ՀՀ ԱԳՆ լռում է. Ճերմակ մարդը ՌԴ-ից ինստրուկտաժի է ելել
22.03.2021 | Մեկնաբանություն | Lragir.am,
Հուլի-պապուա ցեղախմբի նկատմամբ ամենայն հարգանքով | stogni
Ռուսահայ կուսակցությունների բաց հրահանգավորումը, որ տեղի ունեցավ 2021 մարտ 19-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի նախագահած «համաժողովի» քողի ներքո, չի արժանացել ՀՀ իշխանությունների որեւէ անդրադարձի: Երկրի ներքին գործերին միջամտելու առիթով Կոպիրկինը ԱԳՆ չի հրավիրվել: Տագնապալի հանգամանք է
Այս հանգամանքը վկայում է, որ Փաշինյան-«ռուսական ընդդիմություն»-նոր խորհրդարան շղթան մեծ հավանականությամբ վաղօրոք քվոտավորված է եւ նույնքան կեղծ ու անպտուղ է լինելու, որքան նախորդն էր: Այդուհանդերձ, հպարտ քաղաքացին պետք է լավ պատկերացնի հնարավոր կեղծիքի դառը հետեւանքները:
Կարիք կլինի դեռ բազմիցս անդրադառնալ Հայաստանում ՌԴ դեսպանության նախաձեռնությամբ ռուսահայ կուսակցությունների մարտ 19-ի ինստրուկտաժին: Պատճառը՝ հավաքի ցուցադրական ձեւն է եւ դեսպանի ընդգրկուն եւ իր հանդգնությամբ աննախադեպ ծրագրային ելույթը:
Նախ պարզենք, թե ինչ ասել է ռուսական կամ ռուսահայ կուսակցություն: Արդյոք որեւէ քաղաքական հոսանք, որ կողմնակից է Հայաստանի եւ ՌԴ իրավահավասար սերտ համագործակցությանը տնտեսական, քաղաքական, ռազմական կամ մշակութային ոլորտում, պետք է նման ձեւով բնորոշվի: Անշուշտ ոչ:
Ընդհակառակը, սերտ համագործակցությունը Ռուսասատնի պես համեմատաբար հզոր մի երկրի հետ հույժ կարեւոր է: Մանավանդ, այնտեղ են շուրջ 4 միլիոն հայեր: Միջազգային սերտ համագործակցությունը, առհասարակ, այն է, ինչ պակասում է աղետաբեր ինքնամեկուսացման հակված Հայաստաննին:
Որն է, ուրեմն, «ռուսահայ» կամ «ռուսական» բնորոշման պատճառը: Պատասխանը տվեց ինքը Կոպիրկինը, հավաքի ներածական առաջին իսկ նախադասության մեջ շեշտելով հավաքված կուսակցությունների եւ Ռուսաստանյան Դաշնության իշխանության մշակելիք համատեղ քաղաքականությունը: Կոնսպեկտը՝ այստեղ [Եզերք, 1]:
5-րդ շարասյան նախընտրական հրահանգավորում Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի կողմից: Հիշարժան պահ: Երեւան 19 մարտ 2021 |
Սա՝ օտար տերության կողմից քաղաքական դերակատարների խմբավորման ձեւավորում է եւ հրահանգավորում: Օտար, դեսպանի բառերով՝ «իրենց» շահերը սպասարկող նման խմբավորումները, Իսպանիայում 1930-ականների պատերազմից ի վեր, անվանվում են «5-րդ շարասյուն»: Իրադրությունը ավելի հստակ է նախընտրական շրջանի հանգամանքով:
Եթե ՌԴ օրինակով նման հավաք իրականացներ, ենթադրենք, ԱՄՆ կամ Ֆրանսիայի դեսպանը, մեր գնահատականը նույնը կլիներ: Դա ինքնիշխանության ձգտող պետության տեսակետից անթույլատրելի է: Կարելի է, իհարկե, առարկել, թե 17-ի էմիսարները 4 ամիս է առանց այդ էլ վազվզում էին Մոսկվա – Հայաստանում ՌԴ դեսպանատուն երթուղով: Անշուշտ այդպես է, բայց…
Այստեղ է, որ մոտենում ենք ցուցադրական հրահանգավորման եւ ջրից էլ պարզ ծրագրային ուղերձի նպատակին: Արարի եւ ուղերձի հասցեատերը ճերմակ մարդու վրա ասես քարեդարյան ցեղախումբ բերանները բացած 17-ի բաղադրիչները չեն, այլ մենք ենք:
Մեզ, հայկական պետությանը, հայ ժողովրդին ցույց են տալիս, թե ով է տերը այստեղ: Թե, Սերգեյ Կուրղինյանի բառերով ասած, «հայերը իրենցից ինչ են ներկայացնում», եթե հանդուրժում են նման բան:
Ոչ պակաս կարեւոր է ուղերձի բովանդակությունը, որին կանդրադառնանք մանրամասնությամբ: Հիմա կարելի է վստահ պնդել, որ Ռուսաստանը մտադիր է քարը քարի վրա չթողնել ոչ թե հայկական ինքնիշխանությունից, որը չի էլ ծնվել, այլ ինքնիշխանություն ունենալու ձգտումից:
«Պապուասներն» ու ինքնիշխանությունը անհամատեղելի են: Մոսկովյան հրահանգիչներին պիտի ցույց տրվի իրենց տեղը, այլապես ուլունքավորներով են լցնելու հայոց խորհրդարանի N բաժինը՝ Կոպիրկինի համապատասխան պատգամը գլխներում: Պատգամը առջեւում է: