ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿՈՎԿԱՍԸ – Վիրքում, Լազիկայում եւ Աղուանքում քրիստոնեութեան մուտքի ժամանակագրման խնդիրը – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա
Վիրքում, Լազիկայում եւ Աղուանքում քրիստոնեութեան մուտքի ժամանակագրման խնդիրը – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա
ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի եւ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ
Խմբագրական հանձնախումբ՝ Ա. Հակոբյան, Ա. Բոզոյան, Ռ. Սաֆրաստյան
Վիրքում, Լազիկայում եւ Աղուանքում քրիստոնեութեան մուտքի ժամանակագրման խնդիրը Վերջին տարիներին մեր կողմից բաւականին ճշտուած ժամանակագրութեամբ՝ IV դ. առաջին երկու տասնամեակներում, երբ Կովկասեան Աղուանքում քրիստոնէութիւն է տարածուել, այդ երկրի թագաւորն, ամենայն հաւանականութեամբ, եղել է Վաչագան Ա Քաջը (թէպէտ եւ ուշ պատմական աւանդոյթը նոր հաւատի ընդունումը ինչ-որ մի սխալի արդիւնքում վերագրել է Ուռնայր արքային՝ մօտ 338-373 թթ.):
Նրա եւ իր Արշակունի արքայատոհմի մասին առաւել մանրամասն պատմող «Վաչագանի վէպ» կոչուող երկի1 վերջին հատուածներից մէկի ուշադիր քննութիւնը թոյլ է տալիս ենթադրել, որ բնօրինակի այդ տեղում, հաւանաբար, յիշատակուած է եղել ոչ թէ երկի գլխաւոր հերոս Վաչագան Բ Բարեպաշտը, այլ նրա անուանակից վաղ նախնին եւ Աղուանից իրական լուսաւորիչ Վաչագան Քաջը:
«Պատմութիւն Աղուանից»-ի Ա.23 գլխի վերջնամասում հեղինակը պատմում է, որ Ամարասում մեծ դժուարութեամբ յայտնաբերուած Գրիգորիսի նշխարները մասամբ թողնւում են տեղում, մասամբ յանձնւում արքայական «բանակին» (դրա մէջ հասկացւում է ոչ միայն զօրքը, այլեւ հոգեւորականների եւ արքունական ծառայողների՝ Ամարասում հաւաքուած հոծ բազմութիւնը), որն սկսում է իր վերադարձի երթը դէպի թագաւորի «սեփհական» Դիւտական գիւղը (Քարուէճ ամառանոցով եւ Ուտիացւոց-Աւտէացւոց գաւառի դաշտավայրով): Այս նկարագրութեան մէջ անսպասելիօրէն, ենթատեքստային նախադասութիւնների մէջ մէկընդմէջ յայտնւում են երկուսը՝ «լուսաւորիչ արքայ Վաչագանի» գնահատականի եւ նրա նախնիների մասին. «Ապա չուէր բանակն ամենայն առաջին կարգադրութեամբն եւ սրբոցն դասիւք:
Անդանաւր բարեացապարտն Վաչագան արքայ զհոգեւորական եւ զգերաշխարհիկն զայն աւար առեալ, որ էր անանց եւ անպատմելի բարեացն առիթ նմա, զոր նախ եղելոց թագաւորացն նախ քան զնա իւր իսկ նախնեացն ոչ ումեք համբարեցաւ այսպիսի մեծասքանչ պարգեւք:
Եւ քրիստոսաժողով բանակին աւարամասն առեալ՝ զողորմութեանցն Աստուծոյ զբերումն անճառաբար ստանային ի ձեռն քրիստոսազգեստ արքային Վաչագանայ, զորոյ գովութիւնն ոչ ինչ նուազ գոլ վարկանիմ, քան զարեւմտականին տիրող Կոստանդիանոսի կայսեր կամ զԱրշակունին Տրդատիոս՝ Մեծաց Հայոց փրկութեան գտող:
Որ եւ մեզս՝ արեւելեացս, սա՛ եղեւ դուռն լուսոյ աստուծագիտութեան եւ բազմազան բարեաց աւրինակ երջանիկն այն [a ձեռ. երջանիկս այս]: Սա մեծապէս ելեալ ի հանդէսս յայս՝ դառնայ, ըստ որում զգալն էր պատրաստեալ՝ նոյնգունակ եւ առաւելագոյն եւս հայեցուցանող պայծառութեամբ զճանապարհն յաւրինեալ»1:
Եթէ այդպիսի «խառնուածութիւնն» ընդունենք իբրեւ երկու տարբեր սիւժէների (բանակի երթի եւ մասունքների յայտնաբերման շնորհին արժանացած Վաչագան Բարեպաշտի գովաբանութեան) մէկընդմիջուած շարադրանք, ինչպէս որ իր բնագիրը հասկացել է Մովսէս Դասխուրանցին (կամ անգամ նախորդ գրիչներից մէկը), ապա միեւնոյնն է, անսպասելի պէտք է համարել երկրորդ ընդգծուած հատուածում Վաչագանի համեմատութիւնը շուրջ երկու դար առաջ ապրած եւ իրենց երկրներն առաջին անգամ դարձի բերած Կոստանդիանոսի եւ Տրդատ Մեծի հետ:
Բայց թւում է, թէ սա պարզապէս չափազանցուած գովաբանական զեղում չէ. քիչ վերեւում թագաւորի նախնիների յիշատակումը (առաջին ընդգծուած կտորում) եւ ապա նորից «քրիստոսաժողով բանակի» մասին խօսելը թոյլ է տալիս մտածել, որ բանակի
մասին վերջին արտայայտութիւնն ուղղակի իր տեղում չէ:
Այսինքն՝ ենթադրելի է, որ դրա փոխարէն «Վէպ»-ի բնագիրն ունեցել է ուրիշ բառեր, որոնցով երկրորդ ընդգծուած միտքը տրամաբանօրէն կապուել է առաջինի հետ: Դժուար չէ կռահել, որ այդ բառերով պիտի արտայայտուած լինէր «բացի …» միտքը, որով մասունքների գիւտի շնորհին արժանացած բարեպաշտ արքան համեմատուել էր երկնային մէկ այլ շնորհի արժանացած, այն է՝ Աղուանքը դարձի բերած իր նախնու՝ Վաչագան Քաջի հետ, որն էլ այնուհետեւ շատ տեղին համեմատուել է (երկրորդ ընդգծուած մտքում) Կոստանդիանոսի ու Տրդատի հետ:
Այժմ անդրադառնանք Աղուանքում քրիստոնէութեան պաշտօնական ընդունման տարեթուի խնդրին: Նոր գրականութեան մէջ բաւականին մանրամասն պարզաբանուած է, որ Հայաստանում քրիստոնէութեան պաշտօնական ընդունումն իրագործուեց Գալերիոս կայսեր (305-311)՝ 311 թ. Ապրիլի 30-ին (իր մահուանից 5 օր առաջ) Թրակիայի Սարդիկէ քաղաքում հրապարակուած «Հանդուրժողութեան մասին» հրովարտակից (էդիկտից) 1,5-2 ամիս անց (Գրիգոր Լուսաւորչի «Ելն ի վիրապէ», որը 311-ին ընկնում էր Յունիսի 24-ին):
Այդ մասին ամենից մանրամասն դեռ 1969 թ. գրել է Մարի-Լուիզ Շօմոնը1, որին միայն վերջին մէկուկէս տասնամեակում հետեւեցին Ժան-Պիեռ Մահէի, Արամ Մարտիրոսեանի, Կարէն Իւզբաշեանի եւ մեր անդրադարձերը2: Հայաստանում քրիստոնէութեան ընդունմանն, ըստ Եւսեբիոս Կեսարացու «Եկեղեցական պատմութեան»՝ 311-312 թթ. ձմռանը հետեւեց արեւելեան պրովինցիաներին տիրող կայսերակից Մաքսիմինոս Դայայի «ամոթալի» պատերազմը Հռոմի «բարեկամ եւ դաշնակից» քրիստոնեայ հայերի (իմա՛ Հայաստանի) դէմ, նշուած պրովինցիաների քրիստոնեաների դէմ նրա վերսկսած հալածանքների ընթացքում:
Բնագիրն է. «Յարեաւ եւ պատերազմ ի բռնաւորէն ընդդէմ Հայոց, որք ի սկզբանէ անտի բարեկամք եւ մարտակիցք էին Հոռոմոց. զորս
քրիստոնեայս եւ յերկրպագութիւն ճշմարտին Աստուծոյ փոյթս նեղելով բռնաւորին ատելւոյն Աստուծոյ, զի կռոց եւ դիւաց զոհեսցեն, փոխանակ բարեկամաց՝ թշնամիս, եւ փոխանակ նիզակակցաց՝ պատերազմողս ընդդէմ իւր յարոյց զնոսա… Արդ՝ նա հանդերձ զաւրաւք իւրովք ի պատերազմի անդ ընդդէմ Հայոց՝ ի բազում ուրեք հարեալ վատթարէր առաջի նոցա»1:
Շարունակելի թիւ 1
– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
1 VI դարի ամենասկզբում շարադրուած եւ X դ. վերջի պատմիչ Մովսէս Դասխուրանցու «Պատմութիւն Աղուանից»-ում (հրատ.՝ Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Քնն. բնագիրը եւ ներածությունը Վ. Առաքելյանի, Եր., 1983, յետայսու՝ Դասխ.) բառացի արտագրուած այս աղբիւրի մասին տե՛ս Յակոբեան Ա., «Վաչագանի վէպ»-ը եւ Արշակունեաց թագաւորութեան խնդիրը Դ-Զ դարերի Աղուանքում, – «Հանդէս ամսօրեայ», ՃԺԷ տարի, Վիեննա-Եր., 2003, սն. 45-142: Մենք ենք հրատարակել նաեւ քննական բնագիրը (Անանուն, Կեանք եւ վարք Վաչագանայ արքայի, Առաջաբանը եւ գիտա-քննական բնագիրը Ա. Յակոբեանի, – «Մատենագիրք Հայոց», հտ. Գ, Անթիլիաս, 2004, էջ 51-112):
1 Դասխ., Ա.իգ, էջ 83; «Մատենագիրք Հայոց», հտ. Գ, էջ 109:
1 Chaumont M.-L., Recherches sur l’histoire d’Arménie de l’avénement des Sassanides à la conversion du royaume, Paris, 1969, p. 147-164 (գլուխ VII – «Le sacre à Césarée et le baptême à Bagawan»); Շօմոն Մ.-Լ., Գրիգոր Լուսաւորչի ձեռնադրութիւնը Կեսարիայում եւ մկրտութիւնը Բագաւանում [Թարգմ. եւ ծանօթագրումները Ն.
Ղարիբեանի եւ Ա. Յակոբեանի], – «Հանդէս ամսօրեայ», ՃԻԷ տարի, Վիեննա-Եր., 2013, սն. 29-31:
2 Mahé J.-P., Die Bekehrung Transkaukasiens: eine Historiographie mit doppeltem Boden, – Die Christianisierung des Kaukasus (Armenia, Georgia, Albania). Referate des Internationalen Symposions (Wien, 9-12 Dezember 1999), S. 111; Mardirossian A., Le Synode de Vagarshapat (491) et la date de la conversion au christianisme du royaume de Grande Arménie (311), – RÉArm., NS, T. 28, Paris, 2001-2002, p. 249-260; Իւզբաշեան Կ., Հայագիտութեան ներածութիւն, Եր., 2006, էջ 12:
1 Եւսեբիոս Կեսարացի, Պատմութիւն Եկեղեցւոյ, Վենետիկ – Ս. Ղազար, 1874, էջ 688-689 (գիրք Թ, գլ. Ը):
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԿՈՎԿԱՍԸ-ARMENIA_AND_CHRISTIAN_CAUCASUS