Պահանջ ՌԴ Պետդումային՝ դատապարտել Մոսկովյան քեմալաբոլշևիկյան պայմանագիրը և վերացնել դրա հետևանքները

Պահանջ ՌԴ Պետդումային՝ դատապարտել Մոսկովյան քեմալաբոլշևիկյան պայմանագիրը և վերացնել դրա հետևանքները

11.03.2021 | Քաղաքականություն | Lragir.am, Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար:

Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել:

Հարյուր տարի առաջ` 1921 թվականի մարտի 16-ին կնքվեց Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը, որը հայտնի է որպես Լենին-Քեմալ պայմանագիր կամ Մոսկվայի քեմալաբոլշևիկյան պայմանագիր: Դա պայմանագիր էր չճանաչված ՌԽՖՍՀ-ի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև, վերջինս իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր: Իսկ Հայաստանը ճանաչված անկախ պետություն էր:

Այդ քեմալաբոլշևիկյան պայմանագրի արդյունքում Խորհրդային Հայաստանից պոկվեցին և Թուրքիային անցան ամբողջ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում, նաև Նախիջևանը:

Մոսկվայի քեմալաբոլշևիկյան պայմանագիրը Խորհրդային Հայաստանին վերաբերող մասով միջազգային իրավունքի խախտում է, քանի որ համաձայն Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածի` «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար՝ առանց վերջինիս համաձայնության»:

Մոսկվայի քեմալաբոլշևիկյան պայմանագիրը Խորհրդային Հայաստանը ոչնչացնելու և ցեղասպանությունը շարունակելու մի ծանր փուլ էր, գուցե ամենածանր փուլը, քանի որ այդ պայմանագիրը գործում է և այսօր, 2020 թվականի ադրբեջանաթրքական ահաբեկչական ու ցեղասպանական պատերազմի տաք փուլի կասեցումից հետո էլ:

Ու ոչ միայն: Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ի իր հռչակագրում շեշտում է, որ «եղբայրական հայ ժողովրդի ոչնչացումը նրա պատմական հայրենիքում իրականացվել է Ռուսաստանը քայքայելու համար պայմաններ ստեղծելու նպատակով»: Մինչ օրս ընթացքի մեջ գտնվող Հայաստանին ոչնչացնող Մոսկվայի քեմալաբոլշևիկյան պայմանագիրը ծրագիր է և այսօր էլ ծառայում է Ռուսաստանը քայքայելու համար պայմաններ ստեղծելու նպատակին:

Դիմում ենք ձեզ`ՌԴ Պետդումային, դուք ճանաչել եք Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ ցեղասպանության ամենածանր ակտը այսօր էլ գործում է: Պահանջում ենք դատապարտել Մոսկովյան քեմալաբոլշևիկյան պայմանագիրը և վերացնել դրա հետևանքները որպես 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության մի ծանր փուլի:

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

12.03.2021թ

lragir.am/2021/03/11/626667/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail