Հայաստանում ստեղծվեց «Դաշնակցություն» անունով տարօրինակ մի կենդանի, և այդ օրվանից մենք ունենք այս պրոբլեմը
10.03.2021 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:
ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանի, Քարմեն Օհանյանի, Լևոն Կիրակոսյանի և Կարո Իսբէնճյանի՝ կուսակցությունից արտաքսմանը
Պարոն Բերբերյան, անակնկա՞լ էր արդյոք կուսակցությունից ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանի, Քարմեն Օհանյանի, Լևոն Կիրակոսյանի և Կարո Իսբէնճյանի արտաքսումը։
Իրականում ոչ թե 4-ն են, այլ 12-ը։ Սա արդեն երեք շաբաթվա պատմություն ունի: Այն օրվանից, երբ այսպես կոչված Բյուրոն շրջանի մեջ պահանջեց ընտրված Կենտրոնական կոմիտեին հրաժարական ներկայացնել և իր իրավասության տակ գտնվող բոլոր ինչքերը հանձնել իր կողմից նշանակված մի նոր կենտրոնական կոմիտեի: Սակայն այդ շրջանի կուսակցական կառույցը իր 2/3-ով մերժեց ընդունել այդ նոր նշանակված կենտրոնական կոմիտեն, իսկ 1/3-ը, որը կոմիտեության մեջ 1-2 հետևորդներ ունի, փորձում է ներկայանալ, օրինակ, թեմի առաջնորդ Թորգոմ սրբազանին, ասելով, որ սրանից հետո մեզ հետ պետք է գործ ունենաս, մենք ենք Դաշնակցությունը, մենք խոսում ենք Բյուրոյի անունից:
Մի անհեթեթ, խեղկատակ վիճակ է։ Եթե ողբերգական չլիներ այս ամենը, կարելի էր Պարոնյանի կամ Լեռկամսարի շնչով հումորի ենթարկել: Շատ տխուր է, որ Դաշնակցության ամենակարգապահ շրջանը, որ Արևմտյան Ամերիկայի շրջանն է, փորձում են քանդել:
Դեռևս 2009 թվականից սկսած կա այս խնդիրը, երբ հայ-թուրքական արձանագրությունների խնդիրն էր օրակարգում: Այդ ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կողմից խոստացվել էր Սերժ Սարգսյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ՀՅԴ դիրքորոշումը հստակեցնել:
Երբ 2011 թվականին Սերժ Սարգսյանը պաշտոնական այցելությամբ գնաց Արևմտյան Ամերիկա, և ի պատիվ իրեն, հայկական շրջանակների մեջ շքեղ ընդունելություն սարքեց, այդ ժամանակ ՀՅԴ Արևմտյան շրջանի կենտրոնական կոմիտեն ասաց, որ այդ տեսակ մարդու հետ ոչ միայն ընդունելության չի գնա, այլև կմերժի, որ որևէ ընդունելության արժանանա իր ժողովրդին խաբած, կեղեքած մարդը: Այդ օրվանից այս խնդիրները գոյություն ունեն, և հասել է այնտեղ, որ Բյուրոն փորձում է կիրառել «եթե իմը չէ, ուրեմն թող քանդվի» մարտավարությունը:
Քանի որ Բյուրոն չի կարողանում իրենը դարձնել Կենտրոնական կոմիտեն, փորձում է իր սեփական կոմիտեն ստեղծել: Հիմա երկու կենտրոնական կոմիտե կա, մեկը նշանակված է Բյուրոյի կողմից, մյուսը ընտրված՝ տեղի կուսակցական ընկերների կողմից: Մի շրջան, որտեղ բյուրոյականները մեծամասնություն չունեն, այդտեղ փորձել են նորմալ ընտրություն կազմակերպել, սակայն տարբեր շրջաններից 40-50 հոգով հարձակվել են կենտրոնի վրա, որտեղ ժողովն էր գումարվել:
Իրարանցում է եղել, օրինական կոմիտեն դիմել է Կենտրոնական կոմիտեին, վերջինս էլ ոստիկանություն է դիմել: Ոստիկանները եկել են հարձակվողներին դուրս են քշել շենքից, ոմանց էլ տարել են հարցաքննության: Դեռևս 2011-ից այս շրջանում մեծ հեղինակություն է վայելում նախկինում բյուրոյի անդամ եղած Վիգեն Հովսեփյանը: Նրան երկու օր առաջ պաշտոնապես հեռացրել են ՀՅԴ-ից, որովհետև ընտրված Կենտրոնական կոմիտեի կողքին է կանգնել: Ի վերջո, ընտրված կենտրոնական կոմիտեի բոլոր անդամներին հեռացրել են կուսակցությունից:
Վերջին տարիներին կարծես Դաշնակցությունը նման գործելաոճ է որդեգրել:
Դեռ 1990 թվականին, երբ ՀՅԴ-ի վերընձյուղում եղավ հայրենիքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը իր կողքը վերցրեց Վազգեն Մանուկյանին ու Վազգեն Սարգսյանին, այդ օրվանից մենք այս պրոբլեմն ունենք: Այսինքն Դաշնակցությունը Հայաստան վերադարձավ «դեպի երկիր» կարգախոսը պարզելով, խորքում ստեղծելու համար ոտքի տեղ, դրսի սին պրոբլեմներով Հայաստանում Դաշնակցություն սարքելու համար:
