ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ – ԱԶԳԱՅԻՆ – ՊԱՏՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔԸ

Art-A-Tsolum – Depictions of Agriculture – 7,500 years old petroglyphs of ukhtasar mountains armenia

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ – ՊԱՏՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔԸ

17.08.2014 – հayagitaran.

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ – ՊԱՏՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔԸ
Հասմիկ Գուլակյան

Ազգային զգացումների ամենաուժեղ արտահայտությունը հայրենասիրությունն է, սեփական ազգային պետության և սեփական ժողովրդի մեծարման ձգտումը, նրանց պաշտպանությունը բոլոր հնարավոր միջոցներով: 

Խ. Բոկով, Վ. Ալեքսեև

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ – ՊԱՏՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔԸ | Լենդրուշ Խուրշուդյան / Lendrush Xurshudyan

ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ – ՊԱՏՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՆՔԸ | Լենդրուշ Խուրշուդյան / Lendrush Xurshudyan

Այս ժողովածուն* բավական թերի կլիներ առանց պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երջանկահիշատակ Լենդրուշ Խուրշուդյանի՝ հայոց ազգային գաղափարախոսության էության, ակունքների, հիմնադրույթների և առանձնահատկությունների մասին հայեցակարգային տեսակետների, որոնք ներկայացված են նրա «Հայոց ազգային գաղափարախոսություն» (Երևան, 1999, 284 էջ) աշխատության մեջ: Ակադեմիկոսը հանգամանորեն կարևորել է հայ ժողովրդի և հայոց պետականության գոյապահպանման գործոնները, ուրվագծել հայոց արդի քաղաքական հիմնական խնդիրները: ժամանակին, երբ արդեն գրված էին գրքի որոշ գլուխներ, հաճախ ենք զրուցել հեղինակի հետ նրա` հայոց ազգային գաղափարախոսության հայեցակարգային մոտեցումների մասին: Դրանցից միայն մեկը հնարավոր եղավ հրապարակել («Ի հեճուկս գաղափարական ավերակների», «Հայացք Երևանից», 1999 թ., թիվ 12): Ծանր, անբուժելի հիվանդ գիտնականն իրոք քաղաքացիական արիություն դրսևորեց՝ ավարտելու գրքի շարադրանքը: Ցավոք, այն լույս տեսավ հետմահու…

«Անցման շրջանում պատմությունն առաջ է քաշել մի շարք չափազանց կարևոր հիմնախնդիրներ, որոնց լուծման գործում հայ ազգային քաղաքական միտքը սխալվելու իրավունք չունի, քանզի սխալվելը հավասարազոր է կործանման»,— պատգամի պես գրել է մերձիմահ գիտնականը: Ներկայացվող հարցազրույցը պատրաստել եմ մեր նախկին զրույցների, նաև՝  ՀՀ ռադիոյով և արդեն հիշատակածս հրապարակման ոգով՝ պահպանելու համար ժողովածուի տրամաբանությունը՝ պատասխանները քաղելով «Հայոց ազգային գաղափարախոսություն» գրքից:

— Ի՞նչ է ազգային գաղափարախոսությունը, ե՞րբ է այն ձևավորվել:

— Ազգային գաղափարախոսությունն ստեղծվել է դարերի խորքում: Յուրաքանչյուր էթնոս պատմության բեմահարթակ իջնելու պահից, որպես հիմնական խնդիր, ձեռնամուխ է լինում իր գոյապահպանման համակարգի ստեղծմանը, որն ստացել է «ազգային գաղափարախոսություն» անվանումը:
Հայոց ազգային գաղափարախոսությունը հին է այնքան, որքան հայ ժողովուրդը: Այն կյանքի է կոչվել առաջին հայ ցեղախմբերի ձևավորման հետ՝ որպես հայ էթնոսի ինքնապահպանման բնազդ, ազգային ինքնագիտակցության նախասկիզբ: Դարերի ընթացքում հայոց ազգային գաղափարախոսությունը աշխարհաքաղաքական գործոնների փոփոխմանը զուգընթաց լրամշակվել է և դարձել մի ամբողջական համակարգ: Հայոց ազգային գաղափարախոսության ամբողջական համակարգի ստեղծման գործում, մեր կարծիքով, առանցքային դեր են կատարել երեք խոշոր ազգային գործիչներ՝ Մովսես ԽորենացինՆիկողայոս Ադոնցը և Գարեգին Նժդեհը: Ազգային գաղափարախոսությունը ժողովրդի ինքնապաշտպանության բնազդի գիտական հիմնավորումն է: Մարդն իր բանականությամբ ինքնապահպանման բնազդը բարձրացնում է ամենաբարձր մակարդակի՝ ստեղծելով ազգային գաղափարախոսություն: Ազգային գաղափարախոսությունը մարդկային ցեղի ինքնապահպանման բնազդն է՝ հիմնավորված աշխարհաքաղաքական, պատմական և այլ բազմաթիվ ընդհանուր ու առանձնահատուկ բնույթ ունեցող կարևորագույն գործոններով:
Մարդկային հասարակության արդի փուլում միայն այն ժողովուրդները կարող են գոյապահպանվել և իրականացնել իրենց ազգային իղձերը, որոնք ունեն պատմության փորձից բխող, գիտականորեն հիմնավորված ազգային գաղափարախոսություն:  Ազգային գաղափարախոսությունը չեն կարող մշակել պետական իշխանությունները և ժողովրդին պարտադրել պետական որոշումով: Այն ստեղծում են ազգային մտավորականության ընտրանին և ազգային կազմակերպությունները: Դասակարգային կազմակերպությունները ևս, ելնելով իրենց բնույթից, իրավունք չունեն մշակել ազգային գաղափարախոսություն և այն պարտադրել ժողովրդին: Ազգային գաղափարախոսությունը հանրաքվեի չի դրվում: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն իրենց ազգային գաղափարախոսությունը: Սակայն ազգային գաղափարախոսությունը տարբեր ժողովուրդների մոտ, պատմության թելադրանքով, արտահայտման տարբեր ձևեր ունի և պայքարի առաջին պլանում՝ տարբեր հիմնախնդիրներ: Այն ժողովուրդները, որոնց նկատմամբ պատմությունն անարդար է գտնվել, որոնք կորցրել են իրենց Հայրենիքը կամ Հայրենիքի մի մասը, որպես կանոն, իրենց ազգային գաղափարախոսության հիմքում առաջին հերթին դնում են Հայրենիքի ազատագրության հարցը: Ահա՛ թե ինչու հայերի ազգային գաղափարախոսությունը պատմականորեն ստացել է Հայկական հարց, Հայ դատ և Պահանջատիրություն անվանումները, որը նշանակում է կորցրած Հայրենիքի ազատագրում:

— Ո՞րն է ազգային գաղափարախոսության բովանդակությունը:

— Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթներից: Ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարներն այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը: Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ռազմավարական և մարտավարական ծրագրերից: Ռազմավարական ծրագիրը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի հիմնադրույթներից: Այդ ծրագրում անհրաժեշտաբար իրենց պատշաճ տեղն են գրավում նաև յուրաքանչյուր ազգի պատմական առանձնահատկություններից բխող առանձնահատուկ հիմնախնդիրները:
Մարտավարական ծրագիրը ժողովրդի պատմության տարբեր փուլերում, տարբեր պատմական պայմաններում ռազմավարական ծրագրի հիմնախնդիրների լուծման ուղիների համակարգն է: Եթե մարտավարական ծրագիրը չի ելնում պատմական իրականության բոլոր անհրաժեշտ գործոնների գիտական, պատմական և քաղաքական վերլուծություններից, նրա մեխանիզմը չի գործում: Հետևաբար մարտավարական ծրագրի տապալմամբ չի իրականանում նաև ռազմավարական ծրագիրը: Ռազմավարական ծրագիրը կյանքի է կոչվում դարերի, իսկ մարտավարական ծրագիրը՝ պատմական ավելի կարճ ժամանակահատվածի համար:

— Որո՞նք են ազգային գաղափարախոսություն հիմնախնդիրները:

— Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է, նրա ազատ, անվտանգ, բնականոն ու բազմակողմանի զարգացումը: Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական հասկացություն: Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ազգային գործոնները՝ լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, ինքնագիտակցություն, բնավորություն, հոգեբանություն, հոգեկան կերտվածք, նկարագիր, զգացում՝ ազգասիրություն, հայրենասիրություն և հպարտություն, ոգի, ընտանիք, կրոն, ճաշակ, կենցաղ, էթնիկական ավանդույթներ, սովորույթներ և այլն: Մասնագիտական գրականությունը ժողովուրդների պատմության, ազգային գաղափարախոսության մեջ բախտորոշ, վճռական դեր է հատկացնում հատկապես ազգային բնավորությանը, ազգային հոգեկերտվածքին և, ընդհանրապես, ազգային հոգեբանությանը: Անվիճելի է, որ պատմության փորձությունները հաղթահարելու, գոյապահպանման դարավոր կռվից հաղթող դուրս գալու համար ազգը պետք է ունենա ուժեղ բնավորություն, հոգեկան կերտվածք, ազգային դիմագիծ:
Լը Բոնը որպես ազգային բնավորության կարևորագույն հատկանիշներ նշում է քաջությունը, էներգիան, հաստատակամությունը, կամքը և կամքից բխող ընդունակությունները, գաղափարի համար անձնազոհության ընդունակությունը, անհաղթահարելի համառությունը, ինքնատիրապետումը, նախաձեռնության ոգին, բարոյականությունը՝ որպես ժառանգական հարգանք օրենքների նկատմամբ և այլն: Ընդ որում, նա ընդգծում է, որ եթե որևէ ազգ ընդունակ չէ ինքնատիրապետման,  նրան տիրում են ուրիշները: Անցյալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ ժողովուրդներ, պատմության անբարենպաստ զարգացման պայմաններում, հատկապես երբ կորցնում են անկախությունը և երկարատև ժամանակահատվածում գտնվում ուրիշ ժողովուրդների տիրապետության տակ, մանավանդ եթե նվաճողն էլ քաղաքակրթության ցածր մակարդակի ունի, սկսում են կորցնել իրենց ազգային բնավորության ավանդական գծերը և աստիճանաբար փոխել հոգեկան կերտվածքը: Այսպիսի ժողովուրդները ձեռք են բերում թերարժեքության բարդույթ, որը Քրիստափոր Միքայելյանն անվանում է  «պատմական չարիք»:
Թերարժեքության բարդույթի դրսևորման հիմնական ձևերն են՝ բնավորության ավանդական գծերի թուլացում, երբեմն էլ՝ անհետացում, զոհի բարդույթ, սեփական ազգային հավաքական ուժի նկատմամբ անվստահություն, «ես»-ի հաղթանակ «մենք»-ի նկատմամբ, ազգային հպարտության կորուստ, անմիաբանություն, ազգային համաձայնության գաղափարի թուլացում կամ լիովին անհետացում, պարտվողականություն, ստրուկի հոգեբանության առաջացում և այլն: Բնավորության նման գծերով, հատկապես առանց ազգային համաձայնության, համերաշխության, ոչ մի ժողովուրդ չի կարող հասնել պետական անկախության և հարցականի տակ է դնում անգամ իր գոյապահպանման հնարավորությունը:

— Ի՞նչ է հայրենիքը:

— Անվանի ազգագրագետ Էնթոնի Սմիթի արտահայտությամբ՝ «Ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց, ամեն մի տարածք և հողակտոր դեռ հայրենիք չեն: Հայրենիքը «պատմական» հող է, «բնօրրան»: Տարածքն ու Հայրենիքը դարերի ընթացքում ունենում են ներգործուն փոխազդեցություն: Հողը Հայրենիք է դառնում, երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, ուր ապրում են տվյալ ժողովրդի իմաստունները, ուր սրբերն ու հերոսները, լեռներն ու ձորերը սրբագործվում են: Այս ամենը հայրենիքը դարձնում են միակը և անկրկնելին»: Հայրենիք կոչվող ապրելատարածքը պետք է լինի ազատ և անկախ: Անկախ Հայրենին այն հզոր գործոնն է, որն ապահովում է ժողովրդի գոյապահպանման ու զարգացման հնարավորությունը: Առանց հայրենիքի ազգ չկա: Ժողովուրդների գոյապահպանման հիմնական պայմանը անկախ Հայրենիքի առկայությունն է: Բոլոր ժողովուրդներն էլ ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցնում, մեծամեծ զոհեր են տալիս ազատ ու անկախ Հայրենիք ունենալու համար: Ահա՛ թե ինչու բոլոր ժողովուրդների ազգային գաղափարախոսությունների հիմքում, ի թիվս ազգի գաղափարի, նաև ամբողջական հայրենիքի գաղափարն է: Ժողովուրդը ղեկավարվում է «Հայրենիքի հրամայականով»: Հայրենիքը ժողովրդի համար դառնում է սրբություն: «Հայրենիքը» ամբողջական պատմական հասկացություն է: Եթե պատմության բերումով ժողովուրդների հայրենիքները կիսվում են մասերի՝ երկու Գերմանիա, երկու Կորեա, երկու Վիետնամ, երկու Հայաստան և այլն, չի նշանակում, թե նշված ժողովուրդների մեկ ամբողջական հայրենիքը վերածվում է երկուսի:

— Ի՞նչ է ազգասիրությունը, ի՞նչ է հայրենասիրությունը:    

— Ազգասիրությունը՝ նացիոնալիզմը, հայրենասիրությունը՝ պատրիոտիզմը, այնքան են սերտաճած, որ պատմաքաղաքական գրականության մեջ շատ հաճախ նույնացվում են:  Հայրենիքը և հայրենասիրությունը ժողովրդի գոյապահպանման հիմնական պայմանն են: Առանց հայրենասիրության հայրենիք գոյություն ունենալ չի կարող, հայրենիք պահել հնարավոր չէ: Հայրենիքը ժողովրդի բոլոր սերունդների դարավոր, հերոսական պայքարի արդյունքն է: Առանց անձնազոհության, առանց արյունի ոչ մի ժողովուրդ հայրենիք չի կարող ունենալ: Հայրենիքի համար զոհվելը հերոսություն է: Հերոսների արյունով ներծծված մայրենի հողը քաջերի նոր սերունդներ է կյանքի կոչում: Ժողովուրդն աճում է, Հայրենիքը՝ ոչ: Ահա  թե ինչու հայրենիքի գաղափարի քարոզչությունը մշտապես պետք է գտնվի ամեն մի ժողովրդի պետականության, ազգային, հասարակական-քաղաքական մտքի, ազգային կազմակերպությունների ուշադրության և հոգատարության կենտրոնում: Այդ չափազանց կարևոր խնդիրը գործնականում իրագործելու համար յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր իսկական ազգային դպրոցը, ազգային կրթական համակարգը: Հայրենիքն առաջին հերթին դավանանք է, երկրորդ հերթին՝ լեգենդ: Հայրենիքն Աստծո նախակերպարն է: «Թող մարդը մանկուց սովորի հանձին հայրենիքի տեսնել Աստծո կերպարը»,
«Հայրենիքը պատահական հրաշք չէ, այլ անանց հրաշք, բնության ու պատմության հրաշք»,
— գրում է Ժյուլ Միշլեն: Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում: Հայրենիքի կորուստը վաղեմություն չունի: Հայրենիքին համահավասար փոխարժեքներ գոյություն չունեն: Հայրենիքը պատկանում է ողջ ժողովրդին՝ անցած դարերի բոլոր մեռածներից մինչև ապագայում ծնվելիք բոլոր սերունդները: Այդ պատճառով էլ ժողովրդի ոչ մի սերունդ, ոչ մի գործիչ իրավունք չունի թեկուզ մի թիզ հող նվիրաբերելու, հանձնելու, զիջելու այլ ժողովուրդների կամ էլ հրաժարվելու կորցրած հայրենիքի տարածքներից:

— Ի՞նչ է անկախ պետականության կամ պետության գաղափարախոսությունը:

— Յուրաքանչյուր ժողովուրդ գոյապահպանման և բնականոն զարգացման համար պետք է ունենա անկախ ազգային պետականություն: Պետությունը կյանքի է կոչվում ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար: Առանց անկախ ազգային պետության ոչ մի ժողովուրդ չի կարող երկար ժամանակ գոյապահպանվել: Պետությունը ժողովրդի ինքնապահպանման բնազդի արտահայտության բարձրագույն ձևն է: Ազգային պետությունը ղեկավարվում է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով:
Ազգային գաղափարախոսությունը տեսություն է, ինքնապահպանման համակարգ, որի իրականացման համար դարերի ընթացքում կյանքի են կոչվել իշխանությունների և պետությունների տարբեր ձևեր: Ահա՛ թե ինչու անհեթեթություն է ազգային և պետական գաղափարախոսություններն իրար հակադրելը: Ժողովուրդը պետություն է ստեղծել իր ազգային գաղափարախոսությունը իրականացնելու համար, եթե իշխանավորները չեն կատարում այդ խնդիրը, նրանք հեռացվում են իշխանությունից: Նույնը վերաբերում է նաև պետականության ձևերին: Յուրաքանչյուր ժողովուրդ կյանքի է կոչում պետականության և հասարակարգի այն ձևը, որն ավելի լավ է արտահայտում և իրականացնում իր ազգային գաղափարախոսությունը: Պետական գաղափարախոսությունը ելնում է ազգի գերագույն շահերից, որոնք ամբողջությամբ ամփոփված են ազգային գաղափարախոսության մեջ: Ազգային գաղափարախոսությունը ռազմավարություն է, պետականը՝ մարտավարություն: Այդ առումով էլ պետական գաղափարախոսությունն ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասն է: Ազգային գաղափարախոսության ռազմավարական և մարտավարական ծրագրերի համակարգը կոչվում է ազգային ծրագիր: Յուրաքանչյուր ազգային պետության հիմնական խնդիրն ազգային գաղափարախոսության ռազմավարական և մարտավարական ծրագրերի, այսինքն՝ ազգային ծրագրի իրականացումն է: Այդ պատճառով էլ ազգային և պետական գաղափարախոսությունների միջև հակասություններ լինել չեն կարող: Ազգային պետությունը, ելնելով ազգային գաղափարախոսության հիմնախնդիրներից, մշակում է ազգային անվտանգության հայեցակարգ, որի հիմնաքարերն են՝ ազգային տնտեսության, արտաքին և ռազմական քաղաքականության դոկտրինները (հիմնադրույթների համակարգերը — Հ. Գ.), ազգային մշակույթի և կրթական համակարգի զարգացման խնդիրները:  Պետության կայացումը և հզորացումը, որոնք պետական գաղափարախոսության առանցքն են, նույնպես ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից են: Պետական գաղափարախոսությունը, լինելով ազգային գաղափարախոսության բաղկացուցիչ մասը, չի կարող իր էությամբ ազգային չլինել: Ազգային և պետական գաղափարախոսությունները լրացնում են միմյանց և ավելի դյուրին դարձնում ազգի ինքնապահպանման և հավերժացման համար մղվող պայքարը: Եթե պետությունն ազգային է, ապա, բնականաբար, նրա նպատակը կարող է լինել միայն ազգի շահերի պաշտպանությունը՝ ազգային գաղափարախոսության կենսագործումը: Պետական գաղափարախոսությունն իր մարտավարական ծրագրով՝ պատմական տարբեր փուլերում, ելնելով աշխարհաքաղաքական գործոնների առանձնահատկություններից, պայքարում է ազգային գաղափարախոսության հիմնախնդիրների լուծման համար:
Անբարենպաստ պատմական պահերին պետությունն ազգային գաղափարախոսության որոշ հիմնախնդիրների քարոզչությունը և դրանց համար մղվող պայքարը ժամանակավորապես թողնում է ազգային կազմակերպություններին:
Ընդհանրապես յուրաքանչյուր ժողովրդի ազգային գաղափարախոսություն միշտ էլ իր ռազմավարական ծրագրում ունենում է մոտակա և հեռավոր խնդիրներ: Պետությունը, պայքարելով մոտակա խնդիրների իրականացման համար, միաժամանակ ուղիներ է գըտնում հեռավոր խնդիրների քարոզչության համար՝ դրանք ժողովըրդի պատմական հիշողության մեջ թարմ պահելու նպատակով: Ազգային պետությունը, որպես կանոն, մշտապես ղեկավարվում է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով: Եթե պետությունը հրաժարվում է ազգային գաղափարախոսությունից, դադարում է ազգային պետություն լինելուց, ազգի շահերը պաշտպանելուց: Առողջ պետության մեջ բնական է տարբեր կուսակցությունների և դասակարգերի առկայությունը: Բնական է նաև իշխանության համար մղվող պայքարը: Սակայն քաղաքական պայքարն ունի թույլատրելի սահմաններ և չպետք է թուլացնի կամ խարխլի պետականության հիմքերը: Բոլոր ուժերը՝ ազգային թե դասակարգային, իրենց ծրագրերում, գործունեության մեջ պետք է ելնեն պետության հզորացման անհրաժեշտությունից, որովհետև վերջին հաշվով դրանից է կախված թե՛ ժողովրդի և թե՛ քաղաքական կազմակերպությունների հարատևման խնդիրը: Պետությունը վերկուսակցական, վերդասակարգային կազմակերպություն է, իշխանություններն ի-րենց բնույթով կարող են լինել կուսակցական կամ անկուսակցական: Պետությունը ժողովրդինն է, և երկրի բոլոր ուժերը պարտավոր են սրբորեն կատարել իրենց պարտականությունը:

