ԱՄՆ Պետդեպարտամենտ․ Ղարաբաղում պետք է լինի ԵԱՀԿ ձեւաչափը, այլ ոչ թե 3+3
24.03.2021 | Քաղաքականություն | Lragir.am,
Ադրբեջանական Թուրան գործակալությունը հայտնում է, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման համար ավելի արդյունավետ է համարում պայմանավորվածությունները ԵԱՀԿ-ի՝ «այն կազմակերպության հետ, որը ստեղծվել է դրա համար, եւ դա ԵԱՀԿ-ն է»։
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ջորջ Քենթը Սենատի Միջազգային հարաբերությունների ենթահանձնաժողովում ասել է, որ վերջին քառորդ դարում շրջանակներ են ստեղծվել Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների՝ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հակամարտությունների լուծման համար, եւ դա ԵԱՀԿ-ն է։
«Սա համապատասխանող կառույց է, որի բոլոր մասնակից երկրներն անդամներ են ու կիսում են հավատարմությունը միասնական արժեքների ու գործընթացների նկատմամբ։ Բայց Ռուսաստանի առաջարկած 3+3 ձեւաչափը մեծ նահանջ է այդ արժեքներից», – ասել է Քենթը։
«Դա ընտրողաբար է եւ հիմնված է տարածաշրջանային ենթակառուցվածքների վրա․․․ վրացիները մտահոգ են, որ ռուսների առաջարկած նախագծերից մի քանիսը փաստացի շրջանցում են Վրաստանը՝ դա երկաթուղային եւ ավտոմոբիլային ենթակառուցվածքներն են»։
«Վրացիները նաեւ արդարացիորեն չեն ուզում բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ, որն օկուպացրել է իր տարածքի 20 տոկոսը եւ հրաժարվում է կատարել իր պարտավորությունները», – ասել է նա։
Քենթը հասկացնել է տվել, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի ծավալումը խաղաղապահների տեսքով նշանակում է, որ Ռուսաստանը դիրքեր ունի Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում։ Թուրքական ու ռուսական զորքերը ներկայում գլխավորում են Ադրբեջանում հրադադարի պահպանման կենտրոնը։
Քենթի կարծիքով, 3+3 տարածաշրջանային ձեւաչափը, որն առաջարկել են Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, «փորձում է օգտվել այդ նոր դինամիկայից տարածաշրջանում Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ազդեցության հետագա ուժեղացման համար»։
«Ներկայում մենք ուսումնասիրում ենք միջոցները, որոնց օգնությամբ ԱՄՆ-ն կարող է ավելի սերտ համագործակցություն հաստատել Հարավային Կովկասի երկրների միջեւ՝ պահպանելով նրանց ինքնիշխանությունն ու գործողությունների ազատությունը», – նշել է Քենթը։
Վաշինգտոնը կարծում է, որ Վրաստանի արեւմտյան կողմնորոշման ամրապնդման ուղղությամբ ջանքերը «առանձնահատուկ կարեւոր են Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ինտենսիվ ռազմական գործողություններից հետո»:
lragir.am/2021/03/24/629685/