Բայց սովետական կարգերի տակ ապրած հայը այնքան կուսակցություն երևույթի վերաբերյալ խորը պատկերացում և կենսափորձ ունի, որ հեգնանքով մոտեցավ, մտածելով՝ այս ինչ են փորձում բերել մեր ժողովրդին, կուսակցական մշակույթից զզված ժողովրդին ի՞նչ նոր կուսակցություն են փորձում վաճառել: Արդյունքում ստեղծվեց «Դաշնակցություն» անունով տարօրինակ մի կենդանի, և այդ օրվանից մենք ունենք այս պրոբլեմը:
Հայաստանում ՀՅԴ-ի առաջին հիմնադիրների մեջ գլխավոր դեմքը Մեխակ Գաբրիելյանն էր, ով արդեն 28 տարի է, որ ոչ միայն հեռացվել է ՀՅԴ-ից, այլև միացել է այլ շարժումների, դաշինքների: Այսօր ՀՅԴ-ի կենսագրության մեջ Մեխակ Գաբրիելյանը չկա, բայց այդ ժամանակվա դաշնակցության սերունդը, որ փորձեց վերստեղծել ՀՅԴ-ն հայրենիքի մեջ, այդ սերունդը տեսավ, որ խաղ չկա խորհրդային ԿԳԲ-ի կողմից պատրաստված նոր երիտասարդ ուժերի հետ:
Արդյունքում ձևափոխված Դաշնակցություն հիմնվեց: Հայաստանի ժողովուրդը Դաշնակցությանը մերժել է ամենասկզբից: Պատահական չէ, որ 1991-ին նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը առավելագույնը 4 տոկոս քվե ստացավ: Այդ ժամանակ ամենաժողովրդավարական ընտրություններից մեկը տեղի ունեցավ, երբ շարժման ալիքն ուժեղ էր:
Լևոն Տեր-Պետրոսյանը շարժման ալիքի վրա կարիք չուներ քվեները կեղծել: Ժողովուրդն իր կողքին էր, պետական կադրերը Սովետից զզված փնտրում էին, այսպես կոչած, հայկական ԿԳԲ-ի ստեղծած պետական կառույցը: Այդ կառույցին սերտաճեց Լևոնը, իր շրջապատը, որտեղ կարևոր դերակատարներ էին այդ ժամանակ ՀՀՇ-ի հիմնադիր ժողովին մասնակցող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:
1989-ի դեկտեմբերի 1-ից սրանք Լևոնի կողքին Ղարաբաղ կոմիտեի կողքին էին, ՀՀՇ անդամներ էին: Այդ ժամանակ արդեն Իգոր Մուրադյանին թույլ չէին տալիս մտենալ շարժմանը, ասում էին՝ ԿԳԲ-ի գործակալ է: Հետո պարզվեց, որ իրենք են ԿԳԲ-ի գործակալներ, որ 30 տարի խաղացին Հայաստանի ճակատագրի հետ:
Ուզում եմ ասել, որ Դաշնակցության կենսագրությունը առանց Հայաստանի մեջ ժողովրդային շարժման ներքին վերափոխության, ձևախեղման չի կարելի հասկանալ: ՀՅԴ-ն օդից ընկած մի կենդանի չէր: Մեխակ Գաբրիելյանի կողքին այդ ժամանակ կանգնած էր խուլիգան Ռոլանդ Շառոյանը, որի հետ ես ընկերություն էլ եմ արել տարիներով:
Ի վերջո, այս լուտանքի, թշնամանքի մթնոլորտը սպանում է որևէ արժեք։ Չորս-հինգ հոգով արտաքսվեցին․․․ արևմտահայերի մոտ հեռացումը համեմատաբար մեղմ է, արտաքսումը ծանրագույն պատիժն է, այսինքն՝ Դաշնակցությունն արտաքսում է դավաճաններին, և երբեք չենք ունեցել արտաքսման դեպք։
Արևմտյան Ամերիկայի մեջ մենք մաքսիմում պետականաստեղծ ազգային կառույցներ ենք ստեղծել, այս բոլորով հանդերձ՝ Բյուրոյի անունը օգտագործելով, Դաշանակցության համայնքը մոնոպոլիզացնում են։ Եվ ով ընդդիմանում է, հեռացնում են։ Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ դուրս մնացածները Դաշնակցությունը պահելու հնարավորությոն և մարդուժ ունեն, քան ներսում մնացածները, և այսօրվա պատկերը հենց Վահան Հովհաննիսյանի ներկայացրած պատկերն է։ Իրենց նպատակը կառույցը քանդելն է։
Իրականում վերջին արտաքսվածները մարդիկ են, որոնց անձնական փողերով Հայաստանի մեջ թե Գերագույն մարմնի, թե Բյուրոյի շենքերը նորոգումն ու արդիականացումն է տեղի ունեցել։ Իրենց նպատակը փողերը վերցնել և Սերժին ու Ռոբերտին հասցնելն է, իրենք Հայաստանում կան, քանի որ Ռոբերտն և Սերժը կան Հայաստանում։
Հայաստանի ողբերգությունն անկախությունից ի վեր այն է, որ ստվերային տնտեսությունը քաղաքական ուժի հենարանն է, և այդ տնտեսությունը շարունակում է գոյատևել ռուսական դրամագլխի կողմից։ Եվ պետք է փորձել գտնել ելքը։
lragir.am/2021/03/10/626372/