Անորակ զենք Հայաստանին. Պատերազմի սպառնալիքը եւ ՆԱՏՕ-ն – Ռուսաստանը Թուրքիայի հետ է լինելու մինչեւ վերջ, նա շրջադարձի ճանապարհ այլեւս չունի
25.02.2021 | Մեկնաբանություն | Lragir.am:
Վարչապետ Փաշինյանի եզովպոսյան ակնարկները մեծ տագնապ են առաջացրել Ռւսաստանում: Հայկական խնդիրներով Կրեմլի խորհրդական, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեեւը անհեթեթ մեղադրանքներ եւ կոպիտ սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Սակայն պակաս չարագուշակ չեն նաեւ Երկրորդ Արցախյան պատերազմին ռուսական մեղսակցության նորանոր խոստովանությունները
168.am կայքին տված հարցազրույցում, որի զգալի մասը վատ կապակցված (համենայն դեպս հայերեն թարգմանությամբ -խմբ) ռազմագիտական տերմինների կույտ էր, փորձագետը անդրադարձել է Լավրովյան պլանով նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին պարտադրված ապահովական խնդիրներին: Փորձագետը սպառնացել է կազմակերպել «եւս մեկ պատերազմ նույն արդյունքով» ռուսական զենքից հրաժարվելու դեպքում:
Կայքի այն հարցին, թե արդյոք Հայաստանի անվտանգության չարդարացրած հայեցակարգի փոխարեն հարկավոր է կառուցել նորը՝ հիմնվելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության և երաշխիքների վրա, Եվսեեւը պատասխանեց հետեւյալը․
– Իմ անձնական կարծիքն այն է, որ ՀՀ խնդիրներից մեկը ՆԱՏՕ-ի հետ ավելորդ սերտ համագործակցությունն էր, որը ոչինչ չի տվել Հայաստանին, այլ միայն թուլացրել է: <…> Եթե կրկին սկսեն (երրորդ դեմքով sic!) համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, կարելի է ստանալ նաև երրորդ պատերազմը՝ արդեն ոչ թե ԼՂ-ում, այլ՝ ՀՀ տարածքում նույնպիսի արդյունքներով» (կետադրությունը կայքինն է -խմբ):
Սա արդեն փուչ տերմինների բառակույտ չէ. ստացվում է, որ երկրորդ Արցախյան պատերազմը Հայաստանը «ստացել է» իբր ՆԱՏՕ-ի հետ չափից դուրս սերտ համագործակցության դիմաց: Ումի՞ց է ստացել, ՆԱՏՕ անդամ Թուրքիայից, կամ բլոկային չեզոք դիրք ընդունած ա.կ. «Ադրբեջանից»: Պարզվում է՝ Ռուսաստանից:
Ինչպես հայտնի է, ՌԴ ՊԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը խոստովանել էր [Զատուլին,1], որ «ինչ որ փուլում Ռուսաստանը թույլատրել է պատերազմը Արցախի դեմ»: Նույն ոգով է արտահայտվել մեկ այլ պատգամավոր Ֆրանց Կլինցեվիչը [Ռիաֆան, 2]: Ահա եւ Եվսեեւն է ասում. Հայաստանին Ռուսաստանը պատժեց ՆԱՏՕ-ի հետ իբր համագործակցելու համար: Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք կտրուկ նվազեցին շփումները Հյուսիսատլանտյան կազմակերպության հետ, իսկ հայ ինժեներ-սակրավորների եւ բժիշկների վաշտերը ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրներից միակ զինվորական խմբերն էին եւ են, որ ռուս զինվոականների հետ ուս-ուսի տված խնդիրներ են լուծում Սիրիայում:
Կլինցեւիչի հարազատ Բելառուսը Սիրիայում չկա, իսկ բելառուսական զինատեսակները Արցախում հաջողությամբ ոչնչացնում էին դաշնակից հայերի «բարձրորակ» ռուսական տեխնիկան:
Մտապահենք, որ Զատուլինի եւ Կլինցեւիչի հետեւից նաեւ Եվսեեւը խոստովանեց, թե Ռուսաստանը պատժել է Հայաստանին պատերազմով եւ, որ կարեւոր է՝ պարտությամբ: Այս խոստովանությանը հետեւեց նաեւ անթաքույց սպառնալիքը. հայեր, եթե այդպես, պարզ չէ թե ինչպես, շարունակեք, մեզանից երրորդ պատերազմն էլ կստանաք, այս անգամ ՀՀ տարածքում:
Հայաստանի կարծեցյալ մեղքի լեգենդը ծնվել է որպես 2015-ին կայացած ռուս-թուրքական համաձայնության ապահովում: Համաձայնության գինը Հայաստանի եւ հայերի հերթական պատառի զոհաբերությունն էր, որ հայտնի է Լավրովյան պլան անվան տակ: Իսկ ո՞րն է ներկա կամ ապագա «մեղքը»: Մեղքը ռուսական անորակ, պարտության պատճառ հանդիսացած զինատեսակների բազմամիլիարդ նոր պայմանագրերից հրաժարվելն է: Մասնավորապես, պատվիրվել են հրետանային եւ հրթիռային միջոցների հայտնաբերման հնդկական SWLR ռադարները. 4-ից երկուսը արդեն մարտական ծառայության են:
Եթե նկատի ունենանք Կարսում տեղի ունեցած Անկարա-Բաքու «Ձմեռ-2021» զորախաղերը, որոնք մոդելավորում էին առանց ռուսական սահմանապահներին եւ Գյումրիի 102 զորակայանի աձնակազմին վտանգի ենթարկելու Հայաստանի վրա հարձակվելը, ապա Եվսեեւի սպառնալիքներն ամենեւին փուչ չեն թվա:
Զենքի ջարդոնի գնումներ պարտադրելու նպատակով Հայաստանի սահմաններին արեւմուտքից սպառնալու Թուրքիայի հետ նոր գործարքը նողկալի է եւ հանցավոր: Ռուսաստանը ինքն է Հայաստանին դեպի ՆԱՏՕ մղում: Նոր, հուսալի երաշիքներ ստանալու համար կարեւոր է հայկական քաղաքական բաղադրիչի ակտիվացումը: Ռուսաստանը Թուրքիայի հետ է լինելու մինչեւ վերջ, նա շրջադարձի ճանապարհ այլեւս չունի:
lragir.am/2021/02/25/623154/