Հակամարտության լուծման համար մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

Հակամարտության լուծման համար մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության․ Արա Այվազյան

16.03.2021 | Քաղաքականություն | Lragir.am,

Ռազմական գործողությունների ավարտից 4 ամիս անց Ադրբեջանը խախտում է միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։

Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ համատեղ ասուլիսում այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայությնան դեմ ռազմական գործողությունների կիրառումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում։ Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ՝ զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա դատապարտման»,- հայտարարեց Այվազյանը։

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու նպատակով ստորագրված եռակողմ հայտարարությամբ և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ հակամարտությունը թևակոխեց նոր փուլ։

«Մենք եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ։ Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի ներառում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա։

Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Տարածաշրջանի վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ, շեշտում եմ՝ ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,- հավելեց նախարարը։ Ըստ Այվազյանի՝ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը։

lragir.am/2021/03/16/627488/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail