Ղարաբաղ. Պատերազմը տեղափոխվում է դիվանագիտական ճակատ
17/11/2020 – Ezerk.am:
Պոլսո «Ակոս» թրքա-հայալեզու շաբաթաթերթը հրապարակել է Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի հոդվածը, որի ամփոփիչ հատվածը ներկայացնում ենք թարգմանաբար
Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գործող նոր կանոնակարգի երաշխավորը Ռուսաստանն է, այլեւս ակնհայտ է: Ուշագրավ հանգամանք է նաեւ այն, որ եռակողմ համաձայնագրի մեջ բացակայում է Թուրքիայի անունը: Պայմանագրի տեքստը հայ բնակչության հետագա անվտանգության բավարար երաշխիքներ չի տալիս: Այն չի պարունակում նաեւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որեւէ դրույթ:
Հանրագումար արդյունք
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի երկարաժամկետ արդյունքները վերլուծելու համար ժամանակ է անհրաժեշտ, բայց հնարավոր է կատարել մի քանի կարճ գնահատումներ.
1.
Հայկական կողմը զգալի չափով հող է կորցրել, բայց այս անգամ Ռուսաստանի անվտանգության երաշխիքի ներքո պահում է Ղարաբաղի մի մասը: Հասկանալի չէ, Փաշինյանը կմնա՞ իշխանության գլուխ: Նա մեծ գին վճարեց իր հակասական քաղաքականության և չափազանցված պոպուլիզմի դիմաց: Ավելի կարևոր է, սակայն, որ երկրի ժողովրդավարացման և արդիականացման նախագիծը վտանգված է: Հայաստանը ներկայումս գտնվում է մի խաչմերուկում, որտեղ պետք է վերացնի Նիկոլ Փաշինյանի օրոք առաջացած անորոշությունները: Որոշելիք է. աշխատել մարդկային զարգացման և ժողովրդավարացման համատեղ ծրագրի վրա, թե՞ հետևել հուզական և իռացիոնալ եւ խորհրդանշական ազգայնականությանը:
Այս փոքր երկիրը չունի այն ռեսուրսները, որոնք թույլ են տալիս ինչպես արդիականացվել, այնպես էլ հսկայական ռազմական ծախսեր կատարել: Եթե միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի ժողովուրդը համախմբվի ժողովրդավարացման և զարգացման տեսլականի շուրջ, ապա նա կարող է երկարաժամկետ հեռանկարում իր պարտությունը վերածել առավելության՝ ազատվելով ռազմական ջանքերի բեռից: Ներդրումներ կկատարվեն քաղաքացիական համակարգի կառուցման մեջ, որն ավելի համատեղելի է գլոբալացվող աշխարհի հետ: Անցած յոթ շաբաթվա ընթացքում տեղի ունեցածից հետո հեշտ չէ, բայց հնարավոր է որոշել հենց այդպիսի նոր ռազմավարական կողմնորոշումը քաղաքական ասպարեզում:
2.
Ադրբեջանը մեծ հաղթանակ է տարել: Հետխորհրդային Ադրբեջանի ի հայտ գալուց ի վեր, ղարաբաղյան հակամարտությունը և 1991-1994 թվականներին տարածքային կորուստների պատճառած դառնոթյունը հետապնդել են երկրի հասարակական կարծիքը: Այս հաղթանակի արդյունքում առաջացած ազգայնական ոգևորությունը Իլհամ Ալիևին ավելի ուժեղացրեց, քան երբևէ, և ներքին ընդդիմության տեղ չթողեց: 2003-ին իր հորից հետո իշխանության եկած Իլհամ Ալիեւը, այսպիսով, կկարողանա ամրապնդել իր տոհմական իշխանությունն ու իր կողմից հաստատված ուղղահայաց ռեժիմը:
Մոտ ապագայում, սակայն, Ադրբեջանում կարող է լարվածություն առաջանալ կենտրոնացված իշխանության և պատերազմի ընթացքում մոբիլիզացված հասարակական կարծիքի միջև: Ադրբեջանի այս հաղթանակը երկարաժամկետ հեռանկարում կարող է վերածվել չափազանց մեծ գնով նվաճված հաղթանակի: Երկիրըն մնալու է հնացած քաղաքական համակարգին դեմ հանդիման հենց այն ժամանակահատվածում, երբ նա նավթից և գազից բացի այլ ներուժ չունի:
3.
Պատերազմը ցույց տվեց, որ ոչ բազմավեկտոր լինելն է կարևոր, ոչ էլ Արևմուտքի ազդեցությունը: ԱՄՆ-ի և Եվրոպայի ազդեցությունը արագորեն նվազում է: Ղարաբաղում և, առհասարակ, Կովկասի տարածաշրջանում պատերազմի կամ խաղաղության բանալին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքում է: Անհետացող արեւմտյան ազդեցությունն ու «միջազգային հանրությունը», որոնք այս ընթացքին իրականում գոյություն չունեին, ամենեւին շուտով չեն վերադառնա: Միջազգային հարաբերությունների ավելի փոքր դերակատարները ստիպված են փոխզիջման գնալ իրենց համապատասխան տարածաշրջանների «Պուտինների» հետ:
4.
Վերջապես Վլադիմիր Պուտինը հասավ իր բոլոր նպատակներին. նա թուլացրեց Փաշինյանին, ավելի շատ ռուսական ուժեր տեղավորեց Կովկասում, ուժեղացրեց իր ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա և նույնիսկ հաշտարար դարձավ: Մյուս կողմից, համենայն դեպս դատելով շրջանակային համաձայնագրի տեքստից, Թուրքիան պարզ չէ, թե ինչ է շահում:
Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հարաբերուտյունները, որոնց հաստատմանը ակաատես դարձանք Սիրիայում եւ Լիբիայում, Պուտինի առաջնորդությամբ վերարտադրվեցին նաեւ Ղարաբաղում: Ամեն պարագային, այս համաձայնագիրը նոր էջ է բացում Ղարաբաղի և Հարավային Կովկասի համար՝ նոր հնարավորություններով, բայց և բազում նոր անորոշություններով:
12 Նոյեմբեր 2020
ezerk.am/?p=9283