Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ է»․ Նիկոլ Փաշինյան
25 ՓԵՏՐՈՒԱՐ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
Հայաստանի Զինված ուժերը պահանջում են վարչապետի և Կառավարության հրաժարականը, տեղեկացնում է Ազատությունը։
Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել, որում իր վճռական բողոքն է արտահայտում «անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»:
«Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», – ասված է հայտարարությունում, որն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԶՈՒ գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զինված ուժերը «պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:
«Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ», – ասված է հայտարարությունում, որն ստորագրել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ ԳՇ պետի՝ երեկ պաշտոնից ազատված առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաները, հինգ բանակային կորպուսների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարում։ Այդ մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում», – գրել է վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2905653566421686
Երեկ Տիրան Խաչատրյանն ազատվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
www.aniarc.am/2021/02/25/nikol-army-text-25-february-2021-armenian-text/