Նոր ինտրիգ․ Դեպի Չորրորդ հանրապետություն
01.03.2021 | Մեկնաբանություն | ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան:
Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելել է նախագահ Արմեն Սարգսյանի տուն։ Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կանի սահմանադրական իրավասությունների շրջանակներում, իսկ Փաշինյանն էլ այցելել է իրեն իր առողջական վիճակով պայմանավորված։
Երեկոյան հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ հոկտեմբերին կարող է սահամանադրական հանրաքվե անցկացվել, որի մի տարբերակը կլինի կիսանախագահական համակարգին վերադառնալը։
Ինչպես նկատում են փորձագետները, Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին նախագահի ինստիտուտը դառնում է այն եզակի ատյանն Հայաստանում, որին ստիպված է դիմել նույնիսկ Նիկոլ Փաշինյանը։ Գուցե հենց դա է ստիպել Փաշինյանին խոսել սահմանադրությունը փոխելու եւ կիսանախագահական կառավարմանը վերադառնալու մասին։
Մինչ այդ, Արմեն Սարգսյանը կոչ էր արել վերջ դնել սահմանների անօրինական դեմարկացիային, որը սկսվել էր եռակողմ հայտարարությունից հետո։
«Ֆրանսիան հանդես է գալիս Հայաստանում երկխոսության օգտին, որը կառուցված կլինի նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության վրա», ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը ԳՇ հայտարարությունից հետո։
Արմեն Սարգսյանն ըստ երեւույթին իր տեսլականն ունի։
2021 թ․ հունվարի 11-ին Արմեն Սարգսյանը հրապարակել է «Դեպի Չորրորդ հանրապետություն» հոդվածը։ «Միակ տրամաբանական և քաղաքակիրթ դեղատոմսը խելամիտ ժամկետներում արտահերթ ընտրություններն են՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններով, որոնք թույլ կտան պետական շինարարության իրական գործընթացն սկսել մաքուր էջից: Մինչ այդ, իշխանության օրինական, հավասարակշռված և անաչառ ճյուղերից մեկի՝ Նախագահի ինստիտուտի օգնությամբ պետք է ձևավորվի Ազգային համաձայնության կառավարություն», գրել է Արմեն Սարգսյանը։
«Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է։ Պատերազմի պատճառած համազգային ցնցումից ու պարտադիր անցումային փուլից հետո մենք պետք է ձեռնարկենք նոր պետության կառուցումը, որը պայմանականորեն այս հոդվածում անվանում ենք «Չորրորդ Հանրապետություն»: «Չորրորդ Հանրապետությունը» պետք է դառնա մեր ժողովրդի նոր գաղափարական, հայեցակարգային և բովանդակային հիմքը: Շեշտը դրվելու է պետության որակի վրա, որը պահանջում է ամբողջ աշխարհի մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների համակարգի արմատական վերանայում: Աշխարհաքաղաքական ընկալումները, քաղաքականությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ռազմաարդյունաբերական համալիրը, բժշկությունը, գիտությունն ու կրթությունը ստեղծում են մարդիկ, և այսօր մենք լավագույն մասնագետների սուր կարիք ենք զգում: Դրա համար բավական է վերացնել Հայաստանի և հայկական համայնքների միջև արհեստականորեն ստեղծված բեռլինյան պատերը (որոնք առկա են Սահմանադրության մեջ եւ օրենքներում)», ասել է Արմեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Լոնդոնից Երեւան վերադառնալուն պես Արմեն Սարգսյանն անմիջապես իր մոտ է հրավիրել Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրենին եւ խստորեն հաշվետվություն է պահանջել։
www.lragir.am/2021/03/01/624363/