Պանթուրքիզմը և Հայաստանը – Հայաստանն այսօր կանգնած է ներքին և արտաքին վտանգաւոր զարգացումների շեմին

Pan-Turkism and Armenia - Today Armenia is on the threshold of dangerous internal and external developments

Պանթուրքիզմը և Հայաստանը – Հայաստանն այսօր կանգնած է ներքին և արտաքին վտանգաւոր զարգացումների շեմին

24 ՄԱՐՏ 2021 – ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Անի Մելքոնեան – ԵՊՀ պատմութեան ֆակուլտետ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անդամ

«Դրօշակ», թիւ 3 (1649), մարտ, 2021 թ.

Հայաստանն այսօր կանգնած է ներքին և արտաքին վտանգաւոր զարգացումների շեմին, երբ մեր դարաւոր թշնամիները կարծես թէ հասել են իրենց գլխաւոր նպատակի` Պանթուրքիզմի (համաթուրանականութեան) իրագործմանը շեմին: Իսկ ի՞նչ է Պանթուրքիզմը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը:

Պանթուրքիզմը թուրքալեզու ժողովուրդների ազգային գաղափարախօսութիւնն է և, որքան էլ տարօրինակ է, սկիզբ է առել ոչ թէ Օսմանեան կայսրութիւնում, այլ Ռուսական կայսրութեան տարածքում՝ կայսրութեան թուրքալեզու ժողովուրդների շրջանում, 1880-ական թթ., որոնց նպատակն էր «ազատագրուել» օտար (այս դէպքում` ռուսական) տիրապետութիւնից, թուրք ժողովուրդներին համախմբել մէկ միասնական պետութեան մէջ, որը ձգուելու էր Բալկաններից մինչև Սիբիր ու Չինաստան: Պանթուրքիզմի առաւել յայտնի գաղափարախօսներից էին Ահմետ Աղաևը, Եուսուֆ Աքչուրայը, Զիա Կէօքալփը, Ֆուատ Քոփրիւլուն և ուրիշներ:

Պանթուրքիզմի գաղափարախօսներն առաջարկում էին թուրքալեզու բոլոր ժողովուրդների ընդհանուր և պարտադիր լեզու դարձնել Պոլսոյ թուրքերէնը, քարոզել թուրքերի «փառաւոր» անցեալն ու մշակոյթը: Որպէս այդ օրերին գոյութիւն ունեցող միակ անկախ թուրքական պետութիւն` Օսմանեան Թուրքիան ընկալւում էր որպէս Պանթուրքիզմի իրագործման, այսինքն` թուրքալեզու ժողովուրդների միաւորման միջուկ:

Օսմանեան կայսրութիւնում թուրքերը քրիստոնեայ ժողովուրդներից ետ էին մնում ոչ միայն սոցիալ-տնտեսական ու մշակութային, այլև ազգային ինքնագիտակցութեան, ինքնաճանաչման, ազգային գաղափարների զարգացման մակարդակով: Բաւական երկար ժամանակ պահանջուեց թուրքերի շրջանում ազգային «ես»-ի ձևաւորման համար:

Դրան նպաստեցին պանիսլամիզմը, պանօսմանիզմը և դրանց յաջորդած Պանթուրքիզմը: Պանթուրքիզմը ռասիստական, շովինիստական կարելի է ասել` նաև ծայրայեղ ազգայնամոլական գաղափարախօսութիւն է: Այն փորձում է ապացուցել, որ թուրք էթնոսը բարձր է կանգնած միւս ժողովուրդներից և ստեղծուած է իշխելու համար: Պանթուրքիստները նշում էին, որ Ասիայի և Հիւսիսային Աֆրիկայի բոլոր առաջնորդները սերում են թուրքական, իսկ եւրոպական երկրների ղեկավարները` գերմանական ռասաներից:

Մարդկային քաղաքակրթութեան բոլոր նուաճումները վերագրւում էին թուրք էթնոսին: Դա ինքնանպատակ չէր. սեփական ռասայի գովերգումը հող էր նախապատրաստում յետագայ յաւակնութիւնների համար: 1903թ. Գահիրէի «Թուրք» թերթում հրապարակւում է Պանթուրքիզմի հիմնադիր և խոշորագոյն գաղափարախօս Եուսուֆ Աքչուրայի` «Երեք քաղաքական համակարգ» խորագրով ծրագրային ծաւալուն յօդուածը, որում մերժելով պանօսմանիզմը և պանիսլամիզմը՝ Պանթուրքիզմի հիմնադիրը թուրքերի նոր ազգային գաղափարախօսութեան կենսագործման ճանապարհին հիմնական հակառակորդ էր համարում Ռուսական կայսրութեանը:

Աքչուրայը, բնականաբար, մէկ յօդուածի շրջանակներում չէր կարող խորութեամբ ու բազմակողմանիօրէն շարադրել Պանթուրքիզմի բոլոր հիմնադրոյթները: Այդ խնդիրը լուծել է Պանթուրքիզմի խոշոր տեսաբան Զիա Կէօքալփը իր «Թուրքիզմի հիմունքները» աշխատութեան մէջ: Պանթուրքիզմը նա դիտում է որպէս եռաստիճան համակարգ: Դրանում առանձնացուած են թուրքիզմը՝ որպէս թուրք ժողովրդի ազգային գաղափարախօսութիւն, և Պանթուրքիզմը՝ որպէս թուրքալեզու ժողովուրդների գաղափարախօսութիւն:

Ըստ պանթուրքիստական գաղափարախօսութեան՝ թուրքալեզու ժողովուրդների միաւորումը մէկ պետութեան մէջ պէտք է իրականացուի եռաստիճան ծրագրով: «Պանթուրքիզմը,- գրել է Կէօքալփը,- գաղափարի մեծութեան տեսանկիւնից կարելի է բաժանել երեք աստիճանի՝ թուրքիզմ, օղուզականութիւն կամ թուրքմէնականութիւն և թուրանականութիւն»: Պանթուրքիզմի նպատակը թուրքական ռասայի ժողովուրդների միասնական պետութեան՝ Մեծ Թուրանի ստեղծումն է:

Պանթուրքիզմի առաջին աստիճանը՝ թուրքիզմը, թուրքերի ազգային գաղափարախօսութիւնն է: Այն գաղափարախօսական հիմնադրոյթների համակարգ է, որի նպատակը Թուրքիան էթնիկապէս միատարր պետութիւն դարձնելն է և թուրքացնելը: Այդ գաղափարախօսութեան համաձայն՝ Թուրքիան պէտք է մահմետականացուի, ինչը նշանակում է քրիստոնեաների, առաջին հերթին` արևմտահայութեան ֆիզիկական ոչնչացում:

Ըստ թուրքիզմի գաղափարախօսութեան՝ Թուրքիան միատարր պէտք է դառնայ առաջին հերթին կրօնական առումով և ապա միայն՝ ազգային: Օսմանեան կայսրութեան ոչ թուրք ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման ծրագիրը պէտք է իրագործուի երկու փուլով: Առաջին փուլում պէտք է ոչնչացուեն Օսմանեան կայսրութեան ոչմահմետական, երկրորդ փուլում՝ մահմետական ոչ թուրք ժողովուրդները:

1910-1911թթ. Սալոնիկում տեղի ունեցած ընդհանուր ժողովների ժամանակ «Իթթիհադ վէ Թերաքքի» («Միութիւն և առաջդիմութիւն») կուսակցութիւնը որդեգրեց Պանթուրքիզմի քաղաքականութիւնը: Կայսրութեան մահմետական ժողովուրդները պէտք է թուրքացուէին, իսկ քրիստոնեաները՝ բնաջնջուէին: Ապա Թուրքիային էին միացուելու Ատրպատականը (Իրանական Ատրպէյճան), Ղրիմը, Թաթարիստանը, Միջին Ասիան, Սիբիրը, Թուրքմէնիստանը, Մանջուրիան, և ստեղծուելու էր Մեծ Թուրանը: Երիտթուրքերը նշում էին, որ եթէ սուլթանները նախկինում ձուլած կամ ոչնչացրած լինէին հպատակ ժողովուրդներին, ապա կայսրութիւնը չէր բռնի քայքայման ուղին:

