Իրանը տարածում է իր իրավունքը Արցախի վրա. Շտապ Թեհրանից
02.03.2021 | Մեկնաբանություն | Lragir.am:
ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ezerk.am
Երկարատեւ եւ ծանր մտորումներից հետո Իրանը որոշեց հնչեցնել Արցախի եւ ա.կ. «Ադրբեջանի» ապագայի իր տեսլականը: Հայերին էլ բաժին հասավ: Գրեթե բաց տեքստով արված հայտարարությունները հրապարակվել են իբրեւ միջազգային հռչակված «Արցախյան կոնֆերանսում»
Մոսկովյան 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի ժամկետի լրանալը անմիջապես վերաբերում է մինչեւ 1828-ը պարսկական տարածք հանդիսացող Նախիջեւանին: Փետրվար 26-ին լրացավ նաեւ ռուս-պարսկական պայմանագրի հարյուրամյակը: Այս երկու հանգամանքներով էլ պայմանավորված է դիրքորոշումը հստակեցնելու Իրանի ձգտումը: Որոշիչ է նաեւ այն հանգամանքը, որ Իրանը դուրս է մնացել Արցախի խնդրի կարգավորման հարթակից, մինչդեռ գավառը երկարատեւ պարսկական իրավասության տակ է գտնվել: Փոխարենը, կարգավորման փաստացի մասնակից է դարձել Թուրքիան, այն էլ ռազմական հանգամանքով եւ ռուսական նախաձեռնության շրջանակում:
Կոնֆերանսի մասնակիցները երկուսն են՝ Իրանը եւ Բաքուն: Ներկա էին ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին, ԻԻՀ պետվարչության քարտուղար Մոհսեն Ռեզային եւ իսլամական հեղափոխության արաջնորդի, րահբարի ավագ խորհրդական Ալի-Աքբար Վելայաթին, Թեհրանի դեսպանը Բաքվում:
Ներկա էր նաեւ Բաքվի դեսպանը, որը մարտ 16-ից հետո բավականին կասկածելի դարձող ռուս-թուրքական հենարանից բացի պետք է որ շոշափեր նաեւ եռոտանու պարսկականը, որը ունակ է թուլացնել Երեւանի դիրքերը, եթե այդպիսիք առհասարակ կան: Բաքվի շահագրգռությունն է նաեւ կանոնական հունի մեջ պահել բնիկ եւ Կասպից Արեւմուտք թափանցող իսլամական հովերը: Էական է տնտեսական կապը: Հայտագրված ռուս, թուրք, վրացի, ուկրաինացի եւ բելառուս մասնագետների մասին մասնավոր տեղեկություն չկա:
Ինչ էր այդ կոնֆերանսը: Նախ, գումարվել էր հոգեւոր կենտրոն Ղոմ քաղաքում, որտեղ րահբար այաթոլլա Սայյեդ Ալի Խամենեիյի նստավայրն է: Կոնֆերանսը լայնորեն բանեցնում էր “իսլամական իրավունքի” դրույթները, որոնք առաջ է քաշում եւ մեկնաբանում ինքը Թեհրանը, ավելի նեղ իմաստով՝ Ղոմը: Գործածվում էին նաեւ միջազգային իրավունքի որոշ տարրեր: Այս համադրությամբ Թեհրանը գծագրել է Արցախի խնդրի որոշակի պատկեր:
Կոնֆերանսը բացվեց րահբարի ձեւակերպած «Ադրբեջանի տարածքների ազատագրման, հայերի անվտանգության ապահովման և միջազգային սահմանները հարգելու անհրաժեշտության մասին» դրույթներով: «Արցախը իսլամի տարածք է, հետեւապես, նույնքան նվիրական է ինչպես Պաղեստինը»՝ միանգամից մի քանի ուղղությամբ հեռուն տանող պնդումը եւս հնչեց:
Ինքնին խոսուն ձեւակերպումներն ընդարձակ եւ բաց մեկնաբանություն ստացան փոխնախարար Արաղչիի եւ Բաքվում դեսպան Մոսավիի ելույթներում: Ելույթների թեզերը, որոնք ուղղակի վերաբերում են Իրանի, Հայաստանի եւ «Ադրբեջանի» հարաբերություններին, Արցախի սահմաններին եւ կարգավիճակին եւ այլ հարցերին իրենց հերթին մեկնաբանության կարիք ունեն:
Այլ կերպ ասած, հայ դիվանագիտության կողմից ճամփեզրին թողած իրանական ուղղությունից առկա է հայկական խնդիրների շուրջ բյուրեղացած պատկերացում:
Շարունակելի
www.lragir.am/2021/03/02/624605/