— Որո՞նք են հայոց ազգային գաղափարախոսության ձևավորման աշխարհաքաղաքական գործոնները:

— ա) Թուրքական գործոնը

11-րդ դարի կեսերից միջինասիական թուրքական վաչկատուն ցեղերն սկսում են նվաճել Փոքր Ասիան և Հայոց Հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, այնուհետև շարժվում դեպի Եվրոպա ու Աֆրիկա: Եվրոպական քաղաքակրթությունը վտանգի տակ էր: Թուրքերը, զավթելով հսկայածավալ տարածքներ, նվաճած ժողովուրդների հայրենիքներում ստեղծելով հզոր կայսրություն, մշակեցին նոր ազգային գաղափարախոսություն, որն արմատապես տարբերվում էր Միջին Ասիայում նրանց ունեցած ազգային գաղափարախոսությունից:
Աշխարհաքաղաքական և պատմական նոր պայմաններում թուրքերի ազգային գաղափարախոսությունն ունեցել է զարգացման չորս փուլ, որոնք պատմության մեջ ստացել են հետևյալ անվանումները՝ օսմանիզմ, պանիսլամիզմ, թուրքիզմ և պանթուրքիզմ: Թուրքական ցեղերը, գրավելով Հայկական լեռնաշխարհը, հենց սկզբից պայքար են սկսում Հայոց Հայրենիքը սեփականացնելու, այնտեղ թուրքական պետություն ստեղծելու  համար: Ձևավորվում է Հայոց Հայրենիքը նվաճած թուրքական ցեղերի նոր ազգային գաղափարախոսությունը, որի հիմնական նպատակն այդ տարածքներում թուրքերի նոր հայրենիքի ստեղծումն էր: Ընդ որում, այդ նոր հայրենիքը ցանկանում էին ունենալ առանց այդ երկրի իսկական տերերի: Հայ ժողովուրդը կամ պետք է ձուլվեր, կամ արտագաղթեր, կամ էլ ֆիզիկապես ոչնչացվեր: Հայերի ձուլումը, մահմեդականացումը և արտագաղթը Օսմանյան կայսրությունում դարեր շարունակ կազմակերպված բնույթ են կրել:
Թուրքերի նոր ազգային գաղափարախոսության ռազմավարությունն ի սկզբանե հետապնդում է մեկ հիմնական նպատակ՝ էթնիկական և կրոնական միատարր թուրքական պետության ստեղծում. ժամանակի ընթացքում փոխվել է միայն այդ խնդրի իրականացման մարտավարությունը: 1860-70-ական թվականներին նոր օսմանները պաշտոնապես առաջ են քաշում օսմանիզմի հայեցակարգը, համաձայն որի Օսմանյան կայսրությունը հայտարարվում էր այնտեղ բնակվող բոլոր ժողովուրդների՝ մահմեդական և ոչ մահմեդական, «ընդհանուր հայրենիք»: Օսմանյան կայսրությունում, ըստ այդ գաղափարախոսության, գոյություն ուներ մեկ ազգ՝ օսմանցիները: Օսմանիզմի ծրագիրը կյանքի էր կոչվել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու, նվաճված ժողովուրդներին ձուլելու, նրանց ազգային-ազատագրական պայքարը կասեցնելու նպատակով:
Օսմանիզմի հայեցակարգը (ընդհանուր հայրենիքի և օսմանյան միասնական ազգի գաղափարներով) հետապնդում էր թուրքերի նվաճած տարածքներում օսմանյան կայսրության գոյությունը հավերժացնելու նպատակ: Սակայն ժամանակի ընթացքում պարզվեց, որ օսմանիզմի քաղաքականությունը չի կարող արգելակել ազգային-ազատագրական պայքարի այն հզոր ընթացքը, որ սկիզբ էր առել կայսրությունում:  Օսմանիզմի հայեցակարգը նոր պայմաններում քննություն չբռնեց: 19-րդ դարի կեսերից ծայր առած ազգային-ազատագրական պայքարի հզոր ալիքը ոչնչացնելու համար անհրաժեշտ էին հիմնահարցի լուծման ավելի արմատական միջոցներ: Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը պահպանելու համար պետք է մշակվեր ազգային քաղաքականության նոր հայեցակարգ: Այդպիսին դարձավ պանիսլամիզմը:
Պանիսլամիզմը կրոնական գաղափարախոսություն է, նպատակը՝ մի պետության մեջ համախմբել մահմեդական բոլոր ժողովուրդներին: Այն որդեգրվեց Աբդուլ Համիդի օրոք և դարձավ կայսրության ազգային-պետական քաղաքականությունը: Պանիսլամիզմը թուրքերի ազգային գաղափարախոսության՝ էթնիկ և կրոնական առումով միատարր թուրքական հզոր կայսրության ստեղծման, կրոնական շղարշով պատված տարբերակն էր: Պանիսլամիզմի նպատակն Օսմանյան կայսրության հզորացումն էր՝ տերության բոլոր մահ-մեդական երկրների ու ժողովուրդների ընդգրկմամբ, որը նույնպես, ի վերջո, պետք է հանգեցներ այդ տարբեր ժողովուրդների թուրքացմանը: Պանիսլամիզմն Օսմանյան կայսրության հզորացման ավելի մեծ հեռանկարներ էր ստեղծում, քան թուրքերի ազգային գաղափարախոսության որևէ տարբերակ: Սակայն  այս քաղաքականությունը ևս չբռնեց պատմության քննությունը: Պանիսլամիզմը պատրանքային, իրականությունից կտրված գաղափարախոսություն էր՝ ի սկզբանե դատապարտված անհաջողության:
Մտահոգված ստեղծված իրավիճակով՝ թուրք նոր սերնդի մտավորականության որոշ ներկայացուցիչներ Ռուսաստանի թաթարական շրջաններում և Թուրքիայում հանդես են գալիս ընդդեմ օսմանիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսությունների՝ հիմք դնելով մի նոր գաղափարախոսության, որը պատմության մեջ է մտել պանթուրքիզմ կամ պանթուրանիզմ անվանումներով: 1903 թ. Կահիրեի «Թյուրք» թերթում հրապարակվում է պանթուրքիզմի հիմնադիր և խոշորագույն գաղափարախոս Յուսուֆ Աքչուրայի «Երեք քաղաքական համակարգ» խորագրով ծրագրային ծավալուն հոդվածը, որտեղ, մերժելով օսմանիզմը և պանիսլամիզմը, պանթուրքիզմի հիմնադիրը թուրքերի նոր ազգային գաղափարախոսության կենսագործման ճանապարհին հիմնական հակառակորդ էր համարում ցարական կայսրությունը: Աքչուրան, բնականաբար, մի հոդվածի շրջանակներում չէր կարող խորությամբ ու բազմակողմանիությամբ շարադրել պանթուրքիզմի գաղափարախոսության բոլոր հիմնադրույթները: Այն լուծել է պանթուրքիզմի խոշոր տեսաբան Զիա Գեոկլապը իր «Թուրքիզմի հիմունքները» աշխատության մեջ:  Պանթուրքիզմը նա դիտում է որպես եռաստիճան համակարգ: Այնտեղ առանձնացված է թուրքիզմը՝ որպես թուրք ժողովրդի ազգային գաղափարախոսություն, և պանթուրքիզմը՝ որպես թուրքալեզու ժողովուրդների գաղափարախոսություն:
Համաձայն պանթուրքիզմի գաղափարախոսության՝ թուրքալեզու ժողովուրդների միավորումը մի պետության մեջ պետք է իրականացվեր եռաստիճան ծրագրով: «Պանթուրքիզմը,- գրել է Գեոկալփը,- գաղափարի մեծության տեսակետից կարելի է բաժանել երեք աստիճանի՝ թուրքիզմ, օղուզականություն կամ թուրքմենականություն և թուրանականություն»: Պանթուրքիզմի նպատակը թուրքական ռասայի ժողովուրդների միասնական պետության՝ Մեծ Թուրանի ստեղծումն է: Պանթուրքիզմի առաջին աստիճանը՝ թուրքիզմը, թուրքերի ազգային գաղափարախոսությունն է: Թուրքիզմը գաղափարախոսական հիմնադրույթների համակարգ է, որի նպատակը Թուրքիան էթնիկական միատարր պետություն դարձնելն էր և թուրքացնելը: Այդ գաղափարախոսության համաձայն՝ Թուրքիան պետք է մահմեդականացվեր, որը նշանակում էր քրիստոնյաների, առաջին հերթին, իհարկե, արևմտահայության ֆիզիկական ոչնչացում: Ըստ թուրքիզմի գաղափարախոսության՝ Թուրքիան առաջին հերթին միատարր պետք է դառնար կրոնական առումով և հետո միայն՝ ազգային: Այդ թեզից հետևում էր, որ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման ծրագիրը պետք է իրագործվեր երկու փուլով: Առաջին փուլում պետք է ոչնչացվեին Օսմանյան կայսրության ոչ մահմեդական, երկրորդ փուլում՝ ոչ թուրք մահմեդական ժողովուրդները:
Թուրքերի ազգային գաղափարախոսությունը պաշտոնական կամ ոչ պաշտոնական ձևով մշտապես եղել է պետական գաղափարախոսության հիմքում: Թուրքերի պետական քաղաքականությունը դարեր շարունակ ղեկավարվել է միայն ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրության, իսկ հետագայում՝ Թուրքիայի Հանրապետության բոլոր ղեկավարություններն ազգային հարցում վարել են նույն քաղաքականությունը: Այդ առումով տրամաբանական է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների աճյունները տասնամյակներ անց վերաթաղվում են Թուրքիայում: Թուրքական իշխանություններն արդարացնում են իրենց նախորդների ցեղասպանության քաղաքականությունը: Թուրքերի ազգային գաղափարախոսության առանցքը հողի և ժողովրդի գաղափարն է:

բ) Ռուսական գործոնը

18-րդ դարի վերջերին Ռուսաստանը գրավեց Սև ծովի հյուսիսային ափերը, իսկ 19-րդ դարի սկզբին՝ Անդրկովկասը՝ դառնալով այստեղ ամենահզոր գործոնը: Պարզվում է, որ այս տարածաշրջանում ոչ մի հիմնախնդիր չի կարող արմատական լուծում ստանալ առանց Ռուսաստանի մասնակցության: Պարսկաստանը, իրեն թողնելով Պարսկահայաստանը, տարածաշրջանի քաղաքական կյանքում անցնում է երկրորդ պլան: Հայաստանի համար մղվող պայքարի ասպարեզը մնում է Ռուսաստանին և Թուրքիային:  Արմատական տարբերություններ գոյություն ունեին Ռուսաստանի և Թուրքիայի գաղութային քաղաքականության միջև: Թուրքիան նվաճում և սեփականացնում էր այլ ժողովուրդների հայրենիքները, իսկ բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնում: Ռուսաստանը, ընդհակառակն, վարում էր ավանդական գաղութային քաղաքականություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Դրա հետ մեկտեղ նվաճված ժողովուրդները Ռուսաստանում ապահովում էին իրենց ֆիզիկական գոյությունը, համախմբումը, ազգային մշակույթի զարգացումը և այլն: Ահա՛ թե ինչու ռուսական տիրապետությունը հայոց պատմագրության մեջ բնութագրվում է որպես «չարյաց փոքրագույնը»: Այսպիսին է պատմության տրամաբանությունը: Ստեղծված պատմական իրավիճակում հայ ժողովուրդն այլընտրանք չունի: Նրա ռուսական կողմնորոշման անհրաժեշտությունը միանշանակ է: Ռուսական կայսրության և Հայաստանի պատմական ճակատագրերը միահյուսվել են: Հայ ժողովուրդը, իր ազգային գաղափարախոսության ռազմավարական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից ելնելով, մշտապես պետք է լինի Ռուսաստանի ռազմավարական ծրագրերի ոլորտներում, անկախ այն հանգամանքից, թե ինչ գույն ու ռեժիմ ունի այդ երկիրը: Ռուսաստանի ռազմավարական հաղթանակը պանթուրքիզմի դեմ նշանակում է հայոց ազգային գաղափարախոսության հաղթանակ, Անկախ և Միացյալ Հայաստանի ստեղծում:

գ) Քրդական գործոնը

Թուրքերն Արևմտյան Հայաստանը հայերից մաքրելու համար սկսեցին իրականացնել քրդերին Հայոց Հայրենիքում բնակեցնելու քաղաքականությունը: Այսպես կյանքի կոչվեց քրդական գործոնը, որը դարձավ իսկական աղետ հայ ժողովրդի համար: Նիկողայոս Ադոնցը գրում է. «Հայաստան քրդերի գաղթի սկիզբը գնում է Սելիմ 1-ինի ժամանակները, երբ Չալդրանի ճակատամարտից հետո՝ 1514 թվականին սուլթանը նվաճեց Հայաստանի մեծ մասը և նրա կառավարիչներ նշանակեց քրդերի, որոնք ֆեոդալական իրավունքներ ձեռք բերեցին զավթած, մասամբ էլ սուլթանի շնորհած հողերի վրա: 16-րդ դարի սկիզբը ականատես եղավ քրդական ցեղերի Հայաստան գաղթի խիստ մեծացմանը՝ թուրքական կառավարության աջակցությամբ: Ուժեղացնելով քրդական տարրը Հայաստանում, արաբականը՝ Սիրիայում և թուրքականը՝ Անատոլիայում, թուրքական կառավարությունը գիտակցաբար հետամուտ էր քրիստոնյայի վրա մուսուլմանական տիրապետությունը հաստատելու սկզբունքին»: Թուրքերը հասան իրենց նպատակին: Եթե 17-րդ դարում հայերը  Արևմտյան Հայաստանի բնակչության 98 տոկոսն էին, 20-րդ դարի սկզբներին այդ թիվն իջավ 39-ի: Հայերից ազատված տարածքները բնակեցվում էին թուրքերով և քրդերով: Թուրքերը և քրդերը հայերի դեմ գործում էին ձեռք-ձեռքի տված: Ավելին՝ եթե հայերի կոտորածներն ու ցեղասպանությունը ծրագրում էին թուրքերը, դրանք իրականացնում էին հիմնականում քրդերը: Հայոց պատմագրությունը տասնամյակներ շարունակ պաշտպանել է այն թեզը, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ քրդական դաշինքը դեռ չի կայացել, որովհետև քրդերը դեռևս չէին հասունացել և չէին հասել Օսմանյան կայսրության ընդդիմադիր ուժերի միացյալ ճակատի ստեղծման գաղափարին: Մինչդեռ հայ-քրդական դաշինքի չկայացման պատճառները բոլորովին այլ էին: Հարցն այն է, որ քրդերն ավելի հեռուն էին նայում, քան հայերը:  Հայ-քրդական դաշինքի դեպքում կազատագրվեր Արևմտյան Հայաստանը, և այդ տարածքում կստեղծվեր ոչ թե քրդական, այլ հայկական պետություն: Մի քանի հարյուր տարի ապրելով Արևմտյան Հայաստանում՝ քրդերն այն դիտում էին որպես սեփական հայրենիք: Եթե 19-րդ դարի վերջերին Արևմտյան Հայաստանն ուներ երեք պահանջատեր՝ հայը, թուրքը և քուրդը, ապա Հայոց ցեղասպանությունից հետո այդ տարածքում մնացին վերջին  երկուսը: Արցախյան շարժման տարիներին ևս Ադրբեջանի քրդերը չմիացան հայերի ազատագրական պայքարին, որի անհրաժեշտությունը թելադրվում էր նրանց ազգային շահերով: Ինչ վերաբերում է ՀՀ տարածքում բնակվող քրդերին, նրանք բավարարվեցին հիմնականում հայամետ կոչերով ու հայտարարություններով, որոնք ոչ մի գործնական նշանակություն չունեին: Քրդական գործոնը հայերի համար կարևոր նշանակություն ունի ոչ միայն այսօր, այլև ունենալու է ապագայում, քանի դեռ չի լուծվել Հայկական հարցը: Հայկական և Քրդական հարցերն առնչված են լինելու մշտապես:

դ) Ադրբեջանական գործոնը

Սա ինչ-որ չափով թուրքական գործոնի բաղկացուցիչ մասն է: Ադրբեջանական ազգ գոյություն չունի: Ադրբեջանցիները թուրքեր են, օղուզ թուրքմենական ցեղից: Մինչև 1918 թվականը նրանց անվանում էին «կովկասյան թաթարներ»: Պանթուրքիստները հենց այս իրողությունն են հիմք ընդունել օղուզական պետության ստեղծման համար, որի մեջ պետք է մտնեին թուրքմենական ցեղերով բնակեցված Թուրքիան, Ադրբեջանը, Թուրքմենիան և Իրանը:  Ռուսաստանի տիրապետության ներքո ադրբեջանցիները չէին կարող ինքնուրույն քաղաքականություն վարել, և նրանց հասարակական, քաղաքական և ազգային զարգացման միտումները մշտապես եղել են Թուրքիայի հասարակական, քաղաքական կյանքի անբաժան մասը: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը բացահայտորեն վերսկսեց պանթուրքիզմի քաղաքականության իրագործումը: Սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատվեցին Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Ադրբեջանը կրկին ձեռնամուխ եղավ հայկական կոտորածների կազմակերպմանը Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ վայրերում: Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ ջանքերով ՀՀ-ն շրջափակվեց: Նրանք ձգտում էին սովի ճիրաններում ոչնչացնել հայ ժողովրդին: Այդ քաղաքականությունը շարունակվում է մինչ օրս: Պանթուրքիզմը պայքարում է իր ծրագրերի իրականացման համար: Նավթի պաշարների առկայությունը մեծացնում է ադրբեջանական գործոնի դերը և դարձնում չափազանց վտանգավոր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծման գործում:

ե) Կրոնական գործոնը 

Թուրքիայի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները մինչ օրս շարունակում են նախկին քաղաքականությունը՝ ատելություն քարոզելով քրիստոնեական ժողովուրդների նկատմամբ, դրանում տեսնելով թուրքական ժողովուրդների համախմբման, պանթուրքիզմի իրականացման հիմնական երաշխիքներից մեկը: Հայաստանը քրիստոնեության ավանգարդն է, սահմանաբաժան գիծը, որից այն կողմ սկիզբ է առնում անծայրածիր մահմեդական աշխարհը: Հայաստանը փակում է պանթուրքիզմի իրականացման ճանապարհը: Իսկ Մեծ Թուրանի գաղափարն ունի ոչ միայն ազգային, այլև կրոնական բնույթ: Աշխարհի բոլոր մահմեդական թուրքերի միավորումը մի պետության մեջ նախ ազգային գաղափար է, ապա` կրոնական: Թուրքիայի կառավարողների ձեռքում իսլամը գործիք է եղել՝ իրենց քաղաքական և ազգային ծրագրերի իրականացման համար մղվող պայքարում: Դարերի ընթացքում մահմեդականների և քրիստոնյաների թշնամությունն այնպիսի բնույթ ընդունեց, որ ի վերջո իշխանությունների և իսլամի քաղաքականությունը քրիստոնյա ժողովուրդներին ոչնչացնելու, Թուրքիան թուրքացնելու և Մեծ Թուրան ստեղծելու գործում նույնացան:

զ) Վրացական գործոնը

Հայաստանը և Վրաստանը բնական դաշնակիցներ են՝ թելադրված պատմական ճակատագրով: Հայաստանի միակ քրիստոնյա հարևանը Վրաստանն է: Հայաստանը և Վրաստանը քրիստոնեական աշխարհի դրոշակակիրներն են: Երկու ժողովուրդներն էլ նույն արտաքին թշնամիներից տուժել են դաժանորեն: Այս երկու երկրների աշխարհագրական դիրքը, ռազմավարական խնդիրները պատմության ընթացքում հարկադրել են ստեղծել միասնական ճակատ՝ արտաքին թշնամիներին դիմակայելու համար: Մանավանդ որ մեկի պարտությունը շատ հաճախ հանգեցնում էր մյուսի պարտությանը: Օսմանյան կայսրության ստեղծումից հետո Անդրկովկասի համար թուրք-պարսկական մրցակցության ժամանակաշրջանում Վրաստանը դարեր շարունակ վարել է մի քաղաքականություն, որի հիմքում դրվել էին վրաց ժողովրդի ազգային գաղափարախոսությունից բխող սկզբունքները:  Եղել են նաև ժամանակներ, երբ, օգտագործելով Հայաստանի համար ստեղծված ծանր իրավիճակը՝ անկախության կորուստը, վրացիները նվաճել են հայկական տարածքները և մտցրել վրացական թագավորության կազմի մեջ: Իսկ ավելի ուշ՝ Վրաստանը գրավել է Ջավախքը և Լոռին: Այսօր Լոռին ազատագրված է, իսկ Ջավախքը դեռևս Վրաստանի կազմում է:  Վրացիները թուրք-հայկական հակամարտությունների հարցում մշտապես չափազանց զգույշ քաղաքականություն էին վարում: Այդուհանդերձ Հայաստանը և Վրաստանն ունեն պատմական ճակատագրի և ռազմավարական շահերի ընդհանրություն, այդ պատճառով էլ հայ ժողովուրդը վրաց ժողովրդի հետ մշտապես պետք է պահպանի բարիդրացիական, բարեկամական հարաբերություններ:

է) Պարսկական գործոնը

Վերջինս դարեր շարունակ բախտորոշ դեր է կատարել Հայաստանի պատմական ճակատագրում: Անկախությունը կորցնելուց ի վեր Հայաստանը երկար ժամանակ կռվախնձոր էր Պարսկաստանի և Թուրքիայի միջև: Ի վերջո 1639 թ. պայմանագրով Արևելյան Հայաստանն անցնում է Պարսկաստանին, իսկ Արևմտյանը՝ Թուրքիային: Սակայն շուտով այս տարածաշրջանում իր նվաճողական ծրագրերով հայտնվում է ցարական Ռուսաստանը, որը պայքարում էր ողջ Հայաստանը նվաճելու համար: 1828 թ. Ռուսաստանը նվաճում է Արևելյան Հայաստանը: Պարսկաստանի տիրապետության տակ մնում է հայկական տարածքների մի մասը, որը պատմության մեջ մնացել է Պարսկահայաստան անվանումով: Որոշ անհաջող փորձերից հետո Պարսկաստանը հաշտվեց Արևելյան Հայաստանի կորստի հետ: Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանը, որի սկիզբը Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումն է, նշանավորվել է հայ-պարսկական ջերմ հարաբերություններով, որոնք շարունակվում են մինչև մեր օրերը:

ը) Արևմտյան գործոնը

Արևմտյան տերությունները, որոնք Օսմանյան կայսրության հզորության շրջանում լարել էին բոլոր ուժերը՝ եվրոպական քաղաքակրթությունը թուրքերից փրկելու համար, այդ վտանգն անցնելուց, Արևելյան հարցի առաջխաղացումից հետո, լայն գործունեություն ծավալեցին Թուրքիան մասնատելու, «հիվանդ մարդու» ժառանգությանը տիրանալու համար: Արևելյան հարցը մեծ տերություններն օգտագործել են Թուրքիայի ներքին գործերին խառնվելու, նրանից տարածքներ գրավելու համար: Ներքին տարաձայնություններով ու հակասություններով հանդերձ՝ Արևելյան և նրա բաղկացուցիչ մասը հանդիսացող Հայկական հարցում մեծ տերությունները բաժանված էին երկու խմբի. մի  կողմում արևմտյան տերություններն էին, մյուսում՝ Ռուսաստանը: Առաջացող տարաձայնությունների ու հակոտնյա շահերի ոլորտներում մյուս տերությունների դերերը վճռորոշ չէին: Թուրքիան դառնում է ԱՄՆ-ի հենարանը և դաշնակիցը, իսկ անկախ հռչակվելուց հետո Հայաստանը դառնում է ՌԴ-ի ռազմավարական բազան և գործընկերը: Պատմության արդի փուլում աշխարհը դարձել է միակենտրոն, ԽՍՀՄ-ը փլուզվել է, ԱՄՆ-ն ստանձնել է միջազգային ժանդարմի դերը: Համաշխարհային խնդիրները լուծում է ոչ թե ՄԱԿ-ը, այլ ՆԱՏՕ-ն: ԱՄՆ-ը թելադրում է իր կամքը, Եվրոպան առայժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի կամակատարի դերում: Ռուսաստանն ընդդիմադիր է, բայց թույլ: Դա չի նշանակում, թե ՌԴ-ն հաշտվել է իր վիճակի հետ: Նա իր վճռական դերն ունի խաղալու աշխարհաքաղաքական հիմնախնդիրների լուծման գործում: Ռուսաստանը, դադարելով լինել մոլորակի երկրորդ բևեռը, չի դադարել աշխարհի ուժեղագույն պետություններից մեկը լինելուց: Արդի զարգացումները տանում են դեպի երկբևեռ ղեկավարության վերականգնում՝ Ռուսաստանի մասնակցությամբ:

թ) «Արևելյան հարցի» գործոնը

Սևր և Լոզան 1683 թվականին Վիեննայի անհաջող պաշարումով ավարտվեց Օսմանյան կայսրության վերելքի ժամանակաշրջանը և սկսվեց Թուրքիայի ռազմական հզորության մայրամուտը: Առաջացավ Արևելյան հարցը՝ որպես Օսմանյան կայսրության նվաճած ժողովուրդների ազատության հարց: Հենց այդ պատճառով էլ Հայկական հարցը համարվում է Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը: Սան-Ստեֆանոյում և Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը միջազգայնացվեց: Եթե մի կողմից դրական պետք է դիտվի միջազգայնացումը, որով նա դադարում էր Թուրքիայի ներքին հարց լինելուց, ապա մյուս կողմից էլ խիստ բացասական էր այն հանգամանքը, որ Հայկական հարցը խճճվեց մեծ տերությունների տարաձայնությունների ու շահերի բախման բազմածալք ոլորտներում:  Արևելյան հարցը, համաձայն արևմտյան պատմագրության, լուծվել է 1923 թվականին՝ Լոզանի կոնֆերանսով և Թուրքիայի Հանրապետության հռչակմամբ: Այդ տեսակետը, սակայն, գիտական առումով չի կարելի ճիշտ համարել: Արևելյան հարցը լուծված են համարում իրար հետ լեզու գտած մեծ տերությունները և Թուրքիան: Բայց չէ՞ որ 1920 թ. օգոստոսին հենց նույն մեծ տերություններն Արևելյան հարցի լուծում էին համարում Սևրի պայմանագիրը: Իսկ Սևրը մնաց թղթի վրա: Նշանակում է` չլուծվեց նաև Արևելյան հարցը:

— Որո՞նք են հայոց ազգային գաղափարախոսության նպատակները և առանցքը:

— Հայոց ազգային գաղափարախոսության նպատակը հայ ժողո-վըրդի գոյապահպանումն է ու բնականոն զարգացումը: Ազգի գոյապահպանման առաջին հիմնապայմանն անկախ, ամբողջական հայրենիքի առկայությունն է, երկրորդը՝ անկախ պետականության առկայությունը, երրորդը՝ ազգային մշակույթի համակարգի առկայությունը. ազգային մշակույթն ազգային դաստիարակության հիմնական լծակն է: Առանց ազգի հայրենիք չկա, առանց հայրենիքի՝ ազգ: Հայրենիքի բովանդակությունը հողն է, ձևը՝ ազգային մշակույթը: Առանց ազգային մշակույթի ազգային Հայրենիք չկա: Հողն ազգերի հայրենիք է դառնում ազգային մշակույթով: Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ձեռք է բերել իր ինքնությունը, ազգային դիմագիծը, բնավորությունը, մշակույթը, որոնք պայմանավորված են Հայաստանի բնակլիմայական և աշխարհաքաղաքական պայմաններով ու առանձնահատկություններով:  Հայ ժողովուրդն ունի մեկ Հայրենիք՝ Հայկական լեռնաշխարհը, որի տարբեր մասերը բռնազավթել են այլ պետություններ: Հետևա-աբար հայոց ազգային գաղափարախոսության հիմնական նպատակը Հայրենիքի կորցրած տարածքների ազատագրումն է: Հայ ժողովուրդը, եթե կամենում է գոյատևել, պարտավոր է ազգի, հայրենիքի, մշակույթի և անկախ պետականության գաղափարները դարձնել ազգային դաստիարակության առանցք: Հրաժարումն այդ գաղափարների քարոզչությունից համազոր է ինքնասպանության: Ժողովուրդը պետք է նույնանա իր հայրենիքի հետ: Անկախ հայրենիքը և պետականությունը պետք է լինեն յուրաքանչյուր հայի բարձրագույն գաղափարը: Հայը Հայրենիքից կտրվելը պետք է համարի ողբերգություն: Ապրում և գոյատևում են այն ժողովուրդները, որոնք անձնազոհաբար պայքարում են իրենց հայրենիքի անկախության համար: Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես հայի, կործանման սկիզբը:  Հայրենիքը հավերժ ազգային-պատմական կատեգորիա է: Սերունդների պայքարով է ապահովվում ազգի և հայրենիքի հավերժությունը: Հայրենասիրության մարումն անխուսափելիորեն հանգեցնում է հայրենիքի և ազգի ոչնչացմանը: Հայրենիքն առանց արյան և զոհաբերության չի պահվում: Հայրենիքը դարերի ընթացքում ժողովրդի թափած արյամբ է սրբագործվում, հողը հերոսների արյունով է դառնում հայրենիք: Ժողովուրդը և պետությունը մշտապես պետք է բարձր մակարդակով վարեն ազգի և հայրենիքի գաղափարների քարոզչությունը, մշտապես թարմ պահեն ժողովրդի պատմական հիշողությունը: Ազգի և հայրենիքի գաղափարների քարոզչության գործում խոշոր դեր կարող են խաղալ Գարեգին Նժդեհի մոտեցումները, ազգային գաղափարախոսության հիմնադրույթները, որոնցից կարևորներն են՝

ա) «Ժողովուրդն է մեր ժամանակների աստվածությունը»:

բ) «Հայ էությունը մշակելու գործում ազդեցության առյուծի բաժինը ընկել է հայոց լեռներին: Մասիսն է դայակը հայ հոգու»:

գ) «Հայ ժողովուրդը — դա Անթեյն է առասպելական: Պարտվում է նա, հենց որ կտրվեց հողից: Իսկ այդ վերջինը — հայրենի հողը — խորհրդանշում է կուլտուր-ազգային բոլոր արժեքներն ու ու սըրբությունները, որ ստեղծել է ինքը՝ հայ ժողովուրդը»:

դ) «Նա (հայրենիքը — Լ. Խ.) ծնվեց մարդու առաջին մտածումի հետ՝ թե սուրբ է հայրենի հողը: Նա ստեղծվեց այն օրը, երբ մարդը առաջին անգամ լինելով, գիտակցորեն ու ժպտադեմ մեռավ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա է դառնում այն հոգևոր արժեքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Երկիրը — դա Հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը — այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը»:

ե) «Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը՝ ահա՛ Հայրենիքը՝ իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդույթների հետ»:

զ) «Իբրև հասկացողություն՝ Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլև գալիքը: Դա ժողովրդի պատմական առաքելությունն է ըստ իր վախճանական նպատակի. զարգացող մի հավերժություն է Հայրենիքը: Դա եկող ու անցյալ սերունդների անմահությունն է, որն իբրև գաղափար և գործ ժողովուրդը դրոշմում է նյութի վրա, խոսքի մեջ և այն ապրեցնում իբրև անմեռ հուշ, իբրև պատմություն»:

է) «Մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը»:

ը) «Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը. դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:Արժանի չես Հայրենիքիդ, եթե այն չես դավանում իբրև գերագույն նպատակ, իսկ անձդ՝ իբրև միջոց»:

թ) «Ի մի բան՝ Հայրենիք ստեղծել՝ նշանակում է հարազատել երկիրը և հարազատանալ նրան: Այսպիսով ահա նույնանում են ժողովրդի ոգին ու Հայրենիքը: Սրանց դարավոր փոխներգործության արգասիք է Հայրենիքը»:

ժ) «Զատեցեք նախահայրերի աճյունը հայրենի հողից, և դուք կունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ոչ Հայրենիք»:

ժա) Նժդեհի՝ իր իսկ գրած տապանագրում, որպես կտակ, որպես կոչ ապագա սերունդներին, ասվում է. «Հանգիստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզման… Եվ պիտի հանգչեն… Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները — Մասիս, Նեմրութ և Սիփան, իրար ձայն տան, կանչեն ցնծագին՝ «Հե՜յ, հե՜յ, էլի հայունն ենք, էլի հայ, էլի Հայաստան…» »:

ժբ) Ելնելով ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից և մասնավորապես արդեն հիշատակված դրույթներից Նժդեհը հանգում է հետևյալ եզրակացությանը. «ԱՄԵՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԻՐ ՈՒՍԵՐԻ ՎՐԱ Է ԿՐՈՒՄ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ԲԱԽՏԻ ԲԵՌԸ»:

Այս թեզից հետևում է. բոլոր ժողովուրդները, որպես կանոն, ապրում և պայքարում են ազգային գաղափարախոսության չլուծված հիմնախնդիրների իրականացման համար:  Ոչ մի ժողովուրդ կամովին չի հրաժարվում իր պատմական իրավունքներից: Պատմության բեռից հրաժարվում են ապազգային ուժերը և պարտվողականները:

հayagitaran.am/2014/08/id-4634.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail