1921-ի եւ 2020-ի հետեւանքների վերացում. ոճիրը ժխտելու Մոսկվայի քաղաքականությունն անհեռանկար է
16.03.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
1921-ի Մոսկվայի պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ Թուրքիայի Ազգային ժողովում ելույթի ժամանակ Թուրքիայում ՌԴ դեսպանը թվարկել է այն օգնությունը, որը փրկել է մասնատման ու քայքայման եզրին հայտնված Թուրքիան: Միեւնույն ժամանակ, դա գոյության խնդրի համատեղ լուծում էր Հայաստանի հաշվին. մեծ եւ ծով ելքով Սեւրի եւ «Վիլսոնյան» Հայաստանը Մոսկվան դիտարկում էր սպառնալիք եւ անթույլատրելի ճոխություն հայերի համար: Ռուս-թուրքական համաձայնությունները փաստացի չեղարկեցին Թուրքիայի կապիտուլյացիայի ռեժիմը:
Դեսպանը մի շարք հայտարարություններ է արել, որոնք բնականաբար արտահայտում են Կրեմլի դիրքորոշումը. «Կուզեի ուշադրություն հրավիրել այդ պատմական փաստաթղթի անվանման վրա՝ «Բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիր», դա դիվանագիտական պրակտիկայում շատ հազվադեպ հանդիպող ձևակերպում է… Ընդ որում, պայմանագիրը մի շարք գաղափարներ է պարունակում, որոնք ակտուալ են հնչում և նշանակալի հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար մեր օրերում։ Օրինակ, պայմանագիրը պնդում է, որ երկու ժողովուրդներից մեկի համար ցանկացած դժվարությունը վատացնում է մյուսի վիճակը»։
1921-ը սկիզբը չէր, այլ Հայաստանի ոչնչացման ռուս-թուրքական քաղաքականության շարունակությունը դրան նախորդած 1915-1920 թթ. Արեւմտյան Հայաստանի հարցի լուծումով: 1921-ի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը մասնատվեց ու բաժանվեց Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, Կարսը, Սուրմալու-Արարատն անցան Թուրքիային, Նախիջեւանը՝ Բաքվին: 1921-1923 թթ. արդեն խորհրդայնացված Հայաստանում ռուս-թուրքական համատեղ ուժերը Հայաստանում շարունակեցին ցեղասպանությունը՝ սպանվեց մոտ 400 հազար հայ, հարյուր հազարները քշվեցին Ռուսաստանի խորքերը:
Այս իրադարձությունների քննարկման վրա տաբու է դրված, Հայաստանում սակավաթիվ զլմ-ներ ու քաղաքական միավորներ են խոսում այս հարցերի շուրջ, ավելին, փորձ է արվում լռության մատնել այն հանգամանքը, որ Հայաստանի դեմ 2020-ի ռուս-թուրքական ագրեսիան եւ Հայաստանի մասնատումն այդ քաղաքականության տրամաբանության, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի տառի եւ ոգու մեջ է:
Ռուսաստանից հարկադրված արձագանքներն արդարացում ու ժխտողականություն են, կամ պատասխանատվության «փոխանցում» բոլշեւիկյան Ռուսաստանի վրա: Ինչ եք ուզում կոմունիզմից հեռացած Ռուսաստանից, հայերին ասում է հայ ժողովրդի բազմաչարչար բարեկամ Կոնստանտին Զատուլինը:
Անկարայում ռուս դեսպանը սակայն արտահայտում է պաշտոնական դիրքորոշումը: Հայ-ռուսական եւ ռուս-թուրքական դարավոր բարեկամությունների բնույթն արդեն հասու է հայ հանրությանը, իսկ տարիներ ի վեր Հայաստանի դեմ ռուսական պրոպագանդան մի առանձնահատկություն ունի. այն լիովին մատնում է Ռուսաստանի ծրագրերն ու դիրքորոշումները:
Մեռնող իմպերիան եւ ավազե սահմանների ու ականապատ տնտեսության վրա կանգնած Թուրքիան այսօր էլ փորձում են լուծել իրենց գոյության հարցը: 1921-ի ոճիրը ժխտելու կամ արդարացնելու Մոսկվայի քաղաքականությունը անհեռանկար է: 2020-ի պատերազմը չի լուծել հարցը, հաջորդ պատերազմները նույնպես չեն լուծելու:
Հայկական հողի եւ հայկական իրավունքների նկատմամբ ոտնձգությունների շարունակության դեպքում Հայաստանը պետք է դիմի միջազգային ատյաններին, ինչպես նաեւ ռազմական օտար ուղղակի միջամտության՝ ինքնապաշտպանության ՄԱԿ կանոններին համաձայն:
1921-ի եւ 2020-ի հետեւանքները պետք է վերացվեն, Հայաստանը պետք է պատրաստ լինի Արցախի, Նախիջեւանի, Կարսի, Սուրմալու-Արարատի վերաինտեգրմանը: Իշխող ու չիշխող խմբերի ներքին մոսկովյան թատրոնին անհաղորդ հանրության առկայությունը հակահայ ծրագրերին դիմադրության ունակ ներուժն է:
lragir.am/2021/03/16/627438/