Պանթուրքիզմի իրագործման ճանապարհին սեպի պէս խրուած էին և են Հայաստանը և հայ ժողովուրդը, որը դարձաւ դրա առաջին զոհը: Իշխանութիւնները թուրք բնակչութեան մէջ սկսեցին սերմանել ամենավայրենի շովինիզմ ու հայատեացութիւն. Կոչ էին անում, քանի դեռ ուշ չէ, թուրքացնելու Անատոլիան, իսկ հայերին ոչնչացնելու:

Պանթուրքիզմի ազգայնամոլական, ռասիստական, ծաւալապաշտական գաղափարախօսութիւնն իր սուր ծայրով ուղղուած էր հայ ժողովրդի դէմ և դարձաւ ցեղասպանութեան գլխաւոր գործօններից մէկը: Թուրքերի ազգային գաղափարախօսութիւնը պաշտօնապէս կամ ոչ պաշտօնապէս մշտապէս եղել է պետական գաղափարախօսութեան հիմքում:

Թուրքերի պետական քաղաքականութիւնը դարեր շարունակ ղեկավարուել է միայն ազգային գաղափարախօսութեան հիմնադրոյթներով:

Դրանով է բացատրւում այն հանգամանքը, որ Օսմանեան կայսրութեան, իսկ յետագայում Թուրքիայի Հանրապետութեան բոլոր իշխանութիւններն ազգային հարցում վարել են նոյն քաղաքականութիւնը: Այդ առումով տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանութեան կազմակերպիչների աճիւնները տասնամեակներ անց վերաթաղւում են Թուրքիայում:

Թուրքական իշխանութիւններն արդարացնում են իրենց նախորդների ցեղասպանական քաղաքականութիւնը: Թուրքերի ազգային գաղափարախօսութեան առանցքը հողի և ժողովրդի գաղափարն է:

Թուրքիայի Հանրապետութեան քաղաքականութիւնն ու պանթուրքիստական նպատակները այսօր էլ մնում են նոյնը, և պատահական չէ, որ Թուրքիան և Ատրպէյճանը այսօր ամէն կերպ ձգտում են ստանալու Պանթուրքիզմի շղթան կտրող Զանգեզուրը, որպէսզի կարողանան միաւորուել և սկիզբ դնել Պանթուրքիզմի երկրորդ փուլին՝ թուրքալեզու ժողովուրդների միաւորմանը, որին, ըստ տրամաբանութեան, պէտք է յաջորդեն մինչև Ալթայ և Չինաստան ընկած տարածքների, այսինքն` «թուրքական հայրենիքի» նուաճումը և Մեծ Թուրանի հռչակումը:

Պանթուրքիզմը, ըստ իր գաղափարախօսների և իրագործողների, իրականացուելու էր երեք փուլով`թուրքիզմ, օղուզականութիւն և թուրանիզմ կամ պանթուրանիզմ:

Առաջին փուլում Թուրքիան պէտք է մահմետականացուէր, ինչը նշանակում էր քրիստոնեաների, առաջին հերթին` արևմտահայութեան ֆիզիկական ոչնչացում: Ըստ թուրքիզմի գաղափարախօսութեան` Թուրքիան միատարր պէտք է դառնար առաջին հերթին կրօնական առումով և ապա միայն` ազգային:

Այդ թեզից հետևում էր, որ Օսմանեան կայսրութեան ոչ թուրք ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման ծրագիրը պէտք է իրագործուրր երկու փուլով. Առաջին փուլում պէտք է ոչնչացուէին կայսրութեան ոչ մահմետական ժողովուրդները:

Երկրորդ փուլում պէտք է միաւորուէին օղուզ թուրքերը՝ օսմանեան թուրքերը, Հիւսիսային Պարսկաստանի ու Այսրկովկասի թուրքալեզու մահմետականները և թուրքմէնները:

Այս փուլը ենթադրում էր արևելահայութեան ամբողջական կամ մասնակի բնաջնջում. Արևելեան Հայաստանից նուազագոյնը գրաւուելու էին Կարսը, Արտահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը, որպէսզի կապ ստեղծուէր կովկասեան թուրքերի(1936 թուականից`ատրպէյճանցիներ) հետ:

Ըստ այդմ էլ. «Կեանքի էր կոչւում ոչ միայն «Թուրքիան`թուրք-օսմաններին» լոզունգը, այլև թուրքախօս ժողովուրդներին իրենց ենթարկելու, Անդրկովկասը զաւթելու, Միջին Ասիայի, Ռուսաստանի, Պարսկաստանի հսկայածաւալ տերիտորիաներն Օսմանեան կայսրութեանը կցելու կարգախօսը»:

Երրորդ փուլում պէտք է միաւորուէին թուրքալեզու բոլոր ժողովուրդները, և ստեղծուելու էր մէկ միասնական թուրքական պետութիւն՝ Մեծ Թուրանը:

Պանթուրքիզմը Օսմանեան կայսրութեան պետական գաղափարախօսութիւն դարձրին «ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն» կոչերով իշխանութեան եկած երիտթուրքերը: Պանթուրքիզմը դառնում է Թուրքիայի քաղաքականութիւնը:
Սալոնիկի 1910 և 1911 թուականների համաժողովների որոշումները՝ կայսրութիւնն օսմանցիականացնելու և մահմետականացնելու մասին, նշանակում էին հայ ժողովրդի ցեղասպանութեան ծրագրի ընդունում:

Ինչպէս նշեցինք, Պանթուրքիզմի ծրագրի իրականացման ճանապարհին «սեպի պէս խրուած» էր Հայաստանը, և հայժողովուրդը պէտք է դառնար դրա առաջին զոհը: Դա էր գլխաւոր պատճառը, որ «Իթթիհատը» առանձնայատուկ թշնամութեամբ էր լցուած հայ ազգային-ազատագրական պայքարի նկատմամբ, որը համարում էր առաւել վտանգաւոր Օսմանեան կայսրութեան համար, իսկ հայ ժողովուրդը, երիտթուրքերի ընկալմամբ, խոչընդոտելու էր «թուրք ազգի և էթնիկ թուրքական պետութեան» ձևաւորմանը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին արդէն մշակուել և աւարտուն տեսք էր ստացել երիտթուրքերի պանթուրքիստական գաղափարախօսութիւնը.«….1908-1914 թթ.`երիտթուրքական պետական ու քաղաքական կառավարման մօտաւորապէս վեց տարիների ընթացքում, որոշակի դարձաւ նրանց թուրքիստական ու պանթուրքիստական գաղափարախօսութիւնը….

Պերլինում դաստիարակուած երիտասարդ թուրքերը Ալթայ գնալու, կումիս խմելու երազներ էին հիւսում: Ըստ նրանց`Թուրքիայի տիրապետութիւնը պէտք է տարածուէր մինչև թուրքերի նախահայր Էրթողրլուի ծննդավայրը, մինչև գորշ գայլի հայրենիքը՝ Սինցզեանի անապատները»:

Մեծ Թուրան ստեղծելու, իրենց պատմական հայրենիք`Ալթայ վերադառնալու թուրքական այս «մեծ երազանքը» արտացոլուած է նաև թուրքալեզու ժողովուրդների «Էրկենեքոն» էպոսում:

Թուրքական նկարագիր ունեցող Թուրքիա պետութեան կազմաւորման ու Պանթուրքիզմի գաղափարախօսութեան կենսագործման ճանապարհին որպէս գլխաւոր խոչընդոտ Թուրքիան տեսնում էր և տեսնում է Հայաստանն ու հայ ժողովրդին:

Պանթուրքիզմի երկրորդ փուլով արևելահայութեանը բնաջնջելու և կովկասեան թուրքերին միանալու թուրքական ծրագիրը չիրականացաւ 1918թ. Մայիսեան հերոսամարտերի շնորհիւ, որոնք փակեցին Պանթուրքիզմի ճանապարհը:

Պանթուրքիզմի ծրագիրը վիժեցնելու հնարաւորութիւնները
Ինչպէս ասացինք, Պանթուրքիզմի երկրորդ փուլը ենթադրում էր արևելահայութեան ամբողջական կամ մասնակի բնաջնջում. Արևելեան Հայաստանից նուազագոյնը գրաւելու էին Կարսը, Արտահանը, Սուրմալուն, Նախիջևանը, Զանգեզուրը և Արցախը, որպէսզի կապ ստեղծուէր կովկասեան թուրքերի հետ:

Մոսկուայի անօրինական պայմանագրով Թուրքիային յաջողուեց Հայաստանից պոկել և Ատրպէյճանին կցել Նախիջևանը, որն ապահովում է կապը Թուրքիայի հետ, և կարելի է ասել, որ Կարսի և Մոսկուայի պայմանագրերով Թուրքիան իրականութիւն կը դարձնէր իր պանթուրքիստական ծրագրի երկրորդ մասը, մանաւանդ որ կարճ ժամանակ անց մի անօրինական որոշմամբ էլ Ատրպէյճանին միացուեց նաև հայկական Արցախը:

Մնում էր Զանգեզուրը, որի` Ատրպէյճանին միացնելու դէպքում Պանթուրքիզմի երկրորդ մասը կարելի կը լինէր յաջողուած համարել, բայց Զանգեզուրի պաշտպանները Նժդեհի գլխաւորութեամբ, կարող ենք ասել, որ խառնեցին պանթուրքիստների խաղաքարտերը՝ հերոսական պայքար մղելով այնքան, որ ի վերջոյ խորհրդային իշխանութիւնը տեղի տուեց, և Զանգեզուրը մնաց Հայաստանի կազմում:

Այսպիսով` Հայաստանը փրկուեց լիակատար օղակումից ու աստիճանական ոչնչացումից: Պանթուրքիզմի շղթայից մի կարևոր օղակ էլ կտրուել է 1990-ականներին, երբ հայ ժողովուրդն ազատագրեց Արցախը: Սակայն այն, ինչ տեղի ունեցաւ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը և շարունակւում է առ այսօր, Թուրքիային հաստատուն քայլերով առաջնորդում է դէպի Պանթուրքիզմի իրագործում:

Արցախի դաւաճանական յանձնումից, կապիտուլյացիայի ստորագրումից և Զանգեզուրի(Մեղրիի) ճանապարհը Ատրպէյճանի ու Թուրքիայի առաջ բացելուց յետոյ Թուրքիան առաւել, քան երբևէ, մօտ է իր պանթուրքիստական ծրագրի իրագործմանը, և եթէ աւելի քան մէկ դար առաջ`1918թ. մայիսին, հայ զինուորականութեան վճռականութեան և դիկտատոր Արամ Մանուկեանի նուիրումի ու տքնաջան աշխատանքի շնորհիւ վիժեցուեց Պանթուրքիզմը, ապա այսօր նաև Հայաստանի ղեկավարութեան յանցաւոր անտարբերութեան ու դաւաճանական պահուածքի պատճառով Թուրքիան իրականացնում է այն, ինչը չէր կարողացել իրականացնել աւելի քան 100 տարի:

Վերջին խօսքն այսօր հայ զինուորականութեանն ու ռազմական ղեկավարութեանն է. Այս անգամ ևս կը յաջողուի՞ արդեօք հայ զինուորականութեանը փակել Պանթուրքիզմի ճամփան և ապահովել Հայաստանի գոյութիւնը…

Ինչպէս տեսանք, սա է թուրքալեզու ժողովուրդների ազգային գաղափարախօսութիւնը, իսկ երբևէ մտածե՞լ ենք, թէ որն է մե՛ր` հայերիս ազգային գաղափարախօսութիւնը:

1. https://www.hayagitaran.am/2014/08/id-4634.html

2.Կիրակոսեան Ջ., Երիտթուրքերը պատմութեան դատաստանի առաջ, հատ. Ա, Եր., 1982,էջ 208:

3.Խուրշուդեան Լ., Հայկական հարցը. բովանդակութիւնը, ծագումը, Եր., 1995, էջ 38-39:

4.Կիրակոսեան Ջ., նշ. աշխ., էջ 208:

horizonweekly.ca/en/պանթուրքիզմը-և-հայաստանը/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail