ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՄԵՍԻՍ. Մարդ Եմ Սպաննել, Բայց Մարդասպան Չեմ. Թեհլիրեան
01 ՄԱՐՏ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓԻՒՌՔ – ԿԻԶԱԿԷՏ:
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
1921ի Մարտի 15ը հայ ժողովրդի մեծագոյն դահիճներից Թալէաթ փաշայի կեանքի վերջին օրն էր: Գրող Շահան Նաթալին Սողոմոն Թեհլիրեանին բացատրել է, թէ ինչ պէտք է անի 25ամեայ հայ վրիժառուն, Բեռլինում Թալէաթին սպանելուց յետոյ. «Թիւ մէկ ազգասպանի գանգը կը պայթեցնես եւ չփորձես փախչել. կը կանգնես տեղում՝ ոտքդ սատակի վրայ ու կը յանձնուես ոստիկաններին, որոնք կը գան ու կը ձերբակալեն»:
Թեհլիրեանն այսպէս է նկարագրում Թալէաթի կեանքի վերջին ժամը. «Առաւօտը սովորականից շուտ վեր կացայ. արեւի շողերը արդէն հասել էին դիմացի շէնքի պատուհանին: Հազիւ էի աւարտել թէյս եւ ուզում էի բազկաթոռը մօտեցնել պատուհանի եզրին, երբ յանկարծ դիմացի շէնքի պատշգամբում տեսայ Թալէաթին: Քարացայ։ Նա՞ էր արդեօք: Այո՛: Նա մէկ-երկու քայլ առաջ անցաւ, ուշադիր զննեց մայթը՝ նախ վեր, ապա վար, ու կարծես ինչ-որ մտքերի ծանրութեան տակ՝ գլուխը կախ: Ըստ երեւոյթին, թեթեւ չէր կեանքը անպատում գործած ոճիրից յետոյ: Թէեւ անցել էր հինգ-վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ՝ Պոլսոյ պատերազմական ատեանի եւ ՀՅԴի: Առաջինը նրա համար հաւանաբար ունէր բարոյական նշանակութիւն. փոխանակ վեր հանելու իր «ազգանուէր» մեծ գործը, հարազատ երկրի մէջ դատապարտում էին նրան մահուան՝ որպէս սովորական ոճրագործի: Բայց ժամանակը կարող էր այդ «թիւրիմացութիւնը» պարզել. ապագայ սերունդները կը հասկանային կատարած գործի արժէքը, եթէ չլինէր ՀՅԴ դատավճիռը: Նայեցի ժամացոյցին. 10ն էր, Ուհլանտ գնալու իր սովորական ժամը: Զէնքը վերցրի՝ պատրաստ դուրս գալու: Յանկարծ նա յայտնուեց դռան մօտ եւ փղի պէս ծանրօրէն սկսեց վար իջնել: Սառը դատողութիւնը ինձ ասում էր, որ այս անգամ անկարող պիտի լինի ազատուել ձեռքիցս, բայց եւ յուզումը բազմալեզու աղաղակներով փոթորկում էր ինձ»:
Երիտթուրք ոճրագործները կամ նրանց մեծագոյն մասը կը խուսափէր հայ ժողովրդի ոչնչացումը կազմակերպելու եւ իրագործելու պատժից, եթէ չլինէին հայ երիտասարդ վրիժառուներն ու ՀՅԴի «Նեմեսիս» գործողութիւնը: Յունական դիցաբանութեան մէջ Նեմեսիսը վրիժառութեան աստուածուհին էր: 1919ի աշնանը Երեւանում կայացած ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովը որոշեց պատժել Երիտթուրքերի պարագլուխներին եւ Հայոց Ցեղասպանութեան միւս իրականացնողներին: Առանձնացուեց 650 անուն, որից 41ը գլխաւոր ոճրագործներն էին: «Նեմեսիս»ի իրագործման համար ստեղծուեց պատասխանատու մարմին եւ ղեկավար ընտրուեց Միացեալ Նահանգների Հայաստանի Հանրապետութեան դեսպան Արմէն Գարօն, ինչպէս նաեւ՝ յատուկ ֆոնդ՝ Շահան Մարչակլեանի ղեկավարութեամբ: Գործողութեան անմիջական ղեկավար նշանակուեց Շահան Նաթալին, իսկ օգնական՝ Գրիգոր Մերջանովը: Տեղեկութիւնների հաւաքումն իրականացնում էր թուրքերի շարքերը թափանցած Հրաչ Փափազեանը, ով գերազանց տիրապետելով թուրքերենին, դարձել էր Ջեմալ Ազմիի որդու «ընկերը», Մեհմեդ Ալի անունով:
ՀՅԴ պատմագիրներից Հրաչ Տասնապետեանը նկատում է, որ «հասկանալի պատճառներով», Հայոց Ցեղասպանութեան կազմակերպիչներին պատժելու մասին ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովի որոշումների որեւէ յիշատակում չի թողուել, սակայն Սողոմոն Թեհլիրեանի, Միսաք Թորլաքեանի եւ Արշաւիր Շիրակեանի յուշերը յստակօրէն հաստատում են քաղաքական այս դատավճիռների կազմակերպուած լինելու իրողութիւնը:
Թալէաթ փաշայի սպանութեան կազմակերպման հարցում առաջնահերթ է եղել ՀՅԴ Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի եւ Արմէն Գարոյի ու Շահան Նաթալիի դերակատարութիւնը:
Թեհլիրեանը իր յուշերում գրում է. «Դիմացի մայթով հաւասարուեցի Թալէաթին, արագ քայլերով բաւական առաջացայ, անցայ նոյն մայթը, որտեղով գնում էր նա: Յետ դարձայ: Մօտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձեւով՝ ձեռնափայտը անփոյթ ճօճելով: Մի կարճ տարածութիւն մնացած՝ զարմանալի անդորրութիւն համակեց էութիւնս: Հաւասարուելու վրայ Թալէաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մէջ առկայծեց մահուան սարսուռը: Վերջին քայլը բեկուեց. մի քիչ թեքուեց, որ խուսափի, բայց զէնքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մէկ եղաւ: Թալէաթը հարուածից կարծես ցցուեց ու մի ակնթարթ հզօր մարմինը պրկուեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցուած կաղնու բնի պէս թնդիւնով երեսի վրայ տապալուեց»:
Թեհլիրեանը ծնուել է Կամախի Բագառիճ գիւղում: Արեւմտեան Հայաստանի դատարկումից եւ Եղեռնից յետոյ, որին զոհ են գնացել նրա մայրն ու հարազատները, Թեհլիրեանը զինուորագրւում է «Նեմեսիս» գործողութեանը: Թալէաթին սպանելուց հետ նա ձերբակալւում է, սակայն 1921ի Յունիսի 3ին ազատ է արձակւում դատարանի դահլիճից, որտեղ նրան պաշտպանում էր Եոհանս Լեփսիուսը:
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ.- Դուք ձեզ ինչո՞ւ յանցաւոր չէք համարում:
ԹԵՀԼԻՐԵԱՆ.- Ինքս ինձ յանցաւոր չեմ համարում, որովհետեւ խիղճս հանգիստ է:
ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ.- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
ԹԵՀԼԻՐԵԱՆ.- Մարդ եմ սպաննել, բայց մարդասպան չեմ:
Դաշնակցութեան կողմից մահապատժի դատապարտուած միւս իթթիհատականները եւ մուսավաթականները սպանուեցին 1921-1922 թուականների ընթացքում: ՀՅԴ 9րդ Ընդհանուր ժողովի որոշումով մահուան դատապարտուած եւ սպանուած բոլոր թուրքերը, բացառութեամբ Էնվեր փաշայի, ընկան դաշնակցականների ձեռքով:
Գերմանական դատարանի կողմից արդարացուած Թեհլիրեանը տեղափոխւում եւ բնակւում է Բելգրադում, ապա հաստատւում է Ֆրեզնոյում, որտեղ եւ կնքում է մահկանացուն 1960ին:
«ԱՆԻ» Կեդրոն
asbarez.com/arm/385995/հայկական-նեմեսիս-մարդ-եմ-սպաննել-բայց/