ժողովրդական հեղափոխության արդյունքում մերժված իշխանություններից:

Հարկ է արձանագրել, որ որոշ քաղաքական շրջանակների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս կազմակերպվող բողոքի ցույցերին հանրային լայն աջակցության բացակայությունը պայմանավորված է երկու հիմնական գործոններով.

նախկին ոչ ժողովրդավարական ու կոռումպացված համակարգի վերականգնման սպառնալիքով, և

այն հույսով, որ քաղաքական մեծամասնությունն, այնուամենայնիվ, կգիտակցի պահի լրջությունը և կկազմակերպի արտահերթ, ազատ և մրցակցային ընտրություններ՝ նոր իրողությունների պայմաններում ժողովրդի կամարտահայտմամբ իշխանություն ձևավորելու համար:

Ծանր պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական վերականգնմանն ուղղված համակարգային փոփոխությունները չեն կարող երաշխավորված լինել առանց հանրային վստահություն ունեցող իշխանությունների: Հանրության զգալի մասը չունի որևէ վստահություն, որ ներկա իշխանություններն կարողունակ են ոչ միայն դիմագրավել պատերազմի հետևանքով ստեղծված ներքին և արտաքին նոր մարտահրավերներին, այլև՝ ապահովել Հայաստանի խաղաղ զարգացման երաշխիքներ։

Վերահաստատելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը՝ մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, պահանջում ենք «Իմ քայլը» խմբակցությունից՝ գիտակցել սեփական պատասխանատվությունը ՀՀ քաղաքացիների ու պետության առջև և 2021 թվականի քաղաքական օրակարգ վերադարձնել արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցը՝ մինչ այդ սեղմ ու հստակ ժամանակացույցով ապահովելով ընտրական ու հարակից օրենսդրության բարեփոխումը և նախապատրաստելով ընտրական հանձնաժողովներն ու դատաիրավական համակարգը ընտրական օրենսդրության նվազագույն պահանջների ապահովմանը:

Հայտարարությունը բաց է միանալու համար՝ info@transparency.am

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Խաղաղության երկխոսություն ՀԿ

Փինք իրավապաշտպան ՀԿ

Սոնա Մանուսյան, հոգեբան

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

Կանանց իրավունքների տուն

mer-oughin.am/2021/02/09/արտահերթ-խորհրդարանական-ընտրություն/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail